Մի` կոալիցիա մտնելու պատմություն

Մի` կոալիցիա մտնելու պատմություն

Ֆիլմ նկարահանելու ակամա ցանկություն է առաջանում մեջդ, երբ կարդում ես զանազան «Առաջին» am-ների հոդվածներն այն մասին, թե ինչպես է ՀՅԴ-ն մտնում կոալիցիա: Օրերս մի բան էլ էին գրել: Իբր ՀՅԴ-ն գնացել է նախագահական, նախագահից պորտֆել խնդրել, իսկ նախագահը մերժել է: Լրջության մասին, իհարկե խոսք չկա: Ամեն ինչ կառուցված է «մեր տեղեկություններ»-ի վրա, իսկ իրանց տեղեկությունները «Ոսկի ցլիկ» հանրահայտ ֆիլմից են, ուրիշ` ոչինչ: Ինչո՞ւ հենց «Ոսկի ցլիկ» ֆիլմից, որովհետև, եթե Սերժ Սարգսյան- ՀՅԴ այդ հանդիպման մասին «Առաջին լրատվականի» պատմությունը պրոյեկտենք հայկինոյի գոհարների վրա, ամենահարմարը «Ոսկի ցլիկն» է, որտեղ մի բան ուզում են, բայց չեն տալիս, իսկ եթե տալիս էլ են, ապա` զոռով-շառով:



Եվ ուրեմն, ըստ «Առաջին լրատվականի»` ՀՅԴ-ն գնացել էր նախագահական` Սերժ Սարգսյանից պորտֆել ուզելու: Ներողություն խնդրելով ընթերցողից` ասեմ, որ ստիպված ենք եղել որոշ պերսոնաժներ հրավիրել «Ոսկի ցլիկ»-ից, որպեսզի պատկերը կատարյալ լինի:
Երբ դաշնակցականները ներս են մտել նախագահի աշխատասենյակ, այնտեղ է եղել նաև Հովիկ Աբրահամյանը, ով ուզեցել է դուրս գալ, բայց Սերժ Սարգսյանը չի թողել, սպասիր` ասել է:



Սովորական բարև-բարիլույսից հետո Սերժ Սարգսյանը հարցրել է` հը, ինչո՞ւ եք եկել:



-Պարոն նախագահ, եկել ենք, որ մեզ մի պորտֆել տաք:



Նախագահն ու վարչապետը նայել են իրար` թե էս ի՞նչ նոր բան է: Նախագահը, սակայն, իսկույն տիրապետել է իրեն ու խոսակցությունը այլ հունով տարել.



-Նստեք, նստեք, իմ նստավայր եկողը մինչև չմոռանա, թե ինչու է եկել, չի գնա… Ռիտա~, Ռիտա ջան, մի էն մեր արաղից բեր, որ այս դաշնակցականները իմանան, որ խմելու հարցում էլ ՀՀԿ-ին չեն հասնի…



-Պարոն նախագահ, մենք ախր լուրջ հարցով ենք եկել,- ասել են դաշնակցականները,- սա էլ` դիմումը, խնդրում ենք Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կիսել և կեսը մեզ տալ…



Այստեղ նախագահը լրջացել է.



-Էյ հե~յ, որ ամեն դիմում գրողի մի նախարարություն տամ, բա ե՞ս ում դիմում գրեմ, ճիշտ չեմ ասո՞ւմ, Հովիկ:



Վարչապետը գլխով է անում:



-Ըհը…



-Բայց մենք տարածքային նախարարությունը լավ կաշխատացնենք, նրա համար հատուկ պայմաններ կստեղծենք, լավ կադրեր ունենք,- իրենցն են պնդել դաշնակցականները:



-Ես ձեր պայմանները լավ գիտեմ, թառլան նախարարությունը կտանեք, կաշին ու կոտոշները հետ կբերեք:



-Մենք ամբողջը չենք ուզում, ընդամենը կեսը:



-Ո՞նց թե կեսը: Էդ փայ եք մտնո՞ւմ: Ամբողջ աշխարհի հետ Սաշիկն է փայ մտնում, դուք եկել ուզում եք ինձ հետ փայ մտնե՞լ: Չեմ տա…



Այդ պահին կողքի սենյակից աղմուկ է լսվում: Սերժ Սարգսյանը գնում է, որ տեսնի` ինչ կա: Իսկ այնտեղ տիկին Ռիտան հավաքում է իրերը, որ հեռանա նախագահականից:



-Էս ի՞նչ է, Ռիտա ջան:



-Ուրեմն ամեն արժող-չարժողի պորտֆել կտաս, իսկ ՀՅԴ-ին չես տա՞:



-Չեմ տա:



-Կտաս:



-Չեմ տա…



-Կտաս, Սերժիկ տղա, մոռացե՞լ ես, որ ԲՀԿ-ն Լևոնի հետ ուզում էր մեզ թախտից գցել, ղաչաղ էիր դարձել, սարերն ընկնել, էլի ՀՅԴ-ն բարիշացրեց:



-Վայ, էսպես էլ բայղուշ կնի՞կ…



-Կտաս, ասում եմ,- իրենն է պնդում տիկին Ռիտան ու մատանին հանում…



Էս որ տեսնում է, Սերժ Սարգսյանը գլուխն ափերի մեջ է առնում ու ճարահատ հայտաարում.



-Տալիս եմ, տա-լի-սեմ… պրծա՞նք…



«Տալիս եմ» ասելով` վերադառնում է աշխատասենյակ ու Հովիկ Աբրահամյանին կարգադրում:



-Տուր…



-Հովիկը թեքվում է նրա ականջին.



-Ուրեմն տա՞մ…



Այդ պահին օղու շիշն ու բաժակները սկուտեղի վրա դրած` ներս է մտնում տիկին Ռիտան և կանգնում Սերժի և Հովիկի գլխավերևում, ականջ կախում…



-Տուր, իհարկե, տուր, բա էլ ո՞ր օրվա գործընկերներն ենք,- ասում է Սերժն ու սեղմում Հովիկի ոտքը…



Ահա այսպիսի բաներ են տեղի ունեցել նախագահականում` ըստ «Առաջին լրատվականի» տեղեկությունների: Ճիշտն ու սուտն էլ իրենք գիտեն: Գրել էին, որ իբր Սերժ Սարգսյանը շատ խուճուճ հաշվարկներ է արել ու որոշել մերժել բոլոր պորտֆել ուզողներին: Սա էլ` մատից ծծելով են գրել, որովհետև երբեք ոչ ոք չգիտի թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը: Դրանից օգտվելով էլ «Առաջին լրատվականը» յուր ռոմանտիզմը իջեցրել է ռեալիստական հարթություն, որից ստացվել է այն, ինչ քիչ առաջ պատմեցինք:



Հաջողություն կոալիցիա մտնողների աշխատանքներին, իսկ «Առաջին լրատվականին»` հետագա գլուխգործոցներ` հեռու պրիմիտիվիզմից:



Էդիկ Անդրեասյան