Լրագրողները բողոքի ակցիա կանեն՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավորի

Լրագրողները բողոքի ակցիա կանեն՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավորի

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհերն Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի վարքը կրկին դարձել է քննարկման առարկա։ Անցյալ շաբաթ ԱԺ արտահերթ նիստի օրը նա, խմբված լրագրողներին տեսնելով, անվանել էր նախիր, ինչը լսել էր լրագրողներից մեկը։ Երբ հարցրել էր՝ մե՞զ ասացիք, Սեդրակյանը բորբոքվել էր, սկսել հայհոյել ու վիրավորական բնույթի արտահայտություններ տեղալ լրագրողների հասցեին։



Երեկ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք էին կազմակերպել՝ առաջարկելով ԱԺ խմբակցություններին եւ անհատ պատգամավորներին դատապարտել ՀՀԿ-ական պատգամավորի կեցվածքը։ Նա, ի դեպ, առաջին անգամ չէ նման վարքով աչքի ընկնում։ Ժամանակին էլ լրագրող Մհեր Արշակյանին սպառնացել էր «չանեն պոկել» եւ հայտնվել ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովում։ Հանձնաժողովի «դատավճիռը», սակայն, լրագրողներին վիրավորելու սեր ունեցող պատգամավորի համար զսպաշապիկ չհանդիսացավ։ Նա շարունակում է նույն պահվածքով աչքի ընկնել, ինչը հարազատ կուսակցությունում թեպետ չեն ողջունում, բայց քայլեր էլ չեն ձեռնարկում իրենց կուսակցին «դարձի բերելու» համար։



Ստորագրահավաքին երեկ միացան մի քանի տասնյակ լրագրողներ եւ մի քանի պատգամավոր։ Նրանք ընդդիմադիր թեւից էին՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը։ Նրանք բոլորն էլ թե նիստերի դահլիճում, թե լրագրողների հետ հարցազրույցներում հրապարակավ դատապարտեցին պատգամավորների կողմից նմանօրինակ դրսեւորումներն ու այս դեպքում, մասնավորապես, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի պահվածքը։ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ իրենք միանշանակ դատապարտում են լրագրողների հանդեպ նման պահվածքը՝ անկախ նրանից, թե տվյալ լրագրողի կատարած աշխատանքն իրենց քիմքին հաճո է, թե ոչ, եւ խոստացավ, որ հայտարարությամբ հանդես կգան։ Լրագրողների հետ զրույցում դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլինար Վարդանյանը։ Դատապարտող այս հայտարարություններին միացան նաեւ որոշ հանրապետականներ, բայց օդի մեջ, անորոշ ձեւով։ Օրինակ՝ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, արձագանքելով Փաշինյանի ելույթին, իբրեւ թե ակնարկներով լի խոսք հնչեցրեց. «Մենք եւս դատապարտում ենք, պարոն Փաշինյան, եւ, միանալով Ձեզ, ուզում ենք կոչ անել, որ բոլորս եւ այս դահլիճում, եւ այս դահլիճից դուրս, ոչ միայն պատգամավորները, լրագրողների հետ շփվելիս, այլեւ լրագրողները շփվելիս պատգամավորների հետ, այլեւ բոլորը, ովքեր մասնակցում են պառլամենտական, քաղաքական գործընթացներին, իրար հետ շփվելիս պահպանեն էթիկայի կանոնները։ Սա ընդհանուր կանոն է բոլորի համար»։ Նախկին լրագրող, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ անընդունելի համարեց լրագրողների հանդեպ պատգամավորների կողմից նմանօրինակ պահվածքը, սակայն ստորագրահավաքին չմիացավ։



Այսօր լրագրողները պատրաստվում են նաեւ բողոքի ակցիա իրականացնել ԱԺ դարպասների մոտ, հնարավոր է՝ նաեւ ԱԺ դահլիճի մոտ։ Ստորագրահավաքին միացած պատգամավորներից, սակայն, ոչ բոլորը կմասնակցեն այդ ակցիային։ Թե ինչ արդյունք կտան այս քայլերը, եւ որքանով կզգաստանան ՀՀԿ-ական «քֆուրչի» պատգամավորները, դժվար է ասել, միակ օգուտն այն է, որ նման դեպքերը հերթական անգամ ցույց են տալիս տվյալ կուսակցության ցածր արժեքներն ու որակը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ