ՕԵԿ-ի «վերածնունդին» ոմանք լուրջ, ոմանք էլ անլուրջ են վերաբերվում

ՕԵԿ-ի «վերածնունդին» ոմանք լուրջ, ոմանք էլ անլուրջ են վերաբերվում

Կիրակի օրը համալիրի ցուրտ դահլիճում իր շռնդալից մուտքն ազդարարեց «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորումը։ Այն ՕԵԿ-ի հիմքի վրա ստեղծված կազմակերպություն է, որին անդամակցում է շուրջ 150 հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Դրանցից որոշները հասարակությանը մինչ այդ հայտնի չէին, օրինակ՝ «Հայկանդուխտը», «Սուրբ Սանդուխտը», «Մարիամը», «Լինենք բարին», «Արծվաբույն Զեյթունը» եւ նմանատիպ այլ էկզոտիկ-հայրենասիրական անվանումներով ՀԿ-ներ ու կուսակցություններ, որոնք հավակնում են հաջորդ ընտրություններում հանդես գալ ընդդիմադիր գաղափարներով ու սկզբունքային դիրքորոշմամբ։ Սակայն նորաստեղծ միավորմանը խորհրդարանի մի շարք պատգամավորներ լուրջ չեն վերաբերվում։ Չնայած՝ այնպես չէ, որ իրենք ավելի կուռ շարքեր ունեն եւ ավելի սկզբունքային դիրքորոշում։



«Լուրջ հարց չկա՞, տաս»,-նեղսրտեց ԱԺ անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, որի կուսակցությունն այս ընթացքում բազում դեֆորմացիաների է ենթարկվել, սակայն այսօր կրկին հավակնում է 2017-ի խորհրդարանում տեղ զբաղեցնել։ Երբ խնդրեցինք լուրջ պատասխանել մեր հարցին, ասաց․ «Անկեղծ եմ ասում, տեղեկացված չեմ, քաղաքում չեմ եղել, չեմ լսել Արթուր Բաղդասարյանի ելույթը»։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է, արդյոք, միանալ «Հայկական վերածնունդին», Քոքոբելյանն ասաց․ «Առնվազն անլուրջ եմ համարում այդ հարցը»։ Բայց իրենք պատրաստվում են լուրջ հայտ ներկայացնել ընդդիմադիր դաշտում, արդյոք իրենց մրցակից համարո՞ւմ է ՕԵԿ-ի ստեղծած այս նոր ուժին։ «Երբեւիցե, քաղաքական որեւիցե ժամանակաշրջանում «Օրինաց երկիր» քաղաքական ուժը եւ այն քաղաքական ուժը, որում ես եղել եմ, մրցակից չեն եղել»։



ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանն էլ մեր հարցը լսելուն պես արձագանքեց, թե անլուրջ է, ապա լրջացավ․ «Ողջունում եմ, լավ է, շատ լավ է»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որոշեց այս թեմայով անեկդոտ պատմել՝ կապված 150 կազմակերպությունների միավորման հետ․ «Մի բիձա մարդ գալիս ա բժշկի մոտ ու ասում ա՝ «էն հարցով» մոտս էդքան էլ ուժեղ չեմ, բայց ընկերս ինձնից մեծ ա, ու ինքն ասում ա՝ ինձնից լավ ա էդ գործում։ Բժիշկն էլ ասում ա՝ է, դու էլ ասա։ Հիմա եթե ասելով ա․․․»։



ԲՀԿ խմբակցության պատգամավոր հանդիսացող, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն ընդդիմադիրներից թերեւս միակն էր, որ փորձեց լուրջ պատասխան տալ․ «Ես գրեթե միշտ կարեւորել եմ ՀՀ-ում, ընդդիմադիր տիրույթում գործող քաղաքական ուժերի կողմից վարվող քաղաքական կուրսը, եթե այն ընդդիմադիր է։ Հետեւաբար, ես իրավունք չունեմ, որպես ընդդիմադիր գործիչ, որեւէ այլ կերպ դիտարկել ընդդիմադիր տիրույթում գործող քաղաքական ուժերին»։



Հետո Ուրիխանյանը որոշեց մի փոքր յուրահատկություն հաղորդել իր ասելիքին․ «Ես այդտեղ դիտարկում եմ որպես «Օրինաց երկրի» գոյությունը, երեւույթը, գործունեությունը»։



ՕԵԿ նախկին անդամ, հետո ՄԻԱԿ-ական, այժմ ՀՀԿ անդամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ ցանկացած քաղաքացի, կուսակցություն ունի իրավունք հայտ ներկայացնելու։ «Եվ որքան շատ լինի քաղաքական մրցակցությունը, նաեւ գալիք ընտրություններում, այդքան հասարակությունը կունենա հնարավորություն՝ գիտակցված եւ տեղեկացված ընտրություն կատարելու»։ Նա նշեց, որ սովորաբար ինքը յուրաքանչյուր քաղաքական միավորի վերաբերվում է լուրջ։ Նախկին ՕԵԿ-ականը բարի երթ մաղթեց ՕԵԿ-ի բազայի վրա ստեղծված նորաստեղծ քաղաքական միավորին։



ՀՀԿ-ական կին պատգամավորներից Մարգարիտ Եսայանն էլ ողջունեց ՀՀ-ում տարբեր կուսակցությունների, ՀԿ-ների միավորումներն ու միաձուլումները։ «Որովհետեւ Դուք շատ լավ գիտեք, որ մեր արդարադատության նախարարությունում անթիվ-անհամար կուսակցություններ են գրանցված, որոնց մի մասի դերն ու նշանակությունը, անկեղծ ասած, ինձ համար պարզ չի եղել»,-ասաց միավորման ջատագով պատգամավորը։



Իսկ վտանգ զգո՞ւմ է «Հայկական վերածնունդից», որպես ՀՀԿ-ին ձեռնոց նետող ընդդիմադիր քաղաքական ուժի, տիկին Եսայանն ասաց, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որ ընդդիմադիր ուժերից վտանգ չի զգում․ «Ես հարգում եմ ընդդիմադիր ուժերին եւ կարծում եմ, որ Հայաստանի դեմոկրատացման ճանապարհին ընդդիմադիր ուժերն օդ ու ջրի պես անհրաժեշտ են»։ Նա նաեւ նշեց, որ, իր կարծիքով, Արթուր Բաղդասարյանն այն քաղաքական գործիչն է, որ կկարողանա ստեղծել հերթական տեսանելի քաղաքական միավորը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ