Կոալիցիայի պտուղները խակ-խակ պետք չէ քաղել

Կոալիցիայի պտուղները խակ-խակ պետք չէ քաղել

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի պտուղները ե՞րբ կարելի է քաղել, արդյոք կա՞ հստակ ծրագիր, որ որոշակի ժամկետում հանրությունը կտեսնի այդ կոալիցիայի՝ ենթադրաբար դրական պտուղներն ու չի փոշմանի այդ համագործակցությունից։



Մենք բազմիցս նշել ենք, որ սա երկարատև համագործակցության համաձայնագիր է, հետևաբար ինձ թվում է՝ պտուղները դեռ խակ-խակ քաղել պետք չէ, դրանք դեռ պետք է հասունանան, և ժամանակի ընթացքում, աստիճանաբար մեր հանրությունը դրանք կտեսնի։
Այսինքն՝ ամու՞լ չէ այդ ծառը, պտուղներ կլինե՞ն ցանկացած դեպքում։



«Բնականաբար այնքան մանրակրկիտ քննարկումներ են կազմակերպել, և մեր տրամադրվածությունն այնպիսին է, նաև մյուս քաղաքական ուժերի տրամադրվածությունը, որ այս դրական արդյունքները դուք՝ բոլորդ և հանրությունը ականատես կլինեք»,-ասաց նա։
Մեր մյուս հարցին, թե արդյոք որևէ կերպ կփոխհատուցվեն իրենց պաշտոնները դաշնակցականներին զիջած նախարարներն ու մարզպետները, նրանց այլ պաշտոն կտրվի՞, Բաղդասարյանն ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել։ Ըստ նրա՝ այդ անձինք կարող մարդիկ են, և նրանց կլինեն առաջարկություններ տարբեր ոլորտներում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ