558 չվերթի ուղևորները փոխում են թռիչքի ժամը

558 չվերթի ուղևորները փոխում են թռիչքի ժամը

Մեր տեղեկություներով` 558 չվերթի ուղևորների շրջանում խուճապ է, և նրանք խուսափում են թռչել VIM airlines ընկերության ինքնաթիռով, որը պետք է Երևանից մեկնի 20.40։ Ուղևորները փոխում են թռիչքի ժամը։ Սակայն ինքնաթիռն այս դեռ չի ժամանել Երևան։ Հիշեցնենք, որ իրավապահները տեղեկություն էն ստացել, որ ինքնաթիռը պայթելու է և առավոտից ստուգումներ են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։ Դեպի Մոսկվա իրականացվող չվերթների տոմսերի մոտ 30 տոկոսը վաճառող «Ավիատրանս» գործակալության տնօրեն Տիգրան Աչոյանը վստահեցնում է, որ 20.40-ին Երևանից Մոսկվա ուղևորվող 558  չվերթի ուղևորների շրջանում խուճապ չկա, և որ տոմսերի վերադարձը եղել է «նորմայի մեջ»։ Այնուամենայնիվ, մարդիկ վերադարձնում են տոմսերը, թե՞ ոչ։ Մեր այս հարցին Տիգրան Աչոյանը պատասխանեց․ «Վերադարձված տոմսեր միշտ էլ լինում են։ Կարող եմ ասել, որ նորմայից շեղված որևէ ցուցանիշ չկա։ Կարող է, մեկ- երկու ժամկետի փոփոխություններ տեղի ունեցած լինեն»։ Ըստ «ավիատրանսի» տնօրենի` ահազանգը կարող է մի հոգեկան հիվանդի հայտարարություն լինել, իսկ այս ամբողջ պատմությունը ուղղակի աբսուրդ է, քանի որ առավոտյան խոսվում է մի օդանավի մասին, որը դեռ Երևանում էլ չէ և հայտնի չէ, թե արդյոք այն գտնվում է Մոսկվայում։ «Ես 25 տարի է, այս ոլորտում եմ, երկրորդ, կամ երրորդ անգամ եմ նման բանի հանդիպում։ Բոլոր դեպքերում գոյություն ունի արարողակարգ, և բնականաբար, նույնիսկ տխմար հոգեկան հիվանդի հայտարարությունը պարտադիր պետք է ստուգվի իրավապահ և անվտանգության տարբեր ծառայություների կողմից»։ Աչոյանը հայտնեց, որ VIM airlines-ի Ռուսաստանում գրանցված նորմալ, կանոնավոր աշխատող ընկերություն է, և «ՉէՊէ»-ներ դրա հետ կապված իրենք չեն ունեցել։ Մեր աղբյուրների պնդմամբ` տեղեկությունը, թե VIM airlines ընկերության բորտին պայթուցիկ է տեղադրված, ստացել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ահազանգը հաղորդել է ոստիկանությանը, ԱԱԾ-ին, օդանավակայանի անվտանգության ծառայությանը, և այս պահին ստուգումները չեն դադարել։  



Սյուզան Սիմոնյան