Արթուր Վարդանյանի գործը լրացուցիչ ցայտնոտ էր հայության համար

Արթուր Վարդանյանի գործը լրացուցիչ ցայտնոտ էր հայության համար

ՀՀ ԱԱԾ հերոսական բացահայտումներին, Արթուր Վարդանյանի եւ նրա զինյալ խմբի ճակատագրին հետեւում են նաեւ մեր հայրենակիցները Սփյուռքից։ Սփյուռքահայ գործիչներն անգամ պատրաստվում էին հեռուստակամուրջ կազմակերպել՝ ԱՄՆ-Գերմանիա-Երեւան, որին ակնկալում էին իրավաբանների, փաստաբանների, նաեւ հայաստանյան ԶԼՄ-ների մասնակցությունը։ Այս գաղափարն առաջացավ նախեւառաջ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանավորումից հետո, որն Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունում պաշտոն ուներ՝ նա Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի նախագահն էր։ Հարցրինք «Վտարանդի կառավարության» վարչապետ Արամ Մկրտչյանին, թե ինչ ճակատագիր ունեցավ այս նախաձեռնությունը։ Նա ասաց, որ կալանավորված անձանց փաստաբանները ձեռնպահ են մնացել այս նախաձեռնությունից։ 



- Հիմա չե՞ք անցկացնելու հեռուստակամուրջ։



- Մենք սպասում ենք։ Տուժած կողմը պետք է քայլ անի։



- Իսկ ինչո՞ւ փաստաբանները չեն ուզում մասնակցել։



- Հայաստանյան իրականությունը ես չեմ կարողանում հասկանալ։



- Ինձ հետաքրքիր է, որքա՞ն է աշխարհի հայերի համար կարեւոր Արթուր Վարդանյանի շուրջ ծավալվող այս քննությունը։



- Հայության համար լրացուցիչ ցայտնոտ էր։ Իմ շրջապատում մեկ կարծիք կա՝ առավելագույն ձեւով օգտագործվեց հասարակական դժգոհությունը եւ այն ուղղորդվեց հասարակության դեմ։ Բռնությունը որպես գործիք օգտագործելը սխալ է, բայց դատում են, որպես կանոն, պարտվողին։ ԱԱԾ-ն ունի ղեկավար, եւ նա կատարում է իր ղեկավարի հրահանգը, որը կապ չունի ժողովրդական ընկալումների հետ։



- Մեզ մոտ կարծիքներ կան, որ Արթուրին ԱԱԾ-ն օգտագործեց, նրա միջոցով ձայնագրեցին ազատամարտիկներից առավել ըմբոստներին, նաեւ նրանց, ովքեր միջոցներ ունեն, եւ խաղից դուրս հանեցին, «վնասազերծեցին»։



- Արթուրն անկեղծ եւ անմիջական տղա էր եւ հայրենասիրության պատրվակով օգտագործելով նաեւ մարդկային թուլությունները՝ հնարավոր էր կանխատեսել նման զարգացում ԱԱԾ ի կողմից։ Ինձ համար սա ընտանիքի մեջ իրավունքների վերաբաժանման խնդիր է՝ ահաբեկչության անվան տակ։



- Այսինքն, ումի՞ց են վերցնում իրավունքը եւ ո՞ւմ են տալիս։



- Տեսնո՞ւմ եք, ՀՅԴ-ին հասավ որոշ բան, եւ ընտանիքի հայրը՝ նախագահը, իրականացնում է վերաբաշխումը, պահելով իր ձեռքում մեծ բաժնեմասը։



ՀԳ․ Փաստաբանների լռությունը, նրանց ձեռնպահ մնալը հեռուստակամուրջ կազմակերպելու գաղափարի շուրջ, այնուամենայնիվ, մնաց չբացատրված։ Մենք դիմեցինք Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանին։ Նա տեղյակ էր, որ իր պաշտպանյալն «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության» անդամ է, բայց որեւէ առաջարկ այս կազմակերպությունից չէր ստացել։ «Նրանք չեն փորձել կապվել ոչ Գառնիկ Մարգարյանի, ոչ ինձ հետ։ Հետաքրքիր է՝ ինչի՞ց իմացան, որ ես ձեռնպահ եմ»,- ասաց Հովիկ Արսենյանը։ Գիվի Հովհաննիսյանը, որը ներկայացնում է մեղադրյալներ Ասյա Մկրտչյանի եւ Մարինե Կատանյանի շահերը, նույնպես հեռուստակամուրջի մասնակցելու հրավեր չի ստացել «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունից»։