«Էմիրաթներում արդեն ինձ աշխատանք եմ գտել». Կարեն Վարդանյանը խարդախության զո՞հ է դարձել

«Էմիրաթներում արդեն ինձ աշխատանք եմ գտել». Կարեն Վարդանյանը խարդախության զո՞հ է դարձել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի անհետացման մասին ահազանգել է նրա հետ ապրող աղջիկը: Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստին վերջին անգամ տեսել են մարտի 17-ին, այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու տեղեկացրեց, որ ոստիկանությունում դիմում են ներկայացրել նաև Կարեն Վարդանյանի բարեկամները:



«Չեմ բացառում, որ թրաֆիքինգի զոհ է դարձել, որովհետև ինքը միամիտ է ու իրեն շատ հեշտ է խաբելը: Ամեն դեպքում իմ համար ակնհայտ է, որ նա խարդախության զոհ է դարձել: Այստեղ մի քիչ մութ է, ես կասկածում եմ, որ սա խարդախություն է, իր վստահության մեջ մտնելով այդ տունը վերցրել են, որովհետև ինքը տունը, ինչպես հասկանում եմ պարզապես ուրիշ մարդու անունով էր գրել, որպեսզի տան վրա ինչ-որ 300 հազար դրամի կալանք չգար, հարևանի անունով էր գրել, բայց Կարենի անհետացման հաջորդ իսկ օրը հարևանն այդ տունը վերավաճառեց ինչ-որ այլ մարդու»:



Նշենք նաև, որ Կարեն Վարդանյանն իր Ֆեյսբուքյան էջում նշվել է Դուբայում, իր ընկերներին էլ մեկնաբանությունների մեջ տեղեկացրել է, որ Էմիրաթներում արդեն աշխատանք ունի: Չնայած այդ գրառմանը, Դանիել Իոաննիսյանը չէր հավատացել, մեկնաբանություններում գրել էր. «Կարեն, եթե դու առաջիկա ժամերում չհայտնվես, մենք առավոտյան կդիմենք ոստիկանություն, քանի որ բանից պարզվում է, որ դու Դուբայ չես թռել, այլ Մոսկվա: Ընդ որում, դրանից առաջ վաճառել ես բնակարանդ: Ավելին, որոշ մարդկանց ասել ես, որ 2 շաբաթով ես թռնում, իսկ որոշներին՝ 1: Բայց մենք (քո բարեկամների հետ միասին) արդեն համոզված ենք, որ դու լուրջ խնդիրներ ունես»: