Ինչո՞ւ չվաճառվեց Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը. աճուրդի են հանվել Լևոն Ջուլֆալակյանի մարզակոշիկները

Ինչո՞ւ չվաճառվեց Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը. աճուրդի են հանվել Լևոն Ջուլֆալակյանի մարզակոշիկները

SOS Gyumri նախաձեռնության ֆեյսբուքյան էջում այս պահին ընթանում է բարեգործական նպատակաով անցկացվող աճուրդներից մեկը՝ հետևյալ գրությամբ.
Լոտ N2 – Լևոն Ջուլֆալակյանի մարզակոշիկները
Մեկնարկային գինը՝ 40․000 դրամ



Լեգենդար ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանն իր ստորագրությամբ այս մարզակոշիկներով պատրաստվել է Սեուլի 1988թ․ Օլիմպիական խաղերին, որտեղ դարձել է չեմպիոն։ Ջուլֆալակյանը, ով ներկայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է, նաև Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։



ԿԱՆՈՆԱԿԱՐԳ․ Մեկնաբանությունների դաշտում գնից բացի ցանկացած այլ գրառում կհեռացվի, նվազագույն քայլը 1000 դրամ է, լոտը կվաճառվի վերջին առաջարկված գնից 48 ժամ հետո: Եթե 2 մասնակից առաջարկում է միևնույն գումարը, նախապատվությունը տրվում է ավելի վաղ առաջարկ արած մասնակցին:



Հետաքրքրական է, որ դեռ մարտի 23-ին աճուրդի էր հանվել ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը, սակայն հետևելով աճուրդի ընթացքին, նկատեցինք, որ մարզաշապիկն այդպես էլ չվաճառվեց: Մեկնարկային գինը 80 հզր դրամ է, մինչդեռ քաղաքացիները, չգիտես միտումնավոր, թե լուրջ, առաջարկում էին շատ ավելի ցածր գին: Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը թվով երկրորդ լոտն էր, բայց, ինչպես երևում է չվաճառվելու պատճառով, SOS Gyumri խմբի անդամները Լոտ N2 են նշել Լևոն Ջուլֆալակյանի մարզակոշիկները: SOS Gyumri խմբում հասկանալի պատճառով ամեն դեպքում չի նշվում չվաճառվելու պատճառները: Իսկ մտորելու առիթ, թերևս կա, մի՞թե Ռուբեն Հայրապետյանի՝ Յուրա Մովսիսյանին հավաքականից հեռացնելու փաստը, եւ նրա կողմից արված հայտարարությունները դեր խաղացին մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստի հեղինակության վրա:



Նշենք, որ առաջին լոտը հայկական արմատներով Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ,աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակն էր, որի մեկնարկային գինը 35․000 դրամ էր, սակայն երևանցի Մեսրոպ Առաքելյանը գնեց այն 65000 դրամով: SOS Gyumri նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաև, որ մինչև Մարտի 31-ը 8-րդ բնակարանը ևս կահավորված կհանձնվի իր տիրոջը, հերթը հասել է 9-րդ բնակարանին:



Հիշեցնենք, որ «Սոս Գյումրի» -ի նախաձեռնության նպատակն է Գյումրու տնակներում սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների հոգսը փոքր ինչ թեթևացնել՝ ապահովվել բնակարաններով: Նախաձեռնությունը, ի սկզբանե, նպատակ է ունեցել գնել 13 բնակարան Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող և անօթևան ընտանիքների համար, բայց այս պահին 13-ի փոխարեն կա նվիրաբերված 22 բնակարան: Բրիտանական Crowdfunder կայքը նույնպես այս նպատակով աշխարհի մակարդակով դրամահավաք էր կազմակերպել մինչև մարտի 20-ը, սակայն ժամկետը երկարաձգել են՝ շարունակելով դրամահավաքությունը: Իսկ մարտի 21-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում հայ աստղերի մասնակցությամբ տեղի ունեցած համերգի ընթացքում հավաքվել է 165 դոլլար 5 ցենտ, 20.000 ռեալ և 350.110 դրամ, և ամենակարևորը Գյումրիի անօթևանության խնդիրը օրակարգում է:



Արևիկ Հակոբյան, Գյումրի