Հանդիպումը կկայանա Հայաստանում

Հանդիպումը կկայանա Հայաստանում

Պարզվում է` բավականին հետաքրքիր «ֆորմատային» փոփոխություն է տեղի ունեցել ապրիլի 13-14-ին Վրաստանում սպասվելիք Հայաստան, Ռուսաստան, Իրան, Վրաստան քառակողմ հանդիպման օրակարգում, որում պետք է քննարկվեին տարածաշրջանի էներգետիկ հեռանկարին վերաբերող, այդ թվում` Հայաստան-Վրաստան 400 կվ էլեկտրագծի կառուցման հարցերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս պահին քննարկվում է հանդիպումը Հայաստանում անցկացնելու խնդիրը. բանն այն է, որ ռուսաստանյան կողմի բարձրաստիճան չինովնիկները գտնում են, որ շատ մեծ պատիվ կլինի Վրաստանի համար իրենց հարաբերությունների լարվածության այս պայմաններում նման «կալիբրի» պաշտոնյայի այցը Վրաստան, ուստի նպատակահարմար է դիտվել հանդիպումը Հայաստանում անցկացնելու հեռանկարը: Ինչն էլ, փաստացի, Հայաստանը վերածում է Իրան-Վրաստան, Վրաստան-Ռուսաստան ապագա տրանզիտի: Հանդիպմանը, ըստ նախնական քննարկումների, պետք է մասնակցեն Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Վրաստանից` նախարար-փոխվարչապետ Կախա Կալաձեն, իրանական կողմից` էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանին, որը նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, հայկական կողմից` էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյանը: Քննարկումները երկօրյա են, հանդիպումներ կլինեն երկրի վարչապետի, նախագահի մակարդակներում եւս: