Ինտրիգներ ֆիննախի շուրջ

Ինտրիգներ ֆիննախի շուրջ

Ֆինանսների նախարարությունում եւ Պետեկամուտների կոմիտեում ապահարզանի գործընթաց է, այսպես կոչված՝ վերակազմավորում։ Աշխատողներն ազատման եւ աշխատանքի ընդունման դիմումներ են գրում, գույքային հարցեր են լուծում, ներքին կարգով բաժանվում են Գագիկ Խաչատրյանի եւ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիմերը։ Իհարկե, ֆիննախի նախկին աշխատողների համար առավել ցանկալի է ՊԵԿ-ը եւ հատկապես մաքսային ծառայությունը, որտեղ ավելի մեծ գումարներ են պտտվում, եւ «գործ անելու» ավելի մեծ հնարավորություն կա։ Բայց, ինչպես ասում են, անցումային ժամանակաշրջան է, եւ այս պահին հայտնի չէ, թե ով է մնում ՊԵԿ-ում, եւ ում են տեղափոխում։ Օրինակ, ՊԵԿ-ում հատուկ հանձնարարությունների բաժին կար, որի պետը վերջերս փոխվել էր։ Այս պաշտոնին նշանակվել էր ներքին անվտանգության բաժնի աշխատակիցներից մեկը՝ Կարեն Համբարձումյանը։ Քանի որ ներքին անվտանգության բաժինը ղեկավարում է Խաչատրյանի եղբոր որդին՝ Կարեն Խաչատրյանը, համարվում է, որ Կարեն Համբարձումյանը Խաչատրյանի մարդկանցից է։ Այժմ, երբ համակարգը վերակազմավորվել է, նա հազիվ թե մնա ՊԵԿ-ում եւ, ամենայն հավանականությամբ, կգնա ֆիննախ, իսկ հատուկ հանձնարարությունների բաժինը Հովսեփյանն իր մարդուն կվստահի։ Կարեն Համբարձումյանից առաջ տարօրինակ անվանմամբ այս բաժնի պետն Արթուր Անտոնյանն էր։ Նա հեռացվեց համակարգից մի քանի ամիս առաջ՝ մութ պատմության արդյունքում։ Հարկայինի աշխատակիցները պատմում են, որ Անտոնյանն ինչ-որ չարաշահումներ էր կատարել, եւ դրանց պատճառով նրան ազատեցին գործից։ ՊԵԿ մամուլի պատասխանատու Նելլի Մանուչարյանը մեր հարցին ի պատասխան պարզաբանեց․ «Արթուր Անտոնյանը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին ազատվել է ՀՀ ՖՆ կազմակերպական եւ հսկողական վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: 2016 թվականի հունվարի 26-ին ՖՆ աշխատակից Կարեն Համբարձումյանը նշանակվել է այդ պաշտոնում` երեք ամիս փորձաշրջանով»: Ի դեպ, Նելլի Մանուչարյանը եւս տեղափոխվել է ՊԵԿ։ 



ՀԳ. Երեկ համացանցը հեղեղվել էր ՊԵԿ անհայտ աշխատակիցների տեսաուղերձով, որտեղ նրանք բացահայտումներ էին անում՝ կապված Գագիկ Խաչատրյանի եւ մաքսային ու հարկային ստվերի հետ։ Փոխված ձայնով ինչ-որ մեկը կադրի ետեւում ինչ-որ տեքստ էր կարդում՝ ակնհայտորեն որպես թիրախ ունենալով ՊԵԿ-ից զրկված եւ թուլացած ֆինանսների նախարարին։ Այս անանուն նյութի հետեւում ոմանք անմիջապես տեսան ՊԵԿ-ի նոր պետին եւ Խաչատրյանի վաղեմի «թշնամիներին», բայց թե իրականում որտեղից եւ ով է կառավարում այս պրոցեսները, դժվար է ասել։