Թվայնացումը սարերի հետեւում չէ, իսկ շուկան հեղեղված է անորակ դեկոդերներով

Թվայնացումը սարերի հետեւում չէ, իսկ շուկան հեղեղված է անորակ դեկոդերներով

Հեռուստահեռարձակման համակարգի թվայնացումն ավարտվել է, եւ ամռանը Հայաստանի բոլոր մարզերում միաժամանակ անալոգային հեռարձակումը կդադարեցվի։ Մինչ այդ սոցապնախարարությունն անապահով ընտանիքներին ընդունիչ սարքեր կբաժանի՝ DVB-T2 ստանդարտի դեկոդերներ։ Սա նոր հասկացություն է, որը շուտով ավելի մեծ տարածում կգտնի։ Առայժմ անգամ շուկայի վաճառողներն այս տերմինները չգիտեն։ Դեկոդերը DVB-T2 ձեւաչափի այն սարքն է, որը կցելով հին հեռուստացույցներին, կարողանալու ենք թվային ազդանշանն ապակոդավորել եւ ընդունել։ Այս սարքերն առաջին հերթին ստացել են այն ընտանիքները, որոնք անապահովության հաշվառման համակարգում ունեին 34,6 եւ ավելի միավոր։ Հետագայում կառավարությունը 55 հազարով ավելացրեց անապահով ընտանիքների թիվը։ Ըստ սոցապնախարարության խոսնակի, այս 55 հազար ընտանիքների համար անապահովության «անցողիկ» միավոր կամ այլ չափանիշ սահմանված չէ, եւ այս պահին սարքերը չեն բաժանվում․ «Հիմա լրացուցիչ 55 հազար ընտանիքի համար կսահմանվի միավոր, նոր կբաժանվեն»։ 



Դեկոդերներ կստանան այն ընտանիքները, որոնք հաշվառված են «Փարոս» համակարգում եւ ունեն անապահովության 30-ից բարձր միավոր։ Նրանց համար սարքերը բերելու է մրցույթի հաղթող «Արմտելեկոմ» ընկերությունը։ Մյուսները պետք է դրանք ձեռք բերեն շուկայից։ Դեկոդերները վաղուց են հայտնվել հայկական շուկայում եւ արդեն հասցրել են գլխացավանք դառնալ։ Ամանորից առաջ դրանց գները կտրուկ աճեցին, հասնելով 18-20 հազար դրամի, որովհետեւ սպասվում էր, որ անալոգային հեռարձակումը կդադարեցվի հունվարի մեկից։ Բայց խնդիրը ոչ միայն գինն է, այլեւ որակը։ «Մենք էլ բոլորի նման հավատացինք, որ լավ կլինի, սարքեր գնեցինք, բայց պարզվեց, որ դրանք անընդհատ անջատվում են ու ոչնչով լավը չեն հնից»,- գանգատվում է «Հրապարակի» ընթերցող Հասմիկ Հարությունյանը։ «Մարդիկ դժգոհում են, որ սարքը գծեր է գցում էկրանին։ Բայց դա սարքից չէ, այլ անտենայից է»,- բացատրում են «Գնունու շուկայի» վաճառողները։ Մյուսներն էլ ասում են, որ ալեհավաքը կապ չունի, եւ եթե անգամ հասարակ լար մտցնես ալեհավաքի բնիկը, դեկոդերը պետք է աշխատի։ Մի խոսքով, լիարժեք անտեղյակություն։ Մարդիկ անգամ չգիտեն, թե ում դիմել, եթե գնված ընդունիչը չի աշխատում։



Հայաստանում առայժմ այս սարքերի մասնագետներ քիչ կան։ Խանութները դրանց համար երաշխիք չեն տալիս։ «Արայ» խանութում դեկոդերների գներն սկսվում են 16 հազար դրամից։ Բայց անգամ ամենաթանկարժեքների համար, որոնց գինը 25 հազար է, խանութը երաշխիք չի տալիս։ «Ի՞նչ գարանտիա տանք։ Բոլորը չինական արտադրության սարքեր են,- ասացին «Արայ» խանութում,- սրանց որակն անհասկանալի է։ Ուրիշ ապրանքների համար տալիս ենք, բայց սրանց համար չենք տալիս»։ Նույն ապրանքը «Փեթակում» է դրված։ Տուփերը նույնն են, բայց գներն էապես տարբերվում են խանութի գներից։ Ամենաէժան դեկոդերն արժե 7 հազար, ամենաթանկը՝ 25 հազար։ «Ունենք չինական արտադրության, ռուսական եւ մեկ գերմանական սարք»,- ասում է վաճառողը, բայց երբ վերցնում ենք ռուսական դեկոդերը եւ խնդրում ենք ցույց տալ, թե որտեղ է գրված արտադրության երկիրը, նա խոստովանում է․ «Չէ, սա էլ է Չինաստանում սարքված, բայց արտադրված է Ռուսաստանի համար, դրա համար էլ որակն ավելի լավն է ու գինը՝ մի քիչ թանկ»։ «Ի՞նչ անել, եթե փչանա այս սարքը» հարցին վաճառողը չգիտի ինչ պատասխանի։ «Չգիտեմ, թե ովքեր են սարքում։ Երեւի պետք է նորը գնել, բայց սրանք ոչ մի պրոբլեմ չեն տա»,- ասում է։