Ազգային փոքրամասնություններին դուրս մղեցին

Ազգային փոքրամասնություններին դուրս մղեցին

Իշխանությունները հակված են հրաժարվել Ընտրական օրենսգրքում ազգային փոքրամասնություններին կուսակցությունների ցուցակներում պարտադիր ներգրավելու դրույթից, որը կլինի զիջում ընդդիմադիր գործընկերներին։ Ընտրական նոր օրենսգրքի նախագծով Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող 4 ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեին քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։ Մինչդեռ ընդդիմադիրներից ոմանք դժգոհություն բարձրացրին, որ այսպիսով պարտադրվում է իրենց ցուցակներում ընդգրկել մարդկանց, որոնք մշտապես իշխանությունների կողքին են եղել: Թեեւ այս պատճառաբանությունը գուցե ավելի շատ շղարշ է՝ սեփական ցուցակով ազգային փոքրամասնություններին ԱԺ տանելու դեմն առնելու համար։



Մեզանում գաղտնիք չէ, որ այնքան էլ բարեհաճ վերաբերմունք չկա օտարազգիների նկատմամբ, եւ դա ոչ միայն կենցաղային մակարդակում, այլեւ քաղաքական գործիչների շրջանում։ Հենց այդ նեգատիվ վերաբերմունքն է պատճառը, որ ազգային փոքրամասնությունները Հայաստանում լավ չեն զգում։ Նրանց շրջանում արտագաղթը բավականին մեծ է։ Նրանք կարիերա անելու, առաջ գնալու հնարավորություններից որոշակիորեն զրկված են։ Եվ այս մոնոտարր հանրության համար օգտակար կլիներ, եթե հատուկ քվոտա սահմանվեր, եւ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ մտնեին խորհրդարան։ Սրանով ոչ միայն ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանված կլինեին, այլեւ նրանց հարցերը կբարձրաձայնվեին ԱԺ ամբիոնից, եւ հանրությունը կտեղեկանար դրանց մասին։ Բայց մի քանի մանդատ փոքրամասնություններին չզիջելու հարցում մեր քաղաքական գործիչները շատ միակարծիք եղան եւ, ըստ էության, եկան համաձայնության այս հարցում՝ փոքրամասնությունները տեղ չպետք է ունենան հայոց խորհրդարանում։ 



«Դե չեն ուզում՝ չեն ուզում, ես ի՞նչ կարամ ասեմ»,- պարտադիր նորմից հրաժարվելու մտադրության մասին ասաց այս իրողության հետ հաշտված Կնյազ Հասանովը՝ Հայաստանում քրդական համայնքի ղեկավարը։ Նա նաեւ չհերքեց, որ քրդական համայնքը նախընտրում է իշխող կուսակցությանը, սակայն չկարողացավ ասել, թե արդյոք ՀՀԿ-ն իր հայեցողությամբ թեկնածու կընդգրկի՞ իր ցուցակում. «Ես չեմ կարող ասել, ես ոչ ԱԺ նախագահ եմ, ոչ իշխանություն»։
Եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանն էլ ասաց, որ ինքն անձամբ «Հանրապետություն» կուսակցություն կմտնի (նկատի ունի ՀՀԿ-ն), եւ ճիշտ համարեց, որ մյուսների դեպքում պարտադիր չի լինելու թեկնածու ունենալ. «Չնայած ցանկացողներ շատ կլինեն, որ մենք իրանց ցուցակում լինենք, բայց անձամբ ես Հանրապետություն կուսակցության հետ եմ, նախագահի հետ»։