«Կենտրոնում» մեր գործունեությունն ավարտվեց նոր տնօրենի նշանակման հետ կապված

«Կենտրոնում» մեր գործունեությունն ավարտվեց նոր տնօրենի նշանակման հետ կապված

Հեռուստառադիոհաղորդավարներ Ժակը եւ Լուլուն՝ Հակոբ Պապիկյանն ու Լուսինե Բադալյանը, երկար տարիներ ոչ միայն «Ռադիո Վան»-ի ձայներից էին, այլեւ «Կենտրոն» հեռուստաընկերության դեմքը։ Այսօր, սակայն, բավականին բան է փոխվել նրանց երկուսի կյանքում։ Նրանք անցյալ տարվա դեկտեմբերից այլեւս «Կենտրոնում» չեն, որտեղ վարում էին առավոտյան ծրագիրը, եւ բուռն եթերային կյանքով չեն ապրում, ինչպես առաջ էր։ Բայց նրանց ձայնը դեռ լսվում է հարազատ «Ռադիո Վան»-ով։ Բանն այն է, որ «հազար տարվա» եթերային զույգը «Կենտրոն»-ում տնօրենի փոփոխությունից հետո հավաքեց իրերն ու հեռացավ այնտեղից, բայց խաղաղ ու առանց սկանդալի։ Հիմա Ժակը «Երկիր մեդիայում» է նմանատիպ ֆորմատով հաղորդում իրականացնում. սկզբում կադրից դուրս էր, հիմա՝ նաեւ կադրում։ Լուլուն միայն ռադիոյում է այս պահին, այլ աշխատանք չունի, թեպետ եթերային առաջարկներ կան։ «Կենտրոնից» դուրս գալու, քաղաքական ենթատեքստերի եւ «Երկիր մեդիայում» աշխատանքի մասին զրուցեցինք Ժակի՝ Հակոբ Պապիկյանի հետ։



«Կենտրոնում» մեր գործունեությունն ավարտվեց նոր տնօրենի նշանակման հետ կապված, որի երեւի հայացքները հեռուստատեսության, դրա հեռանկարների մասին, աշխատանքի ոճը, մոտեցումները գործին մի փոքր չհամընկան մեր տեսակետների հետ։ Այդ էր պատճառը, որ առանց խիստ լարվածության՝ ուղղակի մենք դադարեցինք մեր գործունեությունը տվյալ հեռուստաալիքում՝ չմոռանալով եւ չանտեսելով, իհարկե, տարիների աշխատանքն ու համագործակցությունն այդ հեռուստաընկերության հետ, որտեղից ունենք բազմաթիվ դրական հիշողություններ»,-ասաց նա։



- Քանի որ «Կենտրոնը» քաղաքականացված հեռուստաընկերություն էր, արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ր ձեր՝ այնտեղից դուրս գալու մեջ, գուցե ազատ խոսքի սահմանափակո՞ւմ կար, որ համաձայնության չեկաք։ 



- Աշխատելով, այո, քաղաքականացված հեռուստաալիքում, թե ես, թե Լուսինեն միշտ վառ ընդգծված ներկայացել ենք ոչ քաղաքականացված մարդիկ։ Եվ ողջ այս ընթացքում մենք ոչ մի ճնշում, ոչ մի առաջարկ չենք ունեցել արդեն ավելի կոնկրետ ուղղվածությամբ մեր գործունեությունը ծավալելու համար։ Դուրս գալու որոշումը քաղաքական չէր, եւ այդտեղ այդպիսի ենթատեքստ չի եղել, որովհետեւ, փառք Աստծո, երբեք նման ճնշում չի եղել մեզ վրա։ Զուտ աշխատանքային պրոցեսներից, ղեկավարության փոփոխությունից ելնելով դա տեղի ունեցավ։



- «Երկիր մեդիայում» ինչպե՞ս են պայմանները։



- Անմիջապես երկու օր հետո «Երկիր մեդիայից» առաջարկ ստացա իրենց մոտ տեղափոխվելու եւ աշխատելու։ Իրականում թե ես, թե Լուսինեն արդեն մտածում էինք, որ 6-7 տարի ամենօրյա առավոտյան ֆորմատով ուղիղ եթերում աշխատելուց հետո ժամանակն է ինչ-որ փոփոխություն անել։ Ես առավոտյան ծրագիրն եմ հիմա փորձում ապահովել, աշխատանքի մեծ ծավալ կա, հիմա աշխատում եմ երիտասարդ թիմի հետ, ղեկավարն եմ առավոտյան ծրագրի, նաեւ եթերում եմ լինում, երեք օր աշխատում են իմ գործընկերները՝ Ռուզաննան եւ Վրույրը, զույգով, իսկ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին ես եմ վարում, բայց դեռեւս միայնակ։ Իսկ Լուսինեի հետ միգուցե մենք այլ նախագծեր ունենանք որեւէ ալիքում, այդ թվում՝ «Երկիր մեդիայում»։



- Եթե «Կենտրոնը» ոչ իշխանական ալիք է համարվում, որտեղ դուք հնարավորինս ազատ արտահայտվում էիք, «Երկիր մեդիայում» վերջին կոալիցիոն դասավորություններից հետո ունե՞ք որեւէ կաշկանդվածություն ազատ արտահայտվելու, քննադատության, սուր խոսքի առումով։



- Դեռ առիթ չի եղել նման հարցի բախվելու, որովհետեւ ամեն ինչ դեռ նոր է սկսվել, շատ կարճ ժամանակահատված է, ինչ ես աշխատում եմ էստեղ։ Բացի այդ, առավոտյան ծրագիրն իր ֆորմատով վառ ընդգծված քաղաքական չէ, բայց, իհարկե, էստեղ էլ, որպես անհատներ, մեր կարծիքը, մեր մոտեցումները կարող ենք արտահայտել։ Չեմ բացառում, որ որեւիցե մի օր ես անդրադառնամ որեւէ մի խնդրի, որը քաղաքականացվածության առումով միգուցե խնդիրներ ստեղծի ինձ համար։ Երբ խնդրի առջեւ կկանգնեմ, այդ ժամանակ պարզ կլինեն իմ հետագա քայլերը։ Այս պահի դրությամբ հաղորդումն իր ֆորմատով, իր տեսակով առավոտյան է, որը ենթադրում է հիմնականում հանրային հետաքրքրություն առաջացնող թեմաների քննարկումներ՝ արվեստ, մշակույթ եւ ընդհանուր առավոտյան տրամադրություն, որտեղ, իհարկե, սողոսկում է արդեն քո՝ քաղաքացու դիրքորոշումը։ Դեռեւս առիթ չեմ ունեցել ինչ-որ բան զսպելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ