20 հազար դրամ օգնություն՝ անապահովներին, 40-250 հազար դրամ՝ ապահովներին

20 հազար դրամ օգնություն՝ անապահովներին, 40-250 հազար դրամ՝ ապահովներին

Մինչ կառավարությունը հորդորում է, որ մարզպետարաններում, համայնքներում օգնությունները պետք է տրամադրել խիստ կարիքավորներին, բյուջեի միջոցներն ուղղել ընդհանուր համայնքային խնդիրներին, բայց արի ու տես, որ Հրազդան քաղաքում ճիշտ հակառակն է արվում: Հրազդանի քաղաքապետարանի բյուջեն կազմում է 1մլրդ. 200մլն. դրամ, որից մոտ 350մլն. դրամը տեղական հարկերն ու տուրքերն են, մնացածը՝ պետությունից ստացած դոտացիան: Տարիներ շարունակ Հրազդանի բյուջեն համարվում է սոցիալական բյուջե, որով կարողանում են միայն աշխատավարձ ու կոմունալ վճարել եւ օգնություն տալ, իսկ համայնքի խնդիրների լուծման համար գրեթե գումար չի մնում: Այս օրերին Հրազդանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող օգնությունները «անապահով» ընտանիքներին, այն էլ նախընտրական շեմին, քննարկումների թեմա է դարձել: Քաղաքապետի եւ ավագանու որոշմամբ՝  40 հազարից մինչեւ 250հազար դրամ օգնություն են տրվել մարդկանց, որոնց անուները ընտանեկան նպաստառուների եւ եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում չգտանք: Այսինքն, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները նրանց սոցիալապես անապահով չեն ճանաչել:



Ոսումնասիրելով օգնություն տրամադրված «անապահով» բնակիչներին ցանկը՝ կարող ենք ենթադրել, որ 20 հազար դրամ գումար հատկացվել է իսկապես անապահով ընտանիքներին, իսկ 40-ից մինչեւ 250 հազար դրամ հատկացվել է համատիրության նախագահներին, թաղապետերի բարեկամներին, քաղաքապետարանի աշխատակիցներին, գրադարանի տնօրեններին: Օրինակ՝ 60 հազար դրամ օգնություն է հատկացվել Զաքարյան Նարեկին, ով Արամ Դանիելյանի շտաբի պետերից է: Նարեկը մեզ հետ զրույցում նշեց, որ «Փարոս» համակարգում գրանցված չէ, բայց քաղաքապետից ստացել է 60 հազար դրամ օգնություն, իսկ թե ինչի համար է հատկացվել օգնությունը, պատասխանեց. «Առողջական խնդիրներ ունեի, օգնություն են տվել»: 80 հազար դրամ ստացել է Իսկանդարյան Ռոզան, ով ապրում է Երեւանում, երբեմն էլ մեկ-երկու ամսով Հրազդանում: Զրուցեցինք Ռոզայի հետ. «Այո ստացել եմ գումարը եւ ստացած գումարը ծառայել է նպատակին, գումարը վիրահատության համար էր պետք»: 40 հազար դրամ օգնություն ստացել է համատիրության նախագահ Սուրեն Սարդարյանը: Այսպես կարելի է շարունակել «անապահով» մարդկանց ցանկը, սակայն ցավալի այն է, որ իսկապես «անապահով» բնակիչների այդ օգնությունից չեն օգտվում: 50-ամյա տիկինը, ով դիմում էր գրել դրամական օգնության համար եւ 2 ամիս է՝ զրկված է գազից, որովհետեւ դեռ չի վճարել հունվար ամսվա սպառած գազի վարձը, արդեն չորրորդ անգամ է գալիս քաղաքապետարան ու դատարկաձեռն տուն գնում. «Ասում են՝ հիմա գումար չկա, գնա մի քանի օրից արի», -մեզ հետ զրույցում նշեց կինը՝ խուսափելով հայտնել անունը, քանի որ «կարողա իմանան բողոքում եմ, էլ օգնույթուն էլ չտան»:



Ստացվում է, որ Հրազդանի քաղաքապետարանը ոչ միայն անապահովության չափորոշիչները չի կիրառել համայնքային բյուջեից գումարներ բաշխելիս, այլեւ տրամադրված գումարների չափերը հեռու են սոցիալական աջակցություն համարվելուց:



Նելլի Կարապետյան