Երևանյան ընկերությունը պարտավոր է փոխհատուցել Ռամազոտիի համերգի տոմսի գումարը. Բ. Պիպոյան

Երևանյան ընկերությունը պարտավոր է փոխհատուցել Ռամազոտիի համերգի տոմսի գումարը. Բ. Պիպոյան

Վերջին 2 տարիներին մի քանի դեպքեր են եղել, երբ Հայաստանում հայտնի մարդկանց մենահամերգներ չեն կայացել։ Նախապես հայտարարվում է նրանց համերգների մասին, տոմսերը դրվում են վաճառքի, մեծ թվով արդեն տոմսեր սպառված են լինում, և հանկարծ պաշտոնական հայտարարություն է տարածվում, որ համերգը չի կայանալու։ Օրինակ՝ անցած տարի հետաձգվեց Իրինա Ալեգրովայի համերգը, չկայացավ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսինի համերգը։ 2015 թ հոկտեմբերի 26-ից Երևանի մարզահամերգային համալիրի տոմսարկղերում վաճառվում էր հանրահայտ իտալացի երգիչ, կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի մենահամերգի տոմսերը։ Հայաստանում հայտնի երգչի համերգը պետք է կայանար 2016 թ ապրիլի 26-ին։ Բայց, ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով Է. Ռամազոտի համերգը չի կայանա:



«Տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է Global Communications ընկերության սեփականությունը: Հայտնում ենք, որ միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերը և գործակալները, ինչպես նաև՝ FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը չեն կրում տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման կամ որևէ այլ վնասի հատուցման պատասխանատվություն: Իրացված տոմսերի ետ վերադարձը և դրանց դիմաց դրամական փոխհատուցումը հնարավոր կլինի դատական գործընթացի ավարտից հետո: Միջոցառման տոմսեր արդեն ձեռք բերած անձանց խնդրում ենք պահպանել ձեռք բերված տոմսերը ամբողջական ու անվնաս և պարբերաբար հետևել մեր պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում տեղադրվող հայտարարություններին, որոնց միջոցով կտեղեկացվեք դատական վարույթի ընթացքի, ինչպես նաև՝ տոմսերի ետ վերադարձի ժամկետների և պայմանների մասին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը։



«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ֆորպոստարտ Պրոդաքշընի» հայտարարությունը, թե իր լիազորությունների շրջանակներում չի փոխհատուցելը, ընդամենը մոլորեցնող և որևէ իրավակարգավորող տիրույթում չգտնվող պարզաբանում է: Նրա խոսքով՝ երկու տնտեսվարող սուբյեկտների միջև եղած իրավահարաբերությունների մասին ներկայացված հիմնավորումը սպառողի հետ որևէ կապ չունի։ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տոմսի վաճառքը կազմակերպության և սպառողի իրավահարաբերությունն է, որն առանձին տիրույթում է։ Երևանյան ընկերությունը պարտավոր է փոխհատուցել տոմսի համար վճարած գումարը. «Մեր սպառողները գումարը վճարել են իրենց, իրենք էլ պետք է փոխհատուցեն։ Հայ սպառողները ունեն պահանջ ծառայությունը գովազդ հայտարարողին, իրենք հետագայում ումի՞ց պահանջ կունենան՝ իրենց խնդիրն է»։



Բաբկեն Պիպոյանը նաև շեշտեց, որ երկուշաբթի օրը առավոտյան իրենց ՀԿ-ն կսկսի տեղեկատվության հավաքագրումը այն բոլոր անձանց, ովքեր ձեռք են բերել Ռամազոտիի համերգի տոմսը. «Սա անում ենք, որպեսզի հասկանանք՝ հետագա հաջորդ քայլը որն է։ Ցավոք, մենք չունենք դատարան մտնելու իրավունք, բայց մենք կփորձենք փաստաբանների միջնորդությամբ մտնել դատարան»։ Նա նաև ավելացրեց, որ չի բացառվում այլ մեխանիզմների կիրառումը, ինչի մասին չակերտները չցանկացավ բացել՝ նշելով, որ պետք է այստեղ հասկանալ հանցագործության տարր կա՞, թե՞ ոչ։