Թաթոյանի համար աբորտի խնդիրը հանրաքվեից կարևոր է

Թաթոյանի համար աբորտի խնդիրը հանրաքվեից կարևոր է

ՄԻՊ նոր պաշտպան Արման Թաթոյանի վերջին շրջանում հաճախ էր հրաժարվում այս կամ այն հարցի շուրջ իր դիրքորոշումն արտահայտելուց` պատճառաբանելով, որ խիստ զբաղված է տարեկան զեկույցով։ Վերջապես 2015 թվականի զեկույցը հրապարակվեց, և առաջին տպավորությունն այն է, թե 2015 թվականն ունեցել է ոչ թե 12 ամիս, այլ 11 ամիս։ Թաթոյանն իրեն իրավունք է վերապահել հայ ժողովրդի կյանքից մի ամբողջ ամիս ջնջել՝ դեկտեմբերը, և 2015 թվականի կարևորագույն իրադարձությունը՝ սահմանադրության հանրաքվեն, որից հետո տասնյակ հարյուրավոր մարդիկ հերթական անգամ շոկ ու հիասթափություն ապրեցին, հարյուրավոր քննություններ և բողոքարկումներ եղան, և մինչ օրս մարդիկ չեն խաղաղվել, օմբուդսմենի համար ուղղակի չի եղել։



Սպասվում էր, որ ջրելով հանրաքվեի վերաբերյալ հատուկ զեկույցը, որը գրեթե պատրաստ էր և պետք է ներկայացվեր 2015 թվականի դեկտեմբերի վերջին, Թաթոյանը գոնե տարեկան զեկույցի մի գլուխը կնվիրի Հայաստանի քաղաքական կյանքում բախտորոշ այս իրադարձությանը։ Բայց դա էլ չեղավ։ Հանրաքվեի մասին զեկույցում ոչ մի բառ չկա։ Ավելին։ Ընտրական իրավունքի խախտումները անգամ ներառված չեն «հանրությանն անհանգստացնող իրավունքների հետ կապված խնդիրներում»։ Այս ցանկում թվարկված են արդար դատաքննության, խոսքի ազատության, անձնական ազատության իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման, կրթության իրավունքի իրացման, ընտանեկան բռնության, անգամ սելեկտիվ աբորտների հետ կապված խնդիրները։



Պաշտպանը ներկայացուցիչը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրին է մասնակցել, բայց մատը մատին չի խբել ՀՀ քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցելու իրավունքը, կամ ազատ արդար ընտրության իրավունքի պաշտպանության հարցում։ Չէ, պտղի իրավունքը լավ բան է, բայց արդյո՞ք ճիշտ է պաշտպանել չծնված մարդկանց իրավունքները` անտեսելով ծնվածներինը։ Այս մասին ոչ մի բառ չկա նաև «ՄԻՊ աշխատակազմ» գլխում, որտեղ նկարագրված է, թե քանի ահազանգ է ստացել օմբուդսմենը, որ հաստատություններ է այցելել արագ արձագանքման խումբը, ինչին է «արձագանքել»։



Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հանրաքվեի հաջորդ օրը հայտարարություն էր տարածել այն մասին, որ արագ արձագանքման խմբերը 67 խախտումներ են հայտնաբերել, որոնք արձանագրված էին նաև ԵԱՀԿ/ՀԺՄԻԳ աղմկահարույց զեկույցում։ Հավանաբար, Թաթոյանը որոշել է ուղղակի «ջնջել» այս էջը պատմությունից։ Առհասարակ, զեկույցը առանձնանում է լղոզված ձևակերպումներով, անանուն շարադրանքով, կոնկրետ դեպքերն ու անունների, փաստերի մոտավոր նկարագրությամբ։ Օրենքով ՄԻՊ-ը կարող է տալ անուններ և կարող է չտալ, բայց փաստ է, որ ոչ մի անգամ նրա մոտ ցանկություն չի արթնացել հստակ նշել, թե ում իրավունքն է խախտվել և ում կողմից։



Սյուզան Սիմոնյան



Մանրամասները՝ կարդացեք վաղվա «Հրապարակում»: