Հրազդանցի «Ռեմբոն»

Հրազդանցի «Ռեմբոն»

Հրազդան քաղաքում գրեթե ամեն օր կարող ենք տեսնել մի երիտասարդի՝ մի մեծ պարկ ալյուրը գլխին դրած, կամ երկու 25 կգանոց ալյուրի պարկ ձեռքերով բռնած: Երիտասարդը 36-ամյա Արթուրն է, ով անգամ տառերն ու թվերը չի ճանաչում, սակայն կարողանում է աշխատել, ընտանիք պահել: Հասցրել է ամուսնանալ եւ երկու որդի ունի: Խանութում բանվոր է աշխատում: Ապրանքներ կամ ալյուր տեղափոխելու համար նրան ոչինչ հարկավոր չէ, վստահ է իր ուժին: Շատ հաճախ կարող ես տեսնել պարկով ալյուրը գլխին՝ ձեռքերին էլ՝ տոպրակներ: Այսպես նա ապրանքը տեղ է հասցնում, դրա դիմաց էլ որոշակի գումար վաստակում. «Կարեւորը այն է, որ կարողանում եմ ընտանիքս պահել, ոչ մի բանից հետ չենք ընկնում: Մարդ որ ցանկություն ունենա, կաշխատի»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուրը, սակայն նաեւ անկեղծացավ, որ երբեմն էլ հոգնում է ծանրություն վերցնելուց. «Ինչ անեմ քուր ջան, ես էլ ըսենց եմ փող աշխատում, ոչ մեկի խադրին չեմ կպնում, աջս քաշած իմ գործն եմ անում»: Հրազդանում շատերը իր ուժի համար նրան «Ռեմբո» են ասում: Արթուրը ոչ միայն իր ուժով է տարբերվում, այլեւ հագնվելու ոճով, փորձում է հագուստը համադրել իրար հետ եւ աշխատանքից հետո գեղեցիկ տեսք ունենալ:



Նելլի Կարապետյան