Շվեդիան ընդդեմ հակահայկական կոչերի. քաղվածքներ շվեդական մամուլից

Շվեդիան ընդդեմ հակահայկական կոչերի. քաղվածքներ շվեդական մամուլից

Շվեդական TV4 հեռուստաալիքի խնդրանքով Շվեդիայի միջնակարգ կրթության եւ կրթական վերապատրաստման նախարար Աիդա Հաձիալիչը մեկնաբանել է Ստոկհոլմում ցույցի ընթացքում Թուրքական համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի կողմից հնչած հակահայկական հայտարարությունը։ «Սա վրդովեցուցիչ է, պետք է անկեղծ լինեմ, ուղղակի նողկալի։ Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ուր մարդիկ հավատում են իրենց մարդու իրավունքների պահպանմանը։ Նման հայտարարությունները տեղ չունեն Շվեդիայում», ասել է ծագումով բոսնիացի Հաձիալիչը եւ ավելացրել. «Ինձ, որպես մի մարդու, որը նույնպես ենթարկվել է ցեղասպանական քաղաքականության նախկին Հարավսլավիայի կազմալուծման գործընթացում, նման բանի մասին մտածելը ուղղակի նողկանք է պատճառում։ Կարծում եմ, սա սարսափելի է»։



Միջնակարգ եւ մասնագիտական կրթության նախարարի իրավասության ներքո է գտնվում շվեդական ազգային փոքրամասնություններին կրթամշակութային նպատակներով պետական աջակցության տրամադրումը։ Հիշեցնենք, որ Շվեդիայի կառավարությանն առընթեր Երիտասարդության և քաղաքացիական հասարակության աջակցության գործակալությունը, որը համակարգում է ֆինանսավորման տրամադրումը, հայտարարեց, որ քննություն է սկսել Թուրքական համադրող կենտրոնի ֆինանսավորումը կասեցնելու ուղղությամբ, ինչը կազմում է տարեկան մոտ 520 հզ շվ. կրոն (շուրջ 55 հզ. եվրո)։



Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հավանու ներքո գործող «ԱԲՖ» կրթամշակութային միությունը իր պաշտոնական կայքում հրապարակեց Միության նախագահ Հելեն Պետերսոնի հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ «ԱԲՖ» միության տնօրենների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում քննության կառնի թուրքական համադրող կենտրոնի հետ համագործակցությունը դադարեցնելու հարցը, նշելով, որ նման կազմակերպությունը, որը զբաղված է հասարակության մեջ այլատյացության սերմանմամբ, չի կարող լինել «ԱԲՖ»-ի անդամ։ Մինչ այդ, «ԱԲՖ»-ը կոչ է արել իր բոլոր տարածքային մասնաճյուղերին դադարեցնել համագործակցությունը Թուրքական համադրող կենտրոնի հետ։ «ԱԲՖ»-ը շվեդական ամենախոշոր կազմակերպություններից է, նրա միջոցառումներին եւ դասընթացներին տարեկան մասնակցում են ավելի քան 3 մլն. մարդ։



Շվեդիայի թուրքական բոլոր կազմակերպությունները և հասարակական որոշակի դիրք ունեցող անհատները սկսել են Լեյլանիից հետ կանգնել, իրենց պաշտոնական կամ անձնական էջերում հրապարակելով դատապարտող հայտարարություններ՝ նշելով, որ եթե տեղյակ լինեին նման հայտարարության մասին, ապա չէին մասնակցի հանրահավաքին։ Նման հայտարարություն է տարածել նաև ցույցը վարողը՝ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Թելման Սադիքբեյլին, ով վարում էր ցույցը, Բարբարոսի ամբողջ ելույթի ընթացքում կանգնած էր իր կողքին և վերջում շնորհակալություն է հայտնում նրան՝ քաջալերելով ամբոխին ծափահարել։



Ինքը՝ Բարբարոս Լեյլանին, ապրիլի 13-ի երեկոյան TV4 հեռուստաալիքով հանդես եկավ արցունքախառը մեղայականով՝ ներողություն խնդրելով շվեդ հանրությունից։
Այդ առթիվ Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնը հրապարակել է հայտարարություն, որ թեպետ մարդկայնորեն փորձում է հասկանալ եւ ընդունել Լեյլանիի զղջումը, մտադրված չէ ոստիկանությունից հետ կանչել վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու հայցը՝ նշելով, որ խնդիրը ավելի մեծ է, քան մեկ անձի հայտարարությունները, քանի որ թուրքական և ադրբեջանական միությունները գնալով դառնում են ավելի ագրեսիվ՝ թիրախավորելով նաեւ երկրի այլ ազգային փոքրամասնություններին։