ԵԽԽՎ-ականների հեչ «վեջն» էլ չի, որ ֆրոնտ են մեկնելու

ԵԽԽՎ-ականների հեչ «վեջն» էլ չի, որ ֆրոնտ են մեկնելու

Եկող շաբաթ՝ ապրիլի 18-22-ը, տեղի կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։ Հայկական պատվիրակությունը կրկին քննարկումների, բանակցություններր մեջ է, թե ինչպես հանդես գա Եվրոպայի խորհրդում, որ Ադրբեջանին արժանի հակահարված տա այդ կարեւոր քաղաքական հարթակում։ Դրա համար նրանք հիմա համապատասխան կառույցների հետ հանդիպումներ են ունենում։ Երեկ տեղեկացանք, որ նախօրեին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել արտգործնախարարությունում նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Ըստ էության, ԵԽԽՎ պատվիրակությանը հրավիրել էին նախարարություն՝ «ինստրուկտաժ» անելու։ Բնականաբար, այս նստաշրջանը հատկապես կարեւորվում է, քանի որ ապրիլյան պատերազմին է հաջորդում, եւ այժմ ավելի, քան երբեւէ, միասնական ստրատեգիա մշակելու, հստակ պլատֆորմ ունենալու խնդիր կա։ Սակայն, պատվիրակության անդամների մոտ բավականին անտարբեր վիճակ է, մի մասն այդ հանդիպմանը չի մասնակցել, մի մասը տեղյակ չէ, թե ինչ են անելու այդ օրերին, նույնիսկ ելույթ ունենալու միտք չունեն։ Ոմանք էլ ուղղակի Հայաստանում չեն, արտերկրում են եւ ֆիզիկապես չեն կարողացել մասնակցել նախնական մշակում-քննարկումներին։ Մի խոսքով՝ նրանց հետ զրույցներից տպավորություն ստացանք, որ հեչ «վեջները» չէ, որ մի քանի օրից «ֆրոնտ» են մեկնելու՝ Ստրասբուրգ։ Սա էլ, ի վերջո, դիվանագիտական «ֆրոնտն» է՝ ոչ պակաս կարեւոր, քան արցախյանը։



ԱԳՆ-ում հանդիպմանը ներկա չի եղել Լեւոն Զուրաբյանը, որը երկրում չէր, Ղարաբաղում էր։ Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, որ երկրում չէ։ Նաիրա Կարապետյանն էլ դժգոհեց, որ անհանգստացնում ենք իրեն. երեւի պիտի կռահեինք, որ ինքը հիմա ԵԽԽՎ-ի հավեսը չունի՝ «երեխան հիվանդ է»։ Կապվեցինք Վահան Բաբայանի հետ։ Վերջինս էլ ասաց՝ ինքը տեղյակ է եղել, որ նման հանդիպում պետք է լինի, բայց քաղաքում չի եղել եւ չի մասնակցել։ Բայց ասաց, որ նման քննարկումներ անցկացվում են, չեն կարող չանցկացվել, բայց ինքը վերջին հանդիպումներին չի մասնակցել։ Իսկ ի՞նչ են անելու ԵԽԽՎ-ում, առհասարակ, ի՞նչ ստրատեգիա է մշակվում այս անգամ։ Բաբայանն ընդհանրական պատասխան տվեց. «Չի կարող չլինել նման բան, քանի որ Հայաստանի բոլոր կառույցները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են արտաքին քաղաքական գործընթացների հետ, չեն կարող չունենալ ստրատեգիա։ Բայց թե ինչպես, ինչ քայլերով, դա արդեն մշակողների հետ պետք է խոսել»։ Իսկ ինքն այդ մշակողներից չէ՞, ի՞նչ է անելու այս լիագումար նիստին անձամբ Վահան Բաբայանը՝ որեւէ ելույթ, զեկույց նախատեսո՞ւմ է։ «Ես չէ, բայց հնարավոր է, որ լինեն»,-ասաց նա։



Իսկ ի՞նչ է կարծում, ի՞նչ պետք է արվի ԵԽԽՎ-ում ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի։ Բաբայանն ասաց. «Ես կարծում եմ՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ադրբեջանական ագրեսիայի մասին բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնենք եւ փաստերով ներկայացնենք»։ Նա ասաց, որ բացի այս հանդիպումից, նաեւ պատվիրակության ղեկավարի՝ Հերմինե Նաղդալյանի մոտ էլ է օրերս քննարկում անցկացվել։ Պատվիրակության անդամներից Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ տեղյակ չէ քննարկման ընթացքից, բայց ինքը Ստրասբուրգում անպայման ելույթ կունենա։ Ստրատեգիական մյուս հարցերին չցանկացավ պատասխանել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ