«Լոլո»-ների ֆիասկոն

«Լոլո»-ների ֆիասկոն

Մեկնաբանը հեռանկար է ուրվագծում, որ Ադրբեջանի նկատմամբ քաղաքակրթական (արեւմտյան ժողովրդավարության չափանիշներով) առաջընթացը կփոխի միջազգային հանրության մոտեցումները, եւ այդ դեպքում ԼՂ խնդիրը մեզ համար կլինի ոչ թե բեռ, այլ՝ զարգացման հնարավորություն (http://www.1in.am/1892398.html):



Երբ նախկին արտգործնախարարն է պնդում, որ շրջափակման պայմաններում 1998-2008թ.թ. Հայաստանում երկնիշ տնտեսական աճ եւ ներգաղթ է արձանագրվել, կարելի է վիճել, բայց եւ հասկանալ՝ նա իր «անավարտ տասնամյակի» քաղաքականությունն է շարունակում: Անհամեմատ դժվար է հասկանալ, թե լրատվամիջոցին ի՞նչն է դրդում իրականության եւ գործնական քաղաքականության հետ ապրիորի ոչ մի կապ չունեցող գաղափարներ շրջանառել:



Քաղաքակրթական մակարդակում Հայաստանը մի քանի գլուխ բարձր է Ադրբեջանից: Միայն այն փաստը, որ Բաքվում 1993-ից կառավարում է Ալիեւների կոռումպացված կլանը, իսկ Հայաստանում երեք նախագահ է փոխվել, բավական է, որպեսզի ասվածը հաստատվի: Բայց դա ի՞նչ կապ ունի ռեալ-պոլիտիկի հետ: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բաքու-Ջեյհան նավթատարի մյուս կնքահայրերը չգիտեի՞ն՝ ով է Հեյդար Ալիեւը, ինչպե՞ս է իշխանության եկել եւ ի՞նչ բռնություններով է պահում:



Բայց դա չխանգարեց, որ արեւմտյան նավթային կոնսորցիումը տասնյակ միլիարդ դոլարի ներդրումներ անի, վերականգնի Ադրբեջանի նավթարդյունաբերությունը: Քաղաքակրթական նույն մակարդակու՞մ է bp-ի տնօրենը՝ Sokar-ի կառավարիչ Ռովնագ Աբդուլլաեւի հետ: Իհարկե՝ ոչ: Բայց նրանք բիզնես գործընկերներ են: Եւ Անգլիայի վարչապետն Ադրբեջանի իշխանություններին գնահատում է իր երկրի շահերի, ոչ թե՝ խոսքի ազատությունը հարգել-չհարգելու կամ լրագրող Խադիջա Իսմայլովայի ինտիմ կյանքին հետեւել-չհետեւելու կտրվածքով:



Վրաստանում ՛՛հնգօրյա պատերազմը՛՛ տեղի ունեցավ ՛՛վարդերի հեղափոխության՛՛ հինգերորդ տարում: Եւ քաղաքակրթության տեսանկյունից Վրաստանն ավելի առաջադիմական էր, քան՝ Ռուսաստանը: Հետո՞… Արեւմուտքն ինչպե՞ս պաշտպանեց Սաակաշվիլիին: Ոչ մի կերպ: Սաակաշվիլին եթե խելամիտ գտնվեր, չէր տրվի քաղաքակրթության գայթակղությանը եւ չէր կորցնի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Իսկ շատ փորձագետներ, այդ թվում՝ արեւմտյան, ոչ առանց հիմքերի պնդում են, որ Սաակաշվիլին Ցխինվալին գրոհել է Արեւմուտքի դրդմամբ:



Առավել ցայտուն է Կոսովոյի օրինակը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ հանցագործություններ է կատարել Կոսովոյի ՛՛ազատագրական բանակը՛՛ սերբերի դեմ: Գաղտնիք չէ, որ Կոսովոյի ներկայիս էլիտան անցել է այդ պատերազմը: Նրանցից ոմանք անգամ մերկացվել են մարդկային օրգանների վաճառքի մեջ: Եւ ի՞նչ: Դա խանգարե՞ց, որ Արեւմուտքը ճանաչի Կոսովոյի անկախությունը: ՆԱՏՕ-ին պետք էր թույլ Սերբիա: Եւ նպատակն իրագործվեց:



Ի՞նչ է իրենից ներկայացնում Էրդողանի Թուրքիան: Մի՞թե՝ ժողովրդավարության կղզյակ՝ Մերձավոր Արեւելքում: Իհարկե՝ ոչ: Թուրքիան ավտորիտար երկիր է, որտեղ բռնաճնշվում է մարդու եւ ժողովրդի իրավունքը: Բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Եւ այդ կարգավիճակով է հարաբերվում Եվրամիության հետ՝ մի նախապայմանից անցնելով հաջորդին: Իսկ եվրոպական ոչ մի մայրաքաղաք Էրդողանին պերսոնա նոն-գրատա չի հայտարարում:



՛«Այո, նա շան որդի է, բայց մեր շան որդին է»,- որեւէ մեկն այս մոտեցումը դեռ չի վերանայել: Ոչ Արեւմուտքում, ոչ Ռուսաստանում: ԼՂ հարցում քաղաքականության շահը պայմանավորված է Կասպից ավազանի էներգակիրների եւ Կովկասի կոմունիկացիոն հնարավորությունների նկատմամբվ վերահսկողության հեռանկարով: Առկա ստատուս-քվոն կարճաժամկետ ապագայում փոխելու նախաձեռնությունն արեւմտյան է:
Եւ եթե այդ ծրագիրը չի գործադրվում, ապա ոչ թե Ռուսաստանի, այլ՝ Ադրբեջանի պատճառով: Որովհետեւ Ադրբեջանի նպատակը ոչ թե ԼՂ խնդրի կարգավորումն է, այլ նրա ժողովրդի բռնատեղահանումը եւ տարածքի բռնակցումը: Առնվազը: Դա գիտեն նաեւ Արեւմուտքում: Եւ շարունակում են լռել: Փոխարենը հայրենական մամուլում «լոլո»-ներ են գեներացվում…



Վահրամ Աթանեսյան