Թալինում եւս ընտրությունները հարթ չեն անցնում. ֆոտո

Թալինում եւս ընտրությունները հարթ չեն անցնում. ֆոտո

Այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 08.00-ին Թալինում մեկնարկեցին քաղաքապետի ընտրությունները: Քաղաքապետ դառնալու համար պայքարում է երեք թեկնածու՝ ներկայիս գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ կողմից առաջադրված Տիգրան Հարությունյանը:



Հայկական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ քաղաքացիներն ակտիվ մասնակցում են ընտրություններին: Այս պահի դրությամբ արդեն իսկ որոշ խախտումներ են արձանագրվել, նկատվել են մարդկային անհարկի կուտակումներ ժամը 08.00-ին` 5/ 3 –տեղամասում, ժամը 09.00-ին` 45 տեղամասում, կազմվել է արձանագրություն, որ այդ տեղամասում այդ պահի դրությամբ մարդկային կուտակումներ են: Տեղամասի ղեկավար Ալվիտա Մելքոնյանի վստահեցմամբ` նույնիսկ ընտրողների միջեւ ընթացել են բանավեճեր ու կռիվներ: Ի հայտ են եկել նաեւ ընտրաթերթիկների կեղծ լցոնումներ:



15/2 տեղամասում, ինչպես տեղեկացնում է տեղամասի ղեկավար Ավետիք Ավետիքյանը, ժամը 11.25 ին կազմվել է արձանագրություն, առ այն, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից շատերը ընտրության են մասնակցել ID քարտերով եւ տրանսպորտային երթեւեկության վկայականով՝ շփոթության մեջ գցելով հանձնաժողովի անդամներին:
Ինչպես տեղեկացնում են հանձնաժողովի անդամները, ոստիկանությունը բավական պասիվ է աշխատում, ինչի արդյունքում անընդհատ մարդկային կուտակումներն են լինում:
Ինչ վերաբերում է ներկայիս գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի թեկնածության համար պայքարող քաղաքացիներին, ապա նրանցից մի տարեց կին ՀՏԿ-ի հետ զրույցում ասաց, որ այս ընտրություններին իրեն բավարար գումար չվճարելու պատճառով իր քվեն չի տալու Ս.Արամյանի օգտին: