Հրազդանում իր սեւը գործը արեց ընտրակաշառքը. Սասուն Միքայելյանի համակիրներ

Հրազդանում իր սեւը գործը արեց ընտրակաշառքը. Սասուն Միքայելյանի համակիրներ

Հրազդանում ապրիլի 17-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքներով՝ Հրազդանում ՀՀԿ անդամ, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 12510 ձայն, Քաղաքացիական պայմանագրի անդամ Սասուն Միքայելյանը`  10267 ձայն, իսկ Հայկական վերածնունդի անդամ, Արթուր Բաղդասարյանի նախկին մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը`  1237 ձայն, անվավեր քվեաթերթիկները 813 են: 44 338 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 24 861-ը:



Մինչ ընտրությունները կային սպասելիքներ, որ համայնքի ղեկավարի ընտրություններում կարող է հաղթել Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունեցող, 1996-99թ. Հրազդանի քաղաքապետ Սասուն Միքայելյանը, որը մեծաթիվ համակիրներ ունի Հրազդանում։



2008թ., երբ Սասուն Միքայելյանը ՀՀ նախագահի ընտրություններից հետո «Յոթի գործով» քաղբանտարկյալ էր, նրան համակրող հրազդանցիները Սասունի նկարներով ու պաստառներով գալիս, ցույցեր էին անում դատարանի առաջ՝ պահանջելով ազատ արձակել նրան։ Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով նույնիսկ նրա ջերմեռանդ համակիրները շաբաթներ շարունակ ցույցեր ու հացադուլներ էին անում Վանատուր գյուղում՝ պարբերաբար արժանանալով ոստիկանների բռնություններին եւ ծեծ ու ջարդին։



Ինչո՞ւ, այնուամենայնիվ, իր հայրենի Հրազդանում այդքան սիրված հրամանատարը, որը ապրիլյան առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի ժամանակ, թողեց քարոզարշավն ու այլ ազատամարտիկների հետ մեկնեց այնտեղ, ըստ ԿԸՀ-ի տվյալների,չհաղթեց համայնքի ղեկավարի ընտրություններում։ Սասուն Միքայելյանի մտերիմ ընկեր Մեսրոպ Մեսրոպյանը կարծում է, որ այս ընտրություններում իր սեւ գործն է կատարել ընտրակաշառքը։ Նա հիշեցնում է, որ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս ընտրություններին մարդկանց գումար են բաժանել, կիրառել են նույն տեխնոլոգիաները, սպառնացել, որ մարդկանց կազատեն աշխատանքից։ Նկատեցինք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եղան, այնուամենայնիվ, քաղաքապետարանի աշխատակիցներ, որոնք հանդգնեցին պաշտպանել Սասուն Միքայելյանին։ «Նման երեւույթներ էլ են լինում, ինչ խոսք»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ ոստիկանությունը, իրավապահ մարմիններն, ըստ նրա, քայլեր չեն ձեռնարկել այդ ամենը կանխելու համար։ Մեսրոպ Մեսրոպյանը նկատում է, որ հենց Սասուն Միքայելյանի ստացած պատկառելի թվով քվեներն ապացուցում են, որ Հրազդանի բնակչության առնվազն կեսը դեմ է գործող քաղաքապետին, որը չորրորդ անգամ «վերընտրվելիս» նույն խոստումներն է տալիս, սակայն նրա արած-չարածը բոլորի աչքի առջեւ է։



Ազատամարտիկ, Սասուն Միքայելյանի ընկեր Արշավիր Բոզինյանը կարծում է, որ այն քաղաքացիները, որոնք ընտրությունների ժամանակ ընտրակաշառք են վերցրել, գտնվում են ռոբոտացած վիճակում։ Այս ընտրություններում, ըստ նրա, հիմնական դերը խաղացել է ընտրակաշառքը։ Նա տեսել է, թե ինչպես են մարդկանց ընտրակաշառք բաժանում անգամ երիտասարդ աղջիկները։ Այդ աղջիկները, ըստ մեր զրուցակցի, մուտք էին գործում տներ, իսկ հետո Սասուն Միքայելյանի համակիրները տեսել են, թե ինչպես են նրանց հեռանալուց հետո այդ տներից մի քանի հոգի միաժամանակ գնում ընտրատեղամաս։
«Մարդկանց գումար են բաժանել, որ ձայն տան իշխանության թեկնածուին։ Եվ եթե մարդիկ մի քանի հազար դրամի դիմաց ընտրել են գործող քաղաքապետին, չորս տարի շարունակ էլ նրա իշխանությունը կտեսնեն»,- ասաց մեր զրուցակիցը։



Թագուհի Հակոբյան