Պարոն Հարությունյանին «նիզաշտո» տեղը վիրավորեցի

Պարոն Հարությունյանին «նիզաշտո» տեղը վիրավորեցի

Մի քանի օր առաջ գառնեցիները փակել էին մայրուղին՝ պայքարելով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեմ, որով Ազատ գետի ջուրը հասցվելու է Արարատ։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը մեկնել էր դեպքի վայր՝ զրուցելու հավաքվածների հետ։ Զայրացած բազմությունը, մեղմ ասած, լավ չէր ընդունել նրան։ Ակցիայի տեսանյութից մարդիկ հատկապես առանձնացրել ու հերոսացրել էին մի տարեց մարդու, որն սպառնում էր կոմիտեի նախագահին «խփել», քանի որ «վատ է պահում իրեն»։ Մենք պարզեցինք, որ Արամ Հարությունյանի «բերանը ջարդող» տղամարդը Գառնի գյուղի բնակիչ Արտաշես Գրիգորյանն է։ Եվ երեկ զանգահարեցինք նրան։ Վերջինս, պարզվեց, այլեւս չի ցանկանում «ջարդել պետական պաշտոնյայի բերանը» եւ զղջում է իր ասածների համար։



«Ուրեմն, ես ուղղակի պահի տակ հոսանքի տակ ընկա, ես կապված չէի էդտեղի էդ ամեն ինչի հետ, ուղղակի ոգեւորվեցի պահի տակ, անտեղի վիրավորանք տվեցի, որ իսկապես իմ տարիքի մարդուն հեչ հարիր չէր, ես չէի ցանկանում։ Իմ երեխու տարիքի մարդ էր ինքը, ստացվեց ուղղակի պահի տակ։ Ես հույս ունեմ, որ պարոն Հարությունյանը մեծահոգաբար ներողամիտ կլինի, ես էլ, եթե ժամանակի ընթացքում հանդիպեմ նրան, գլխիկոր չեմ անցնի, կխնդրեմ մի լավ բան կատարի մեր Գառնի գյուղի համար։ Ես հույս ունեմ, որ ինքը մեծահոգի մարդ է»,- ասաց նա։



Մեր դիտարկմանը, թե պետք չէ արդարանալ, մենք ուզում էինք իմանալ՝ ինչից է ծագել վեճը, գառնեցին ասաց. «Չէ, չէ, ես իսկությունն եմ ասում, ես չեմ էլ պատկերացնում, որ Դուք զանգել եք ինչ-որ բան պահանջելու»։



- Իսկ խնդիրը ո՞րն է, ինչի՞ց ծագեց վեճը։



- Ասեմ՝ խնդիրը որն էր։ Որ ճիշտն ասեմ՝ դիակ կար մեքենայի մեջ։ Հորաքույրս՝ մահացած, մեքենայի մեջ էր, ու էդ պահին ճանապարհը փակ էր, ես չէի կարողանում հասցնել մորգ։ Ու էդ փակ վիճակը, էդ խժդժությունը-բանը իմ մեջ տեղիք տվեց, էլ չկարողացա ու համբերությունից դուրս եկա։



- Այսինքն՝ Դուք ակցիայի մասնակից չե՞ք եղել։



- Չէ, չէ, ես կոնկրետ էդտեղ մասնակից չեմ եղել, ոչ թե դեմ եմ, կողմ եմ, բան, էդ թեման երրորդական թեմա է էս պահին իմ մոտ։ Իմ թեման էն ա, որ ես պարոն Հարությունյանին, կներեք էս բառի համար, «նիզաշտո» տեղը վիրավորեցի։ Իսկապես, իմ տարիքի մարդուն դա չէր սազում։ Հետո, գիտե՞ք ինչն էր էստեղ խնդիրը, ցավդ տանեմ։ Կյանքն ինչ դժվարացել ա, ելնելով ապրելակերպից, հենց որ մի պաշտոնյա է հանդիպում, քիչ ա մնում փրթիկ-փրթիկ անենք էդ մարդուն։ Ուղղակի չստացվեց, էլի, չկարողացա ինձ տիրապետել։ Էդտեղ լիքը բզբզողներ կային, որ չէի էլ ճանաչում դրանց։ Մեկը՝ պլակատներով, մեկը՝ ուրիշ բանով, ավելորդ ռեպլիկներ բաց թողեցին, ու ճանապարհը, որպեսզի շուտ բացվի, էդ իրանց տված ռեպլիկները, էդ ժամանակատար պրոցեսն ինձ հունից հանեց։
- Իսկ անձամբ Արամ Հարությունյանն ի՞նչ էր արել, որ հունից դուրս եկաք։



- Հարությունյանն անձամբ ինձ բան չարեց։ Էդ բզբզողները... երեւի նորից կրկնեմ, որ մի պաշտոնյա է ընկնում ձեռքներս, սկսում ենք ամբողջ հանրապետության մեղքի բաժինը, մուռն իրանից հանենք։



- Իսկ այդ դեպքից հետո Հարությունյան Արամին տեսել կամ խոսե՞լ եք հետը։



- Չէ, անձամբ ինքն ինձ հետ չի կապվել, ես եմ ցանկություն հայտնել, որ գնամ իրեն հանդիպեմ, որ էս եղած-չեղածը մաքրվի։ Անհարմար եմ զգում ուղղակի։



- Իսկ կարո՞ղ է իր կողմնակիցներից են եկել Ձեզ մոտ...



- Ուգռո՞զ անեն ինձ... տենց բան չի եղել, տենց բան չի էլ կարա լինի, ախպեր, ես էդքան թուլամորթ տղա չեմ, որ ինձ ուգռոզ անեն։ Ուղղակի ստացվել ա մոտս։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ