Թուրքական ապրանք գնելու դեպքում վնասները լինում են ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական և բարոյական

Թուրքական ապրանք գնելու դեպքում վնասները լինում են ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական և բարոյական

Վաղը` ժամը 12։00-ին, կառավարության շենքի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների: Ակցիայի ժամանակ այրելու են թուրքական արտադրության ապրանքներ: Նախաձեռնության կազմակերպիչներն այսօր ասուլիս էին հրավիրել եւ մանրամասներ հաղորդեցին:



Տնտեսագետ Թաթուլ Մանասերնյանն ասաց, որ թուրքական ապրանք գնելու դեպքում վնասները լինում են ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական և բարոյական: «Գնելով թուրքական ապրանք` մենք ֆինանսավորում ենք այդ երկրի ռազմարդյունաբերական համալիրը։ Խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին։ Եթե հաշվի առնվի, որ Թուրքիայի հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ, առիթից օգտվում է Վրաստանը, շատ ապրանքներ վերամակնիշավորվում են, իսկ բավականին մեծ զանգված էլ առանց վերամակնիշավորման մուտք են գործում Հայաստան, մի մասն էլ կարող է մաքսանենգ ճանապարհով ներմուծվել երկիր. ահա վնասի պատկերը, այն հասցնում ենք ինքներս մեզ»։ Նա շեշտեց, որ որպես ինքնիշխան պետություն` թուրքական ապրանքների վերավաճառքով զբաղվող մարդկանց համար պետք է աշխատատեղեր ստեղծել, մեր երկիրը պետք  է խրախուսի ինքնազբաղվածությունը և չհարկի միկրո բիզնեսը, միայն առևտրով չէ, որ մարդիկ կարող են տուն պահել։ 



«Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության կազմակերպիչներ, «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը նշեց, որ 2008-2014 թթ Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 1,5 միլիարդ դոլարի ապրանք,  իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 25 տարվա ընթացքում, Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 2,2 միլիարդ դոլարի ապրանք. «Այս թվերը շատ բան են ասում։ 2008-ից 2014թ ավելի շատ ապրանք է ներմուծվել, քան 25 տարիների ընթացքում։ Թուրքիայից Հայաստան ներմուծվում է ապրանք, իսկ հակառակ պրոցեսը Թուրքիայում ագելված է։ Ներմուծելով թուրքական ապրանք՝ խանգարում ենք տեղական ապրանքների վաճառքին»։



Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Ծովինար Կոստանյանը ասաց, որ Թուրքիայից ներմուծում ենք նաև սննդամթերք և դրանով եւս վնասում ենք տեղական արտադրությանը. «Մենք չենք կարող վստահ լինել, որ այդ սննդի միջոցով մեր նկատմամբ բակտերիական դիվերսիա չի լինի։ Կարևոր հարց է, որին պետք պետական մակարդակով անդրադառնալ»։