Երեխաները ծիծաղում էին, բայց այդ ծիծաղից վախի հոտ էր գալիս

Երեխաները ծիծաղում էին, բայց այդ ծիծաղից վախի հոտ էր գալիս

Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրերին Էդգար եւ Գոհար Թաթիկյաններն իրենց «3 խնձոր» տիկնիկային թատրոնը տեղավորել են մի ճամպրուկում ու միանգամից գնացել Ստեփանակերտի հյուրանոցներում ժամանակավոր բնակություն հաստատած Թալիշի ու Մատաղիսի բնակիչների համար ներկայացումներ խաղալու։ Երբեմն հենց հյուրանոցների միջանցքներում, ճաշարանում ու բակում են խաղացել իրենց «Պոչատ աղվեսը» ինտերակտիվ ներկայացումը։



«Ես ընթացքում միայն հասկացա, թե մեր ձեռքերում ինչ հզոր զենք կա, որի մասին իսկապես չգիտեինք։ Այն էմոցիաները, վախը, որ կուտակվել էր երեխաների մեջ, տարբեր շարժումներով, հնչյուններով դուրս էր գալիս»,-պատմում է Գոհարն ու հիշում, որ ապրիլյան առաջին օրերին, երբ խաղում էին Ստեփանակերտի թիվ 5 դպրոցում, երեխաներն իրենց ամեն մի շարժման վրա շատ բարձր ծիծաղում էին. «Թվում է, թե երեխաներն ուրախանում են, ուրեմն ներկայացումը լավն է, բայց այդ ծիծաղից վախի հոտ էր գալիս, երեխաների ծիծաղի մեջ այնքան կուտակված վախ կար, որն այդպես էր դուրս գալիս»։



Քանի որ Թալիշից շատ մարդիկ տեղափոխվել են նաեւ Հայաստան եւ ապաստան գտել Աբովյանում ու Չարենցավանում, «3 խնձոր» տիկնիկային թատրոնն այս օրերին այցելել է նաեւ այդ քաղաքներն ու ներկայացումներ խաղացել տեղի դպրոցում ու գրադարանում։ Գոհարը զրույցի ընթացքում նկատում է՝ հաճախ մեզ թվում է, թե երեխաները շատ բան չեն լսում, չեն հասկանում, բայց նրանք շատ ուշադիր են, ամեն ինչ ընկալում են, իրենց ձեւով հասկանում ու անպայման զգում են, որ վտանգ կա, գուցե չկարողանան արտահայտվել, ինչպես մեծերը, բայց զգում են։



«Երեխաները տիկնիկներին վստահում են, ու քանի որ ներկայացման մեջ ունեինք տատիկի կերպար, կարող է մոտենային ու նրան իրենց վախերի մասին պատմեին, անգամ տեսնելով, որ այդ տատիկին ես եմ բռնել։ Ինձ թվում էր, թե աղվեսը նրանց համար ավելի համով կերպար կլինի, բայց պարզվեց, որ աղվեսին անընդհատ հանդիմանում էին, օրինակ՝ այսօր մի փոքրիկ երեխա ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել, որ ինքն աղվեսին ասաց՝ կաթը չուտես, ու նա համարձակվեց կաթն ուտել։ Անընդհատ գնում-գալիս էր, բռնում աղվեսի դեմքից ու ասում՝ ես քեզ ասեցի՞ չուտես, ինչի՞ կերար։ Այսինքն՝ անարդարության դեմ են դուրս եկել երեխաները, որ սա քոնը չէր, ինչո՞ւ վերցրիր»,-պատմում է Գոհարն ու հիշում, որ ներկայացման ընթացքում երեխաներից մեկը թուլացավ միայն այն ժամանակ, երբ տեսավ, որ մայրն էլ կտրվեց ամեն ինչից ու միացավ խաղին։



«Երբ գնացինք Չարենցավանի դպրոց, այնտեղ ասացին, որ սահմանից եկած փոքրիկներ կան, որոնց տան վրա առաջինն է թշնամին հարձակվել, եւ պատմեցին, որ կրակի տակից իրենք ուղղակի փախել են։ Շատ ուժեղ շոկային վիճակի մեջ էին այդ երեխաները, որոնց հետ հոգեբան էր աշխատում։ Երբ իմացա դրա մասին, սկսեցի բարբառով խոսել, որ իրենց տատին է եկել Ղարաբաղից՝ հատուկ իրենց համար, ու իրենք կամաց-կամաց սկսեցին բացվել ու վստահել տատիկին, հատկապես այն տատիկին, որ իրենց բաբոն է ու եկել է Ղարաբաղից։ Ներկայացման վերջում իրենց հոգեբանը մոտեցավ ու ասաց, որ այն, ինչ ես պիտի անեի մի ամսում, դուք արեցիք 40 րոպեում»։



Ինչպես նշում է Էդգարը, սա իրենց 2-րդ պրոյեկտն է, որ անում են «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության հետ։ Առաջին անգամ ամանորյա ներկայացմամբ Տավուշի սահմանամերձ 3 գյուղերի երեխաների համար է թատերախումբը հանդես եկել։ Թատրոնը ԼՂՀ մշակույթի նախարարության հետ արդեն պայմանավորվածություն ունի եւ մեկ այլ՝ «Թակ ու մահակ՝ թամբալին» ներկայացմամբ առաջիկայում շրջելու է Ստեփանակերտի դպրոցներում, գուցե՝ նաեւ շրջաններում։ Էդգար եւ Գոհար Թաթիկյանները, որոնք արդեն 4 տարի ապրում եւ ստեղծագործում են Արցախում, ընդգծում են՝ մշակութային կյանքը երկրում չի ընդհատվել, իսկ առաջին օրերին մշակույթի նախարարությունն անգամ համերգային ծրագրով խմբեր է ուղարկել տարբեր գյուղեր, որպեսզի մարդիկ չընկճվեն։



Ամուսինները նշում են, որ չնայած օդի մեջ առկա անորոշ վիճակին՝ Արցախում մարտական են տրամադրված. «Բոլորս ենք ուզում, որ իսկապես մի բան լինի, պատրաստ ենք էլի ինչ-որ բան զոհելու, միայն թե հարցը վերջնականապես լուծվի, եւ բոլորն են վստահ, որ դա նորից կավարտվի հայկական կողմի հաղթանակով։ Այդ հաղթանակի սպասումն էլ օդի մեջ կա, որը շատ հետաքրքիր կերպով արտահայտվում է երեխաների խաղի մեջ։ Որ բակով անցնում ես, երեխաները կռիվ-կռիվ են խաղում, անգամ մի այսպիսի դեպք եղավ, պետք է բաժանվեին հայերի ու թուրքերի, երեխաներից ոչ մեկը չէր ուզում խաղի ընթացքում թուրք դառնար»։ Էդգարն ավելացնում է, որ մարդկանց մոտ ավելի շատ զայրույթ կա, թե ինչու հարցը չի լուծվում. «Մարդիկ գերմոբիլիզացված վիճակում են, ոչ թե ռազմական առումով, այլ՝ մտավոր եւ հոգեբանորեն»։



Էդգարի կարծիքով, մեր միակ բացթողումն այս պատերազմում մեր «արխային» վիճակն է. «Մենք շատ հանգիստ ենք, հատկապես Արցախում. «ա դե կգան՝ մի բան կանենք»։ Էլի կանենք, խնդիրը դա չէ, բայց նախապես ամեն մեկը պիտի իմանա, թե ով ինչ է անում»։ Իսկ դրական կողմը, ըստ Էդգարի, միանշանակ այն էր, որ կոտրվեցին 90-ականների պատկերացումները պատերազմի մասին։ «Մինչեւ հիմա էլ կան մարդիկ, որ իրենց թվում է, թե հենց կռիվ սկսվեց, պիտի Ստեփանակերտի վրա ռումբեր ընկնեն։ Սա մնացորդային հիշողություն է։ Ռադիոյում, որտեղ աշխատում ենք, մի կին կա, որ ասում էր՝ կռիվ լինի, ես թողելու եմ գնամ։ Հենց կռվի թեժ օրերին մենք ռադիոյում եթերի էինք ու գնացինք տեսանք, որ այդ կինը սուսուփուս նստած՝ իր գործն է անում։ Այսինքն՝ ջարդվել է այն մոտեցումը, որ մեկը քո գլխին ինչ-որ բան է գցելու, մենք արդեն ունենք բանակ եւ հակաօդային շատ փայլուն պաշտպանություն, ու թող փորձի հանկարծ երկնքում մեր արծիվներից բացի մի ուրիշ երկաթե ծիտ երեւա»,-ասում է Էդգարն ու էպոսի օրինակը բերում՝ մեր 4 ճյուղերից յուրաքանչյուրն իր նախորդից 7 անգամ ուժեղ է, մեր այսօրվա զինվորներն իրենց նախորդներից 7 անգամ ուժեղ են, եւ դա այդպես էլ պետք է լինի, այլապես ազգը կկործանվի։



Գոհարի կարծիքով, քանի որ մեր ազգն իր տեսակով արարող է եւ ոչ թե ավերող, ապա արագ ենք մոռանում, որ շրջապատված ենք թշնամիներով, մինչդեռ զգոնությունը երբեք չպետք է կորցնել, հատկապես որ թշնամու ձեռագիրը չի փոխվել. «100 տարի պահանջվեց, որպեսզի հայ ժողովուրդն իսկապես հասկանա, թե թուրքն ով է, ու, չգիտես ինչու, 100 տարի անց հասկացանք ու նորից մոռացանք։ Սա մի մեծ քննություն էր մեր ժողովրդի համար, որպեսզի հասկանանք, թե այս 20 տարիների ընթացքում ինչ ենք ձեռք բերել, ինչն ենք բաց թողել։



Մինչեւ այդ քառօրյա պատերազմը բոլորս տալիս էինք մեր հերոսների՝ Մոնթեի, Կոմանդոսի անունները, ու մտածում էինք, որ եթե հանկարծ պատերազմ լինի, ախր, մենք էլ Մոնթե չունենք, սակայն կյանքը ցույց տվեց, որ Մոնթե չունենք, բայց Նարեկ ունենք, Քյարամ ունենք ու այնպիսի տղերք, որ Մոնթեն կարող է հանգիստ քնել, որովհետեւ իր հողերն ապահով ձեռքերում են։ Մենք այսօր Մոնթեով դաստիարակված անկախության մի ամբողջ սերունդ ունենք։ Մեր սերնդի ի՞նչն է լավ, որ ինքը ոչ մի ձեւ չի պատկերացնում, թե ոնց կարող է մենք անկախ ու ազատ չլինենք։ Մնում է մեզ չխանգարեն թե ներսից ու թե դրսից, որ այն գենը, ծիլը մեր մեջ արթնացավ, պահենք-փայփայենք ու ամուր կաղնի դարձնենք»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ