Դեղերի շուկան մենաշնորհո՞ւմ են, թե՞ կարգավորում

Դեղերի շուկան մենաշնորհո՞ւմ են, թե՞ կարգավորում

Ազգային ժողովում նախօրեին բուռն քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը եւ կից օրենքների փաթեթները երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագծերը: Դրանք ներկայացնում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: «Դեղերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռեւս 1996թ., այն, ըստ նախագծի հեղինակների, չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ողջ սպեկտրը՝ որակ, անվտանգություն եւ արդյունավետություն:



Նախագծով դեղերի մեծածախ իրացման համար սահմանվում է լիցենզավորման պահանջ: Իսկ լիցենզիայի կասեցման հիմք է սահմանվում լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտումը, որն ուղղակի կամ անմիջական վտանգ կամ ռիսկ է պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար: Սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար: Ներկայումս սահմանված է քրեական պատասխանատվություն միայն պատրաստման համար: Օրենսդրական փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելու կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել է մարդկանց մահ:



Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ առաջին հայացքից լավ օրենք է թվում, սակայն փոքր դեղատները, դեղերի մանրածախ առեւտրով զբաղվողները դժգոհ են օրենքի այս նախագծից, որի մասին տեղեկացրել են պատգամավորին։ Նրանք վստահ են, որ ամրապնդվելու է Հայաստանում դեղերի շուկայի մոնոպոլիան: Մարուքյանն ասաց, որ ինքը ոլորտի մասնագետ չէ, ընդամենը քաղաքացիների բողոքի ձայնն է բարձրացնում: «Հիմա, այս օրենքի ընդունումից հետո, Հայաստանում դեղի գները կարո՞ղ են էժանանալ եւ հասնել այն գներին, ինչն առկա է Վրաստանում: Սրա մասին շատ ենք խոսել: Ես մարդիկ գիտեմ, որ իրենց հիվանդին թողած՝ Թիֆլիս են գնում, որ դեղ առնեն»,- հետաքրքրվեց Մարուքյանը։ Նա տեղեկություններ ուներ, որ նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են, իսկ դեղի մանրածախ առեւտրով զբաղվողներն այլեւս զրկվելու են դեղ ներմուծելու հնարավորությունից:



Մարուքյանը հիշեց, որ փաստաբան աշխատած տարիներին՝ 2011-ին, առնչվել է Վանաձորի դեղատներից մեկի՝ «Սզնի» ՍՊԸ-ի պատմությանը: Վերջինս մասնակցել էր հիվանդանոցում հայտարարված «ցեֆտրիաքսիոն» դեղի մատակարարման մրցույթին եւ հաղթող ճանաչվել: Մրցույթին մասնակցել էր նաեւ «Նատալի ֆարմ» ընկերությունը եւ պարտվել: Փոխարենը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» պահանջվող ամբողջ խմբաքանակ «ցեֆտրիաքսիոն» դեղը նվիրել էր հիվանդանոցին, իսկ հիվանդանոցը «Սզնիին» ասել էր. «Կներեք, դուք տենդերը շահել եք, բայց պայմանագիր չեմ կնքում ձեզ հետ»: Մինչդեռ «Սզնի» ընկերությունն այդ դեղն արդեն ներկրել էր: «Հիմա մենք Վանաձորի «Սզնի» ընկերությանն այս օրենքի ընդունումով ասում ենք, որ դու այլեւս դեղ չներմուծես: Այն ժամանակ ասում էին՝ ներմուծի, մենք կնվիրենք դեղերը, դու չես կարող վաճառել, ու մարդուն բանկրոտ կանենք, հիմա ասում ենք՝ դու ընդհանրապես չներմուծես, որովհետեւ ներմուծողները կներմուծեն, դու գործ չունես, դու ո՞վ ես, որ ներմուծես: Մենք դա անում ենք օրենքով... Ստեղ է՞լ են թուրքերը մեղավոր»,- իրեն չկարողացավ զսպել պատգամավորը։



ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ Հայաստանից ով գնում է արտերկիր, հարազատները, հարեւանները, սկսած ցավազրկող էլեմենտար դեղերից, խնդրում են, որ հետը 1-2 տուփ բերի: Ըստ պատգամավորի՝ խոսքը դեղերի որակի մասին է, եւ դա բոլորը գիտեն: «Բժիշկների հետ եմ զրուցել, վիրաբույժներն ասում են, որ հիվանդին ցավազրկող ենք սրսկում, բայց վիրահատության ժամանակ մեզանից շատ է խոսում, չի ցավազրկում, չի քնում»,-ասաց Հ. Մարգարյանը։ ԲՀԿ խմբակցության նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյան էլ ասաց, որ թղթի վրա փայլուն օրինագիծ է գրվել. «Բայց արդյո՞ք թղթի վրա գրված իդեալական օրենքը կյանքի կկոչվի»։ Սակայն այս մտահոգությունը չի խանգարի, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ քվեարկի նախագծին։ Ի դեպ, ԲՀԿ-ն նաեւ հընթացս արդարացրեց իր ապագա «կողմը» Ընտրական օրենսգրքին՝ ասելով, որ մի կողմից ընդունվել են իրենց առաջարկները, մյուս կողմից բազում խնդիրներ կան։ «Դեղերի գինը, վստահաբար, բարձրանալու է, որովհետեւ եթե պահպանման ստանդարտները դրվելու են կազմակերպությունների վրա, բնականաբար, ավտոմատ կերպով դեղերի գինը բարձրանալու է»,-ասաց Ն. Զոհրաբյանը։



Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ դեղերի շրջանառությունը վատ վիճակում է եւ խիստ կարգավորման կարիք ունի, նոր օրենքն էլ կարգավորմանն է ուղղված։ «Փոքր դեղատների վրա այս օրենքը չի թողնելու որեւէ բացասական ազդեցություն: Ամբողջ օրենքի շրջանակում փորձել ենք պաշտպանել այդ փոքր միջավայրը, փոքր դեղատների գաղափարը»,-ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ մոնոպոլիա այն չի առաջացնելու, հակառակը՝ բոլորին տրվելու են հավասար լիազորություններ, լիցենզիա։ Մինչդեռ, նկատեցինք, փոքր ընկերությունները դժգոհ են, գուցե վստահ են, որ, ինչպես բոլոր ոլորտներում, խոշորները կգրավեն դաշտը, իսկ իրենք հազար ու մի պատճառով կարող են զրկվել լիցենզիայից կամ առհասարակ չստանալ։



«Գիտեք ինչ, 10 տարի բոլոր ընկերություններն ազատ դաշտում ինչ ուզել՝ արել են, մեծածախի լիցենզիա չի եղել, ով ոնց ուզել է՝ ներմուծել է, եւ մենք մեխանիզմ չենք ունեցել վերահսկելու, ինչն էլ հանգեցրել է որակի եւ այլ խնդիրների, հիմա, երբ որ դաշտը կարգավորվում է, ու դրվում են չոր կանոններ, իհարկե, որոշ ընկերություններ կարող են դժգոհություններ արտահայտել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման լիցենզիա ստանալու համար պետք է համապատասխան տրանսպորտային միջոցներով, սառնարաններով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովված լինի տվյալ ընկերությունը։ Հայաստանում դեղերի բարձր գնի մասին էլ Խաչատրյանն ասաց, որ դա պայմանավորված է 20% ավելացված արժեքի հարկով: Որքանո՞վ է դեղերի գների աճը հավանական։ Փոխնախարարն ասաց. «Մենք հաշվարկ չունենք, որ խստացումը, այդ կանոնակարգումը պետք է եւ հնարավոր է հանգեցնի գնաճի կամ նվազեցման։ Ես կարող եմ ասել, որ գների կանոնակարգման կետի համաձայն՝ մենք կանոնակարգելու ենք, էժանացնելու այն գինը, որ պետպատվերի, բյուջեի սահմաններում առողջապահությունն է ձեռք բերելու»։



Նախագիծը երեկ ընդունվեց 83 «կողմ»-ով, 17 «ձեռնպահ»-ով եւ 1 «դեմ»-ով, որը Մարուքյանն էր։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ