Ասաց ու արեց. լոռեցի տղամարդու դին հայտնաբերել են Վրաստանում

Ասաց ու արեց. լոռեցի տղամարդու դին հայտնաբերել են Վրաստանում

Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Քուռ գետի մեջ, հայտնաբերվել է Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ,1960թ-ին ծնված Գառնիկ Պետրոսյանի դին, ով որպես անհետ կորած որոնվում էր դեռևս մայիսի 2-ից:



Հիշեցնենք, որ Պետրոսյանը, նշված օրը երեկոյան, տանից դուրս էր եկել և այլեւս չեր վերադարձել: Դեպքից հետո փրկարարներն ու ոստիկանները շարունակում էին Պողոսյանի որոնողական աշխատանքները: Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանին ճանաչողները հայտնել էին, որ մայիսի 2-ին տեղի է ունեցել Պետրոսյանի մոր ինքնահողի արարողությունը, որից հետո էլ նա ծանոթներից մեկին հայտնել է, որ գնում է իրեն գետը գցի, քանի որ իր ապրելը ոչ մեկին այլևս պետք չէ. «Գառնիկը մոր հետ էր ապրում, մոր ինքնահողի օրն էլ ասել է ու գնացել է, հիմա ոստիկանները քանի օր է` Դեբետ գետի ափերն են սանրում, բայց դեռ արդյունք չկա, չի բացառվում, որ Պետրոսյանը ասած ու արած լինի՝ իրեն գետը նետելով»,-հայտնել էր մեր աղբյուրը:



Եվ ահա այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 04.20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Մառնեուլի տարածաշրջանի Կաչագան գյուղի հատվածում՝ Քուռ գետի վտակներից մեկից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 2-ից որոնվող, 1960 թ. ծնված ազգությամբ հայ Գ. Պ.-ի դին: