Ի՞նչ է պատմում գիշերային ակումբի տնօրենը Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ միջադեպի մասին (Ֆոտոներ)

Ի՞նչ է պատմում գիշերային ակումբի տնօրենը Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ միջադեպի մասին (Ֆոտոներ)

2016թ մայիսի 11-ին ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին` Գուրգեն Արսենյանը ձերբակալվել էր «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Իսկ արդեն մայիսի 14-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, բավարարել էր ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու` 21-ամյա Գուրգեն Արսենյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը:  Գուրգեն Արսենյանի տղան մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ: 



Hraparak.am-ը հայտնել էր, որ վերջինս ընկերների հետ գնացել էր գիշերային ակումբ զվարճանալու, սակայն այստեղ նրա ընկերներից մեկին նկատողություն էին արել «արա»-ով խոսելու համար, պատգամավորի որդին էլ որոշել էր կանգնել ընկերոջ թասիբին, ծեծկռտուք էր եղել: Դրանից հետո նա լքել էր Հայաստանը, սակայն վերադառնալուն պես` ձերբակալվել: 



Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախնական քննության տվյալներով՝ գիշերային ակումբում վիճաբանությունն սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Միջադեպին մասնակցելու կասկածանքով ապրիլի 29-ին ձերբակալվել էին երկու անձ՝ Ռ.Թումանյանը եւ Վ.Վարդանյանը, որոնց մայիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հետ է վերցրել եւ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։



Hraparak.am-ը հայտնել էր նաեւ, որ իրադարձությունների կիզակետը «Կրիստալ» գիշերային ակումբն էր, որտեղ էլ տեղի էին ունեցել դեպքերը ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 4։00-ի սահմաններում։Մեզ հետ զրույցում գիշերային ակումբի տնօրեն Անդրանիկ Մարգարյանն պատմեց, որ դեպքի օրը Գուրգենն եւ իր ընկերները` մոտ 5 հոգի, որպես հաճախորդ, այցելել էին իրենց ակումբ: Վիճաբանության մյուս կողմն էլ 3 հոգի են եղել, ընդ որում` այս երկու խմբերը միմյանցից հեռու են նստած եղել, իսկ տեղի ունեցած վիճաբանությունը եւ ծեծկռտուքը ֆիքսել են դրսում տեղադրված տեսախցիկները, այդ տեսաերիզը ոստիկանությունը առգրավել է։ «Ակումբում եղած ժամանակ ինչ-որ ագրեսիվ վարք չեն դրսևորել, ո՛չ շատ ակտիվ են պահել իրենց, ոչ էլ խելոք։ Արդեն ակումբից դուրս գալով` սկսվել է այդ ամենը, մեր աշխատակիցները ոչինչ չեն նկատել»,- նշում է ակումբի տնօրենը։



«Կրիստալ»-ի աշխատակիցներից մեկը դուրս է եկել հեռախոսով խոսելու և նկատել է, որ ինչ-որ բան այն չէ, մենեջերին տեղյակ է պահել, և մինչև աշխատակիցների հասնելը, ոստիկանությունն արդեն դեպքի վայրում է եղել։ Մինչ ոստիկանության գալը, ծեծկռտուքի մասնակիցների մի մասը դիմել է փախուստի, իսկ մնացածներին, ինչպես նաև գիշերային ակումբի աշխատակիցներին, բերման են ենթարկել, վերջիններիս 2 ժամ անց բաց են թողել։ Տնօրենը նաև ավելացրեց, որ քարերով են միմյանց հարվածել, նաև ծառից պոկած ճյուղերով:



Իսկ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակը տարածել էր հաղորդագրություն, որտեղ, մասնավորապես, նշված էր, որ անձնական հողի վրա ծագած վիճաբանությունը ավարտվել է ձեռնամարտով: «Նա երբևէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից՝ եղել է արտերկրում, զանգահարել է, զգուշացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաեւ ֆաքս է ուղարկել և տեղեկացրել, որ սույն թվականի մայիսի 11-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել: Ի դեպ, իր որդու արտերկրում գտնվելու փաստի և մայիսի 11-ին վերադառնալու մասին համապատասխան մարմիններին տեղեկացել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այդ ժամանակ նույնպես բացակայել է հանրապետությունից: Նշենք նաև, որ օրենքով ընձեռնված բոլոր հնարավորություններն օգտագործվելու է, որպեսզի ապացուցվի, որ այս միջադեպը պարզապես երիտասարդների միջև անձնական հողի վրա ծագած վիճաբանության է, որը չգիտես ինչու նախաքննական մարմինը որակել է որպես «ծանր» խուլիգանություն և Գուրգեն Գուրգենի Արսենյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»,-հայտնել էին պատգամավորի գրասենյակից::