Եթե առաջարկ լինի, կրկին կսափրեմ գլուխս. Արսեն Գրիգորյան

Եթե առաջարկ լինի, կրկին կսափրեմ գլուխս. Արսեն Գրիգորյան

Դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանին շատերն են ճանաչում։ Նա հայտնի է թե՛ իր տեսահոլովակներով, թե վարած հաղորդումներով եւ թե կատակերգական ժանրի ֆիլմերում կերտած կերպարներով։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում ՝ «Տարվա հիթ», «Տարվա տեսահոլովակ» և այլն, նկարահանվել է  «Մոխրաման», «Կյանքը մեկ օրում», «Կորցված և գտնված Հայաստանում», «Ալա Բալա Նիցա», «Արտիստը», «Դուռը բաց» և այլ ֆիլմերում: Այսօր Արսեն Գրիգորյանի հետ զրուցեցինք իր դերասանական գործունեության, ապագա ծրագրերի, երգչի կարիերայի մասին։



-Այժմ Ձեզ եթերում չենք տեսնում հաղորդավարի կարգավիճակում, մինչդեռ նման փորձ ունեցել եք։ Ինչո՞վ է դա պայմանավորված։



Դե այժմ նկարահանվում եմ «Դոմինո» հեռուստասիթքոմում, խաղում եմ կամերային թատրոնում, որպես հաղորդավար այս պահին այդպիսի նախագիծ դեռ չկա։



-Առաջարկնե՞ր չկան, թե՞ դուք չեք ցանկանում։



Այս պահին հստակ ոչինչ չկա, հիմնականում նոր եթերաշրջանները սկսվում են սեպտեմբեր ամսից, եթե նորություն լինի, ուրեմն այդ ժամանակ։



-Վերջերս բազմաթիվ ֆիլմեր ցուցադրվեցին, ընդամենը մեկում՝ «Առաջին դեմք»-ում Ձեզ տեսանք, իսկ ինչո՞ւ մեկում։



«Առաջին դեմք» կինոկատակերգությունում մարմնավորել եմ Սեբաստիանի կերպարը՝ ռեստորանի մենեջերի, սպասվում է տարվա վերջին Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որտեղ նույնպես դերակատարություն եմ ունեցել, ամերիկյան «Tangerine» ֆիլմը, որը աշխահում ցուցադրվում է, բայց դեռ մեզ մոտ չի հասել։



-Ձեզ համար թատրո՞նը, սերիալնե՞րը թե՞ ֆիլմերն է հոգեհարազատ։



Գիտեք, ես ամեն տեղ դրսևորվում եմ իմ մասնագիտությամբ, իսկ ինձ համար իմ մասնագիտությամբ զբաղվելն է հոգեհարազատ։



-Իսկ որպես երգիչ ի՞նչ գործունեություն ենք ծավալում։ Փակե՞լ եք երգչի ձեր էջը։



Դեռ ոչինչ չի սպասվում, չեմ կարող ոչինչ ասել, բայց այս պահին ո՛չ երգ կա, ո՛չ տեսահոլովակ նկարահանելու մտահղացում։



-Մի ժամանակ համագործակցում էիք «32» ատամ ակումբի հետ։ Այժմ այն եթերում չէ, վերականգնվելու դեպքում կշարունակե՞ք համագործակցությունը։



Տղաներից բոլորի հետ կապը կա, «Կամիլ» բլոգի վերականգման ուղղությամբ քննարկում ենք հարցը «32»-ի տղաների հետ։



-Մի քանի տարի առաջ Նյու Յորքում դերասանական վերապատրաստման դասընթացներ եք անցել։ Դա Ձեզ ինչքանո՞վ օգնեց որպես դերասանի։ Հայաստանում հնարավո՞ր չէր անցնել այդպիսի դասընթացներ։



Կարծում եմ, որ մեր մասնագիտությունը այնպիսին է, որ դու պետք է անընդհատ պրոցեսի, գործի մեջ լինես, ինքը անդադար թարմացվող մասնագիտություն է, որտեղ մշտապես փոփոխություններ են լինում։ Յուրաքանչյուր նոր ուսում իր դրական ազդեցությունն է ունենում։ Իսկ մյուս հարցին՝ տարբերությունը տեխնիկան է, մենք այստեղ անցել ենք, օրինակ՝ Ստանիսլավսկի, Չեխով, որը Ամերիկայում որ անցնում ես, նույնն է։



-Գովազդներից մեկում, որ նկարահանվել էիք, սափրել էիք Ձեր գլուխը։ Հիմա եթե լինեն առաջարկներ, նման քայլի կգնա՞ք։ Ի՞նչ ծայրահեղությունների եք պատրաստ։



Գովազդի գաղափարը շատ լավն էր, ինձ դուր եկավ, դրա համար էլ սափրեցի, մազերս հիմա երկարացնում եմ, բայց եթե առաջարկ լինի՝ անպայման։



-Արսեն Գրիգորյանի անձնական կյանքում նորություններ կա՞ն։



Հենց այս վայրկյանին ոչ, 5 րոպե հետո չեմ կարող ասել՝ ինչ կլինի։