Ո՞ւմ է իրականում հայհոյել Մանվել Գրիգորյանը

Ո՞ւմ է իրականում հայհոյել Մանվել Գրիգորյանը

Անզուսպ լեզուն չարիքներից վատթարագույնն է՝ ասել է Եվրիպիդեսը: Տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ արդեն քանի օր է՝ ուրիշ բան են ասում, երդվում-պատռվում են, թե Մանվել Գրիգորյանը չի հայհոյել եւ ոչ մի զինվորի: Վահան Բադասյանը, ասում են, ստել է: Ընդ որում՝ հատուկ շեշտում են «զինվոր» բառը՝ չբացառելով, որ հայհոյանք իրոք հնչել է նրա՝ հայհոյանքի հարցում բազմափորձ շուրթերից: Բայց թե ում է ուղղված եղել այդ հայհոյանքը, չեն մանրամասնում: ԵԿՄ-ականների եւ ոչ ԵԿՄ-ական մանվելականների կողմից իրենց «քրմապետին» սրբացնելու գործընթացն այն աստիճանի է հասել, որ նրանցից շատերը նույնիսկ անցնում են պարկեշտության սահմանները:
Մի կարկառուն ԵԿՄ-ական մեզ հետ զրույցում, վազանցելով մինչ այս գեներալի գովքն անող սազանդարներին, ասաց. «Գեներալի քֆուրից բա կարելի՞ ա նեղանալ, նրա քֆուրն օրհնանքի զորություն ունի»:



Չմեկնաբանելով ասվածը՝ նշենք, որ մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Մանվելի քֆուրի» պատմությունից: Նման միջադեպ իրոք եղել է, դեպքը տեղի է ունեցել Հադրութից դուրս եկող ճանապարհին: Մանվել Գրիգորյանի մեքենաների շարասյունը նշված վայրով անցնելիս է եղել, ու մեկ էլ նրա շարասյան անվրդով ընթացքը խախտել է ինչ-որ մեքենա, որի բոլոր դռները բաց են եղել, հնչել է բարձր երաժշտություն: Շարասյան մեքենաները, բնականաբար, կանգ են առել, երկար ու զիլ ազդանշան տվել, սակայն մեքենան տեղից չի շարժվել: Մեր աղբյուրը հայտնում է, որ մեքենան եղել է ոչ զինվորական, եւ դրա մեջ էլ եղել են ոչ թե զինվորներ, այլ քաղաքացիական անձինք, ավելի ստույգ՝ «դաշնակների լակոտներից», որոնք մեքենայից քիչ հեռու են կանգնած եղել:



«Ո՞վ եղաք դուք, որ մեր ճամփեն փակեք, այ…» ոճի խոսակցություն է սկսվել Մանվելի թիկնապահների կողմից, ինչից հետո մեքենան հանվել է ճանապարհից: Մանվել Գրիգորյանը, ըստ մեր աղբյուրի, նույնիսկ չի իջել մեքենայից եւ իրեն հատուկ վարքագիծը դրսեւորել է նստած վիճակում (հայհոյողին նստած դիրքը չի խանգարում): Թե հատկապես ովքեր են եղել գեներալի դեմը կտրած ջահելները, մեր աղբյուրը չհայտնեց, հավանաբար՝ հիմա էլ դաշնակցականներին գեներալի հետ չկռվեցնելու համար:



Ի դեպ, ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ, «մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ»: Կայքերից մեկը, հղում անելով նշված հաղորդագրությանը, գրել էր, թե Մ. Գրիգորյանը ներողություն է խնդրել Բակո Սահակյանից՝ «կամավորներին նեղացնելու համար»:



Սակայն ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հրապարակին» ասաց, թե «նման բանի մասին առաջին անգամ է լսում»: Ապա հավելեց. «Բավարարվեք այն տեղեկատվությամբ, որը տարածել ենք: Սա այն հարցը չէ, որ մենք պետք է շահարկենք եւ ասենք այս, այն: Սա աշխատանքային նորմալ այց է, որը միշտ նախագահն իրականացրել է»:



Իսկ ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանն էլ գեներալի ներողություն խնդրելու հետ կապված ասաց. «Եթե հիշյալ հաղորդագրության մեջ նշվել է, որ Բակո Սահակյանին ուղեկցել է նաեւ Մանվել Գրիգորյանը, ապա դա Արցախի իրական գնահատականն է Մանվել Գրիգորյանին․․․ Ներողություն խնդրելը մարդու համար նորմալ վարք է, բայց չարած բանի համար մարդ ինչի՞ պետք է ներողություն խնդրի»:



Հակադարձեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ մինչեւ հիմա պատասխանատվության չեն ենթարկվել այն մարդիկ, որոնք Գրիգորյանին անվանարկում են, կամ՝ ինչո՞ւ ԵԿՄ-ն, որ գեներալի ամեն մի քայլի հետ կապված տեսանյութեր է պատրաստում ու տարածում, մի այդպիսի հաշվետու տեսանյութ էլ չի նվիրում հիշյալ միջադեպին, որտեղ Գրիգորյանն ու Բադասյանը դեմառդեմ կանգնած կպարզեն, ու ժողովուրդն էլ կտեղեկանա թե ով է «քաչալ շունը», ով՝ «գող փիսոն»: Վարդանյանը նկատեց. «Ուզում ես Բադասյանին հերոսացնե՞լ», ապա հավելեց. «Կալիբրների տարբերություն կա, Գրիգորյանի ու Բադասյանի կալիբրները բա համեմատելի՞ են: Լուն ու ուղտը ո՞նց կարող են իրար հետ լինել կամ՝ փիղն ու մոսկեն, սարն ու ավազահատիկը: Հերոսին եւ ինչ-որ մեկին, որին կարող են հայազգի թշնամիները վարձել ու հաչացնել, ո՞նց կարող ենք դնել նույն հարթության վրա»:



ԵԿՄ պաշտոնյան նաեւ հորդորեց գտնել գեթ մեկ զինվորականի, որին նեղացրած կլինի Մանվել Գրիգորյանը. «Թող նա գա-կանգնի, ասի՝ ինձ նեղացրել է: Կամ՝ գտեք մի մարդու, որը ներկա է եղել նման միջադեպի»: Սակայն երեւի թե դժվար կլինի գտնել մի զինվորականի, որը կասի, որ Գրիգորյանն իրեն նեղացրել է, եւ եթե ասի էլ, համոզված չենք, որ կարող ենք ապահովել նրա կյանքի անվտանգությունը: «Ոչ մեկ էդքան դուխ չունի, որ Մանվելի թանին թթու ասի, որ Մանվելի դեմը կանգնի ու ծպտուն հանի: Ըտենցներին նա կհավասարացնի գետնին, թուղթ կսարքի սաղին»,-մեզ հետ զրույցում ասաց էջմիածինցի մի ազատամարտիկ, որի մեջ տարիներ շարունակ եռում է վիրավորանքը, բայց նա քաջ գիտակցում է գեներալի բազկի ու բառապաշարի զորությունը:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ