Հրազդանի քաղաքապետարանի մութ էջերից

Հրազդանի քաղաքապետարանի մութ էջերից

Այն, որ տարիներ շարունակ Հրազդանի քաղաքապետարանում աշխատակիցների հաստիքացուցակները ուռճացված են եղել, գաղտնիք չէ: Բացի համայնքային աշխատողներից, կան շատ պայմանագրային աշխատողներ, ովքեր քաղաքապետ Արամ Դանիելյանի «հովանու» տակ ուղղակի աշխատավարձ են ստացել, միգուցե հիմա էլ շարունակում են ստանալ: Քաղաքապետը իր խոսքերում միշտ ասում է, որ Հրազդանում հիմնականում սոցիալական խնդիր են լուծում: Գործի ընդունելով ծանոթ, բարեկամ, քաղաքապետարանի աշխատողների բարեկամներին` նրանք կարող են աշխատանքի գնալ կամ չգնալ, իսկ ամսվա վերջում ստանալ աշխատավարձ: Ընդամենը մի օրինակ, որը թերեւս միակը չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկու տարի առաջ սոցիալական խնդիր լուծող քաղաքապետը աշխատանքի է ընդունում միակողմանի ծնողազուրկ երիտասարդի, առանց աշխատանքային պայմանագրի, եւ երկու ամիս հետո հեռացնում աշխատանքից` ասելով` իբր կրճատումներ են: Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի համայնքային բյուջետային հիմնարկի հաստիքացուցակում կա ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար` 79.600 դրամ աշխատավարձով եւ անսամբլի գործիքների մասի ղեկավար` 72.760 դրամ աշխատավարձով: Քանի որ քաղաքապետարանի հաստիքացուցակներում չկան աշխատակիցների անուններն ու ազգանունները, եւ Հրազդան քաղաքում համերգներ գրեթե չեն լինում, հարցում ուղարկեցինք քաղաքապետարան, որ ներկայացնեն Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոն համայնքային բյուջետային հիմնարկի ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարի եւ գործիքների մասի ղեկավարի անուններն ու ազգանունները, ի՞նչ գործունեություն են կատարում, տարեկան կտրվածքով ինչ համերգներ են կազմակերպում Հրազդան քաղաքում եւ ինչի՞ համար են վարձատրվում յուրաքանչյուր ամիս 79.600 եւ 72.760 դրամով: Բնականաբար պատասխան չստացանք քաղաքապետարանից:



Զրուցեցինք ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Միլիտոնյան Զեմֆիրայի եւ անսամբլի գործիքների մասի ղեկավար Արտեմ Խաչատրյանի հետ:



-Պարոն Խաչատրյան, դուք ապրում եք Երեւանում, աշխատում եք Հրազդանում` որպես անսամբլի գործիքների մասի ղեկավար, քանի՞ համերգ եք տվել Հրազդանում:



Ուղղակի այս պահին անսամբլի երաժիշտների հաստիքները հանել են, սպասում ենք, որ վերականգնեն: Որ համերգ է լինում, մենք խնդրում ենք երաժիշտներին, որ գան, համերգ տան, հիմնական նվագախումբ դեռ չկա, անցած տարի երաժիշտների հաստիքները կրճատեցին, պետք է աշնանը վերականգնեին, չարեցին, ասացին, սպասեք, թող ընտրությունները անցնեն կվերականգնենք, էսպես սպասում ենք, որ վերականգնեն այս հաստիքները: 



-Իսկ երբ երաժիշտներ կային, տարեկան քանի՞ համերգ էին տալիս:



Ես երբ գործի եմ ընդունվել, հենց այդ ժամանակ երաժիշտներ չեն եղել:



-Իսկ ո՞ր թվականին եք ընդունվել աշխատանքի:



Ճիշտն ասած` ես չեմ հիշում, չեմ կարող ասել, բայց համերգներ, ինչքան որ պետք է եղել քաղաքապետին, իրականացրել ենք:



-2015թ. քանի՞ համերգ եք տվել:



Չեմ կարող ասել, չեմ հիշում: Քանի որ քաղաքապետարանը չի կարող երաժիշտներին պահել, Աշուղ Ալմասը իր գրպանից է գումար տալիս երաժիշտներին: 



-Իսկ դուք աշխատավարձ ստանո՞ւմ եք եւ որքա՞ն:



Այո ստանում եմ աշխատավարձ, պետք է մշակումների համար առանձին գումար ստանայի, բայց մոտ 45 հազար դրամ եմ ստանում: Մի քանի ամիս հավաքվում է քարտիս վրա, հանում եմ:



-Վերջին անգամ ե՞րբ եք Հրազդանում համերգ տվել:



Նոր տարվան, դրանից հետո էլ համերգ չենք տվել:



Զրուցեցինք նաեւ Միլիտոնյան Զեմֆիրայի՝ Աշուղ Ալմասի հետ:



-Տիկին Ալմաստ, դուք ամեն օր Երեւանից գալի՞ս եք Հրազդան` աշխատանքի:



Քաղաքապետարանը ունի «Ալմաստ» ժողովրդական գործիքների անսամբլ, ես էլ գեղարվեստական ղեկավար եմ: Այո, գալիս եմ ու գնում եմ: Ֆինանսավորում չեղավ, երգիչները կրճատման տակ ընկան: Բայց մենք միշտ համերգներ ենք տալիս Հրազդանի եւ մարզի համար:



-Տարեկան քանի՞ համերգ եք ունենում Հրազդանում:



Ես երկու ամիս առաջ եմ համերգ տվել:



-Ինչի՞ն նվիրված:



Կարծեմ բանակի տոնին: Այս պահին իմ ձեռքի տակ ունեմ մշակված ծրագիր, բարեգործական համերգներով շրջագայում եմ: Մի քիչ վիճակը թեթեւանա, ես պետք է գնամ Արցախ, զորամասերում եմ լինում եւ համերգներ եմ տալիս, եւ այնտեղից գիտեք որքան պատվոգրեր ու շնորհակալագրեր եմ ստացել:



Պարզվում է, սակայն, որ 2 ամիս առաջ Հրազդանում Աշուղ Ալմաստը համերգ չի տվել, այլ մարտ ամսին Երեւանում համերգ է կազմակերպվել, որի տոմսի արժեքը 5000 դրամ է եղել, եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պարտադրել է, որ 100 տոմս վաճառվի քաղաքապետարանի աշխատակիցներին: Շատերի մոտ սա դժգոհություն է առաջացրել, քանի որ դեռ աշխատավարձ չէին ստացել, բայց դե քաղաքապետն էր հրահանգել, ապա դա որպես հրաման պետք է ընդունել, այդպես կարողացել էին մոտ 40 տոմս վաճառել, այն էլ` 3000 դրամով, իսկ գումարը փոխանցել են Աշուղ Ալմաստին:



Նշենք, որ շատերն անգամ համերգի չեն գնացել, սակայն քաղաքապետի հետ խնդիր չունենալու համար ուղղակի տոմսի գումարը վճարել են:



Նելլի Կարապետյան