Հրամանատար մարդիկ են եղել, կարծում եմ` ինքնագործունեությամբ չեն զբաղվի. Ռազմիկ Պետրոսյան

Հրամանատար մարդիկ են եղել, կարծում եմ` ինքնագործունեությամբ չեն զբաղվի. Ռազմիկ Պետրոսյան

«Մարդիկ, ովքեր ուզում են ազատագրել այդ դիրքերը, եթե այսօր նստած են Երևանում, տանը, կամ ասենք որևէ ռեստորանում, գինովցած որոշում են իրականացնում, այսպիսի խնդիրներ են դնում իրենց առաջ, դա ուրիշ է: Բայց եթե մարդը հստակ գիտի, որ դրա անհրաժեշտությունը կա, պետք է հիմնավորի, մենք էլ համոզվենք, ես էլ համոզվեմ, որ իրականում առանց դրա խնդիր կա, կամ եթե իսկապես եկել է այդ պահը, ես որևէ մեկի չեմ էլ սպասի».- նշում է «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:



Վերջինիցս տեղեկացանք, որ երեկ է վերադարձել Արցախից, «Ազատամարտիկների դաշինք»-ի մյուս անդամները նույնպես ենթարկվել են հրամանին: Hraparak.am-ը հետաքրքրվեց Ռազմիկ Պետրոսյանից, թե ինչպե՞ս է գնահատում կամավորական ջոկատների դուրսբերումը սահմանագծից. «Հրաման է, որը տրված է և պետք է կատարվի: Իհարկե զինվորական հրամանատարության կողմից շատ ավելի նպատակահարմար է, եթե մարտական գործողություններ չկան, իսկ իրականում չկային արդեն այդ հանդիպումներից հետո, հանգիստ էր: Այնպես որ զորքը խնդիրները կիրականացնի, իսկ մենք անհրաժեշտության դեպքում նորից կգնանք, պատրաստ ենք».- պատասխանում է Ռազմիկ Պետրոսյանը:



Ինչ մնում է այն նախաձեռնություններին, որոնք այսօր  խնդիր են դրել գնալ և հետ գրավել նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած 800 հա հողատարածքը, որը գրավել են ադրբեջանցիները, Ռազմիկ Պետրոսյանը նշում է, որ ինքնագործունեությանը դեմ է. «Ես միշտ զինվորական եմ եղել, միշտ հարգել եմ զինվորական կեցվածքը, ես ինքնագործունեությամբ երբեք չեմ զբաղվել այն ժամանակ, երբ զինծառայող եմ եղել, հիմա քաղաքացիական եմ, բայց նաև անհրաժեշտության դեպքում կարող եմ զինվորագրվել, ես միշտ դեմ եմ եղել ինքնագործունեությանը: Եթե անհրաժեշտություն կլինի, զինվորական ղեկավարությունը, կամ ընդհանուր առմամբ ես էլ կզգամ, որ իսկապես օրհասական է, շատ կարևոր է… ես գտնում եմ, որ ոչ միայն այդ դիրքերը հետ վերցնելու, մենք շատ առաջ գնալու խնդիրներ էլ ունենք, անելու շատ բան կա, բայց երբ լինի նպատակահարմար: Իսկ ինձ թվում է` զինվորական ղեկավարությունը շատ ավելի իրազեկված է թե հնարավորությունների առումով, թե անհրաժեշտության առումով: Կլինի՞ անհրաժեշտություն, մենք մեծ սիրով կիրականացնենք, ու ես խնդիր չեմ տեսնում: Իրականում մենք կարող ենք ոչ միայն այդ դիրքերը հետ վերադարձնել, կարող են շատ ավելի մեծ խնդիրներ ներառել»:



Ռազմիկ Պետրոսյանը նշում է, որ ինքը ևս շատ կցանկանար, որ այս պահն օգտագործեին դիրքերն ազատագրելու համար, բայց այսօր բանակցություններ են սկսվել և ամենայն հավանականությամբ նպատահակահարմար չէ. «Ես քանի որ չգիտեմ այնտեղ բանակցություններում ինչ հարցեր են քննարկվել, ինչպիսի որոշումներ են իրականացվել, ես չգիտեմ այդ ֆոնի վրա մարտական գործողությունների դադարեցման հնարավորություն կա՞, թե՞ չկա, կամ ցանկալի՞ է, շահեկա՞ն է մեր ազգի տեսանկյունից: Բայց բանակը պետք է հստակ հրամանների ենթարկվի, զինվորական ինքնագործունեության իրավունք չունի: 90-ական թվականներին էլ շատ ունեցել ենք մարդիկ, անհատներ, տվյալ տեպքում խոսքը Կոմանդոսի, կամ Ժիրոյի մասին չէ, նրանք գիտակցություն ունեցող մարտական մեր ընկերներն են, նրանք հրամանատար մարդիկ են եղել, և կարծում եմ` ինքնագործունեությամբ չեն զբաղվի: Ես էլ շատ կուզենայի, որ մենք այս պահն օգտագործեինք ոչ միայն այդ դիրքերն ազատագրեինք, այլ նաև մի որոշակի շրջաններ էլ ավելացնեինք, այդ դեպքում զինադադարն ավելի երկար կտևեր, մենք էլ ավելի հանգիստ կլինեինք, բայց այսօր արդեն բանակցություններն են սկսվել: Բայց եթե կլինի անհրաժեշտություն, մենք պատրաստ ենք».- եզրափակեց ազատամարտիկը:



Hraparak.am-ը երեկ գրել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը և գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) հանդիպում են ունեցել։ Մեզ հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ և Կոմանդոսը, և Ժիրայր Սէֆիլյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, ռազմական գործի նվիրյալներ, վերլուծաբաններ դեմ են արտահայտվել հակառակորդին տարածք զիջելուն և հիմնավորել են ոչ միայն կորցրած տարածքները հետ բերելու, այլև հակահարձակման անցնելու և հակառակորդին ծնկի բերելու անհրաժեշտությունը: Հավելենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմական պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամության մասին։