Ես գաղափարական մարդ եմ, մանկությանս երազանքը չի եղել պատգամավոր լինեմ

Ես գաղափարական մարդ եմ, մանկությանս երազանքը չի եղել պատգամավոր լինեմ

Պանամայի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ու այդ պատճառով ԴԱՀԿ պետի պաշտոնից հեռացած գեներալ Միհրան Պողոսյանի շրջապատում, ըստ լուրերի, անհանգստություն է տիրում։ Հզոր հովանավորի ազդեցության թուլացումից հետո շատերն իրենց անպաշտպան են զգում։ Միհրան Պողոսյանը բոլոր ընտրությունների ժամանակ եղել է Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում ՀՀԿ-ի համար ձայներ բերողը: Նրա ջանքերով ԱԺ պատգամավոր դարձավ Արթուր Ստեփանյանը՝ «Քեթրին» ընկերության տնօրենը։ Թե ինչ է անելու նա առաջիկա ընտրություններին, արդյոք նոր, ավելի «հզոր» տանի՞ք է որոնելու, որպեսզի կրկին անցնի խորհրդարան, թե՞ իր հովանավորի հետ փորձելու է վերականգնել նախկին կարգավիճակը, փորձեցինք պարզել պատգամավորից։



- Պարոն Ստեփանյան, Դուք քիչ առաջ կողմ քվեարկեցիք Ընտրական օրենսգրքին, որով անցում է կատարվում ամբողջովին համամասնական ընտրակարգին։ Դուք խորհրդարան եք անցել մեծամասնական ընտրակարգով, կասե՞ք, թե ինչու կողմ եղաք դրա վերացմանը։



- Ես իմ կարծիքը քվեարկությունով ցույց տվեցի։



- Փաստորեն, Դուք արդարացված չե՞ք համարում Ձեր՝ որպես մեծամասնականով ընտրված պատգամավորի ներկայությունը խորհրդարանում։



- Արդարացված եմ համարում, բայց հետագա զարգացման համար ճիշտ ուղղությունը դա է։



- Հավանաբար, մեծամասնականով ընտրված պատգամավորներդ չկարողացաք անցած տարիներին ապացուցել, որ մեծամասնականը, Ձեր բնորոշմամբ, «ճիշտ» ուղղություն է, ու դրա համար որոշեցին անցում կատարել համամասնականի։



- Իմ ընտրողներից հարցրեք, ինձ թվում է՝ ես ապացուցել եմ, ընտրողներս գոհ կլինեն, բայց երկրի զարգացման համար ես գտնում եմ, որ ավելի ճիշտը համամասնականն է։



- Ինչո՞վ է ճիշտ, ո՞րն է այդ ընտրակարգի առավելությունը, ըստ Ձեզ։



- Կուսակցությունները պետք է ուժեղանան, ոչ թե անհատները։



- Ընդունո՞ւմ եք, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները ոչ այնքան քաղաքական դեմքեր են, որքան հեղինակություններ։



- Ոչ, չեմ ընդունում։



- Դուք Ձեզ համարո՞ւմ եք քաղաքական դեմք, գաղափարական անձ։



- Այո, այո, միանշանակ, բա ինչի՞ համար եմ գտնվում ՀՀԿ-ում, եթե գաղափարական չպիտի լինեմ, մանկությանս երազանքը չի եղել պատգամավոր լինեմ, որ էդպես մտնեի մի կուսակցություն ու գայի-դառնայի պատգամավոր։



- Բայց Դուք այնքան էլ եռանդով չեք աշխատում պատգամավորի կարգավիճակում, պասիվ պատգամավոր եք։



- Ո՞վ ասեց, ես ակտիվ մասնակցություն ունեմ մեր հանձնաժողովների հետ կապված, բոլոր հանձնաժողովների նիստերին ակտիվ մասնակցություն եմ ունեցել։



- Իսկ օրենսդրական նախաձեռնություններ հեղինակե՞լ եք կամ համահեղինակ դարձել։



- Այո։



- Որո՞նք են դրանք ու քանի՞սն են։



- Վեց, թե յոթ նախաձեռնության եմ մասնակցել։



- Նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալու, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկության, հնարավո՞ր է նորից առաջադրվեք, ընդգրկվեք տարածքային ցուցակներում, մանավանդ որ դա մեծամասնականից քիչ է տարբերվում։



- Չգիտեմ, դեռ չեմ որոշել։



- Դուք առավելապես հայտնի եք որպես ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «մարդը», կարծում եք նրա հետ կատարվածից հետո շանս կունենա՞ք կրկին առաջադրվելու։



- Նախ ասեմ, որ Միհրան Պողոսյանն իմ ընկերն է, իմ հովանավորը չէ, ես էլ հովանավորյալ չեմ ոչ մեկից, նա իմ մանկության ընկերն է։



- Լավ, թող լինի ընկերը, բայց նա նպաստեց, չէ՞, որ պատգամավոր դառնաք...



- Ինչո՞վ է նպաստել։



- Ճանապարհ է հարթել, այդ համայնքում ինքը մեծ ազդեցություն ուներ, եւ Դուք հաղթեցիք ընտրություններում։



- Ընտրություններին հաղթում են ճանապարհ հարթելո՞վ։



- Եթե նա չլիներ, կհայտնվեի՞ք խորհրդարանում։



- Միանշանակ։ Եթե ընտրողները ցույց տվեցին, որ իրենց քվեն, ձայնն ինձ են տվել, ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը։



- Այսինքն փաստը, որ Միհրան Պողոսյանի դիրքերը թուլացել են, Ձեր վրա չի՞ կարող անդրադառնալ։



- Իսկ ո՞վ է ասում, ի՜նչ դիրքեր, մարդն աշխատանքի էր գնում, հիմա չի գնում, ի՞նչ դիրքեր։



- Իսկ ինչո՞ւ չի գնում, պատճառներ կան, չէ՞, լուրջ սկանդալի կիզակետում է հայտնվել։



- Ոչ մի պատճառ էլ չկա, Դուք չե՞ք կարդում լրատվականները։



- Այդ դեպքում ինչո՞ւ լքեց պաշտոնը։



- Ինքն այդ մասին շատ հիմնավոր ասել է։



- Ասում են՝ հիմա, երբ նրա համար անկումային ժամանակներ են, համայնքում նոր ազդեցիկներ են փորձում իրավիճակը տնօրինել։



- Ի՜նչ անկում, ի՜նչ ազդեցիկներ։ Մենք երբեք էլ այդ «ազդեցիկներից» չենք եղել։



- Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կդասավորվի Միհրան Պողոսյանի քաղաքական ճակատագիրը, նրան պատասխանատվության կենթարկե՞ն, թե՞...



- Ցանկացած ոք, ցանկացած քաղաքացի եթե արել է ինչ-որ բան, որ պետք է պատասխանատվություն կրի, ուրեմն պետք է կրի։ Իսկ նա չի արել։ Ցտեսություն։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ