Հերմինե Նաղդալյանի ամուսինը մրցույթը հաղթելուց հետո ողջագո՞ւրվել է հանձնաժողովի նախագահի հետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը մրցույթը հաղթելուց հետո ողջագո՞ւրվել է հանձնաժողովի նախագահի հետ

Դիտորդական խումբը, որը 2014 թվականին քաղծառայողների մրցույթների մոնիթորինգն էր իրականացնում, նկատել է, որ մրցույթներից մեկի հաղթող Դավիթ Բեգլարյանը, որը կառավարության գործերի կառավարիչն է, քննությունից հետո ողջագուրվել է հանձնաժողովի նախագահի հետ։ Այս մասին դիտարկում իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը գրել է օրերս հրապարակած զեկույցում։ Հանձնաժողովի անդամների և հավակնորդների միջև շփումների այլ դեպքեր էլ են արձանագրվել: Օրինակ, դիտորդն արձանագրվել է, որ մրցույթի ավարտից հետո մասնակիցը հանձնաժողովի 2 անդամների հետ քաղծառայության խորհրդի շենքի դիմացից նույն ավտոմեքենայով հեռանում է: Հանձնաժողովի անդամներից մեկը մրցույթի ընթացքում հավակնորդին պատմել է իր ժամանցի, մասնավորապես՝ շոգեբաղնիք գնալու մասին: Մենք դիմեցինք Դավիթ Բեգլարյանին, խնդրելով մեկնաբանել դիտորդի արձանագրած փաստը։ Նա ասաց, որ իր մասով մրցույթը ձևական չի եղել, այլ միանգամայն արդար։ «Այս մրցույթն ինձ համար հասարակ բան էր։ Ես բարձր արդյունքով հաղթել եմ, ինձ ոչ մեկը չի հուշել, ես «շպարգալկա» չեմ օգտագործել և առանց սխալի ստացել եմ 100 միավոր։ Հանձնաժողովի նախագահի հետ չեմ ողջագուրվել։ Ընդամենը հանձնաժողովում կառավարության աշխատակազմից ներգրավված անդամներ կային, որոնց թվում Սիմոն Տեր-Սիմոնյանն էր, իմ կոլեգան։ Նրա հետ նույն հիմնարկի աշխատակազմում ենք աշխատում և հին ժամանակվա ընկերներ ենք, հին հանրապետական կուսակցական է՝ իմ տարիքի։ Երբ որ մենք շենքից դուրս ենք եկել, քննությունից հետո նրա մեքենայով եկել ենք կառավարություն։ Փողոցում ողջագուրվել ենք, բայց նա հանձնաժողովի նախագահը չի եղել։ Նախագահին ես չեմ էլ ճանաչում»։



Ներկայացնելով իր հարաբերությունները գիտության հետ՝ Դավիթ Բեգլարյանն ասաց, որ դպրոցում գերազանց է սովորել, տարբեր օլիմպիադաներում է հաղթել, սիրում է և զբաղվում է ֆիզիկայով, ունի գերազանց հիշողություն և կարող է 300 էջ կարդալ և հիշողությամբ բառ առ բառ վերարտադրել։ Այսօր դիտորդների գրած զեկույցը նա ստացել էր և կարդացել էր։ Պատասխանելով մեր հարցին՝ նա նաև նշեց, որ ինքը միակ հավակնորդն է եղել այս պաշտոնի, մրցույցի միակ մասնակիցը։ Այն, որ մրցույթներին հաճախ միակ մասնակից է լինում, համակարգային խնդիր է, որը վկայում է այս ինստիտուտը չկայացվածության մասին։ Մոնիտորինգի ընթացքում 2014 թվականին անցկացված 50 մրցույթներ են ուսումնասիրվել։ Դրանցից 44-ի ընթացքում մրցութային հանձնաժողովների աշխատանքներին մասնակցել է Հանձնաժողովի միայն 4 անդամ՝ քաղծառայության խորհրդի 2 ներկայացուցիչ և 2 ներկայացուցիչ համապատասխան պետական մարմնից: Միայն 6 մրցույթի ընթացքում է ներկա եղել գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող 1-ական ներկայացուցիչ՝ որպես մրցութային հանձնաժողովի անդամ: Գրավոր և բանավոր փուլերի հարցաշարերը խիստ սահմանափակ են եղել և հավակնորդի գիտելիքների և հմտությունների իրական ստուգում իրականացնելու տեսանկյունից անարդյունավետ: Հավակնորդը պարտավոր է անգիր ասել օրենքների հոդվածների բովանդակությունը, որոշ դեպքերում՝ առանց նույնիսկ հասկանալու ասվածի ողջ իմաստը: Իսպառ բացակայում են հարցերը, որոնք կստուգեն հավակնորդի տրամաբանությունը և անբնական հատկանիշները։ Հանձնաժողովի հավակնորդներին գնահատել են միմյանց հետ խորհրդակցելով և վերջնական գնահատականի նախահաշվարկ կատարելու արդյունքում: Արձանագրվել է մեկ դեպք, երբ հանձնաժողովի անդամը բարձրաձայն ասել է, որ պատասխանը թերի է, բայց գնահատել է առավելագույն՝ 10 միավոր: Մեկ անգամ էլ հանձնաժողովի անդամը գնահատել է հավակնորդին, առանց նրա պատասխանը լսելու։ Դիտարկված 50 մրցույթներից 20-ին մասնակցել է միայն մեկ հավակնորդ, չնայած այն բանին, որ նախապես դիմած անձանց թիվը 1-ից ավելի է եղել: Այդ մեկ մասնակիցը ստացել է բարձր միավորներ և հաղթող է ճանաչվել: Մրցույթների մեծ մասում հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հուշել է հավակնորդներին՝ ուղղորդելով նրանց դեպի ճիշտ պատասխաններ: Միայն 5 անգամ է, որ հանձնաժողովի կողմից հուշումներ չեն եղել։ Դիտարկված 50 մրցույթներից 9-ում հաղթող չի եղել, որովհետև դիտորդները արգելել են հուշել մասնակիցներին։ 2 մասնակից է ընդամենը բողոքել, նշելով, որ բազմիցս հաղթել են կազմակերպված մրցույթներում, սակայն այդպես էլ չեն նշանակվել քաղաքացիական ծառայության պաշտոնում։ Բողոքները մնացել են անհետևանք: Դիտարկման ընթացքում դիտորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել, նրանց դիմել են «աղջիկ ջան», «տղա ջան» արտահայտություններով, չեն թողել տեղաշարժվել քննասենյակով։ Մեկ անգամ հանձնաժողովի նախագահը դիտորդին ասել է, որ նրա նմանին չէր թողնի երբեք իր տուն։ Մրցույթներից մեկի ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը մոտեցել է դիտորդին և փորձել է ուժ գործադրելով, դուրս հանել նրան մրցութային դահլիճից այն բանի համար, որ վերջինս փորձում էր տեսաձայնագրել խախտումները: Մի անգամ էլ ոստիկանություն են կանչել, սակայն ոստիկանները հրաժարվել են միջամտել քննության ընթացքին և դուրս հանել դիտորդին։



Սյուզան Սիմոնյան