Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության 10% աճը հանգեցնում է 0.5% տնտեսական անկման

Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության 10% աճը հանգեցնում է 0.5% տնտեսական անկման

2015 թ. հունվարից մեր երկրում մեկնարկել են սքրինինգային հետազոտությունները: Զանգվածային սքրինինգներն ուղղված են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ կանխարգելմանը, իսկ ծրագրերի հեռահար նպատակն է նաեւ հիվանդացության եւ մահացության նվազեցումը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, որը նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարի ազգային համակարգողն է:



Ոչ վարակիչ հիվանդություններն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում մահացության, հիվանդացության եւ հաշմանդամության առաջին պատճառն են: Չորս հիմնական ՈՎՀ-ներին` սրտանոթային հիվանդություններ, նորագոյացություններ, քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություններ եւ շաքարային դիաբետ, բաժին է ընկնում ՈՎՀ-ից մահացության բեռի մեծ մասը:



Տիկին Վարդանյանի խոսքերով, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նմանապես, ոչ վարակիչ հիվանդությունները մեծ բեռ են առողջապահական համակարգի համար. «Այս հիվանդությունների խումբը Հայաստանում նույնպես առյուծի բաժինն է կազմում հիվանդացության եւ մահացության ցուցանիշների բուրգում, եւ այն ուղղակի կապ ունի երկրի մակրոտնտեսական ցուցանիշների հետ, ասել կուզեմ, որ ՈՎՀ-ից մահացության յուրաքանչյուր 10% աճը հանգեցնում է 0.5% տնտեսական անկման»:



Վերոնշյալը նկատի ունենալով էլ, ՈՎՀ-ի դեմ պայքարն առողջապահության նախարարությունը որակել է որպես գերակա խնդիր, եւ այն իր ուրույն տեղն ունի իրականացվող եւ մշակվող ծրագրերի մեջ, որոնք լիովին համահունչ են «ՈՎՀ կառավարման միջոցառումների գլոբալ ծրագրի», «Մշտադիտարկման գլոբալ շրջանակի» եւ «Առողջություն-2020» ԱՀԿ ռազմավարական փաստաթղթերի հետ:



Մեր զրուցակցի տվյալներով, 2015 թ․ հունվարի 1-ից մինչեւ 2016 թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է շուրջ 642 հազար հետազոտություն: 72,171 կին անցել է ՊԱՊ թեստի հետազոտություն, 237,870 քաղաքացիների մոտ էլ իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, եւ շուրջ 332,562 քաղաքացիներ անցել են զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ:



Տիկին Վարդանյանը ՈՎՀ-ի դեմ պայքարում խիստ կարեւորում է միջոլորտային համագործակցությունը. «Այն հնարավորինս լավագույն ցուցանիշների հասնելու ամենաարդյունավետ եղանակն է, ինչպես նաեւ առավել տարածված ՈՎՀ, վարակիչ հիվանդությունների եւ մնացած ոչ այդքան տարածված ՈՎՀ համալիր մոտեցումն է, որովհետեւ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները, իրականացվող կանխարգելիչ եւ բուժական միջոցառումները փոխկապակցված են, եւ բուժման դրական ելքը կախված է համալիր մոտեցման սկզբունքներից»:



Ինչ վերաբերում է ռիսկի գործոններին, ապա մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ՈՎՀ-ները կանխելի են. «ԱՀԿ տվյալների համաձայն, սրտանոթային հիվանդությունների, կաթվածի եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքերի մինչեւ 80% եւ քաղցկեղի դեպքերի ավելի քան մեկ երրորդը հնարավոր է կանխել՝ այդ հիվանդություններին նպաստող ռիսկի գործոնները վերացնելու միջոցով: Հիմնական ռիսկի գործոններից են ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական պասիվությունը եւ ալկոհոլի չարաշահումը»:



Տիկին Վարդանյանն ասաց, որ ԱՀԿ բոլոր անդամ-երկրների համար ՈՎՀ-ի դեմ պայքարի համատեքստում սահմանվել են առաջնահերթ 9 կամավոր գլոբալ նպատակներ։ 1. Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից եւ շաքարային դիաբետից ընդհանուր եւ վաղաժամ մահացության կրճատում։ 2. Ալկոհոլի վնասակար օգտագործման կրճատում։ 3.15 եւ բարձր տարիքի անձանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում։ 4. Ֆիզիկական թերակտիվության տարածվածության կրճատում (դեռահասների, 18 տարեկանից բարձր ազգաբնակչության շրջանում)։ 5. Կերակրի աղի օգտագործման չարաշահման կրճատում։ 6. Զարկերակային գերճնշման դեպքերի տարածվածության կրճատում։ 7. Գիրության եւ ավելցուկային քաշի, շաքարային դիաբետի դեպքերի աճի տեմպերի նվազում, 8. Անհրաժեշտ տեխնոլոգիաներով եւ դեղերով (այդ թվում՝ ջեներիկ) ապահովվածությունը, որոնք պահանջվում են ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման եւ բուժման համար` ինչպես պետական, այնպես եւ մասնավոր բժշկական կազմակերպություններում։ 9. Անհրաժեշտ դեղերով բուժման եւ շարունակական հսկողության իրականացման ապահովվածություն (ներառյալ գլիկեմիայի վերաբերյալ հսկողությունը), սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի եւ սրտային նոպաների կանխարգելման նպատակով եւ այդ կամավոր նպատակներին հասնելու համար 25 ցուցանիշներ:



Մեր զրուցակիցը հատկապես կարեւորեց համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները՝ այն համարելով ամենաթիրախայինը եւ նպատակայինը առողջ ապրելակերպի խթանման, ՈՎՀ ռիսկի գործոնների դեմ պայքարում, եւ արդյունքում ունենալ ազգաբնակչություն` զերծ ՈՎՀ-ից: Տիկին Վարդանյանը նաեւ ասաց, որ թեեւ պետության համար առողջապահության ոլորտը համարվում է գերակայություն, Հայաստանի պետբյուջեից կատարվող առողջապահական ծախսերը եղել եւ մնում են ամենահամեստներից եվրոպական տարածաշրջանում թե որպես ՀՆԱ տոկոս եւ թե որպես ընդհանուր պետական ծախսերի մասնաբաժին կամ առողջապահական ծախսերի տոկոս:



Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ