Արծվիկ Մինասյանը նեղացել է լրագրողներից

Արծվիկ Մինասյանը նեղացել է լրագրողներից

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողներից գլուխն ազատելու հիանալի միջոց է գտել։ Նա որոշել է, որ այսուհետ պետք է նեղացած լինի լրագրողներից ու չպատասխանի մեր բանավոր հարցերին։ Նախարարի հետ շփումը՝ միայն գրավոր։



Մինասյանի նեղացածությունն սկիզբ առավ այն պահից, երբ նա «ինքն իր գլխին սարքեց»՝ հայտարարելով, թե կարելի է օրինականացնել շաքարի մենաշնորհը, որը, հիշեցնենք, չգիտես որ «օրենքով», ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին է պատկանում։ Սա դաշնակցական երբեմնի ընդդիմադիր նախարարին մի լավ քննադատելու, հազար ու մի բաներ նրան հիշեցնելու առիթ տվեց։ Մինասյանն էլ նեղացավ մեզանից, թե ինքը մի բան ասաց, մենք «լրագրողավարի» ուրիշ բան սարքեցինք։ Այսինքն՝ ոչ թե ինքն իր գլխին սարքեց իր անզգույշ հայտարարությամբ, այլ մենք՝ լրագրողներս։ Դրա համար էլ հեշտ միջոց է գտել. ասում է՝ հարցերը միայն գրավոր, ու քաշվում է մի կողմ՝ կողքից լուռ հրճվանքով հետեւելով, թե մենք ինչպես ենք հարցախեղդ անում իր կոլեգա պաշտոնյաներին, մասնավորապես՝ երեկ ՊԵԿ նախագահին։ Արդեն երկար ժամանակ է՝ նա այս գործելաոճն է որդեգրել։ Երեկ էլ նա գործարարների բիզնես ֆորումի ժամանակ չպատասխանեց լրագրողների եւ ոչ մի հարցի։



Հուսանք՝ Մինասյանի այս, ոչ նախարարի կալիբրին հարիր նեղացկոտությունն ու հարցերից խուսափելը վարակիչ չի դառնա մյուս պաշտոնյաների համար։ Ի վերջո, լրագրողները մեղք չունեն, որ պաշտոնյաները երբեմն անզգույշ են գտնվում եւ լեզվի սայթաքումներ են թույլ տալիս` հետո դա վերագրելով մեզ, թե «հանգիստ կանգնած էինք, եկաք գլխներիս սարքեցիք, գնացիք»։ Ի դեպ, նախարար լինելու «կայֆը» միայն նախարար կոչվելու, ծառայողական մեքենա, կաբինետ ու սպասարկող անձնակազմ ունենալու, պետական բարիքներից օգտվելու մեջ չէ։ Լրագրողների հարցերին պատասխանելն ու տված պատասխաններին տեր կանգնելը, ասածի տակից դուրս գալը, երբեմն քննադատությունների արժանանալն էլ է նախարարի «գործառույթ»։ Չնայած, երբ ինչ էլ գրում ենք, մեկ է՝ նեղանում ու տակը մի բան գտնում են։ Շատ նեղացկոտ երեւույթներ են մեր չինովնիկները, շատ։ Վստահաբար՝ մեր այս հոդվածից էլ կնեղանա պարոն Մինասյանն ու հաջորդ անգամ երեւի ոչ միայն հարցազրույց, այլ անգամ բարեւ չի տա մեզ։ Չէ՞, պարոն Մինասյան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ