Ծառուկյանի՞ ժամանակ էր ԲՀԿ-ն հզոր, թե՞ հիմա

Ծառուկյանի՞ ժամանակ էր ԲՀԿ-ն հզոր, թե՞ հիմա

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն այսօր մասնակցում էր իր նախկին կուսակից ընկերոջ՝ ԲՀԿ երբեմնի անդամ, այժմ ԱԺ անկախ պատգամավոր համարվող Վահան Բաբայանի ստեղծած «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադիր համագումարին։



«Կա հրավեր եւ պատասխանատվություն ընկերոջ նկատմամբ: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ` պարտավորված եմ զգում մասնակցել: Դա արդեն ձեւավորված քաղաքական մշակույթ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աղաբաբյանը՝ նշելով, որ եթե կա պահանջ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ։



Հարցին, թե Բաբայանն էլ հեռացավ ԲՀԿ-ից ու նոր կուսակցություն ստեղծեց, հիմա ԲՀԿ-ից բան մնա՞ց, Աղաբաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն հզոր ուժ է, ամեն ինչ էլ ունի, մնացած է, կա, գործում է և համարվում է հանրապետությունում երկրորդ քաղաքական ուժը։



Hraparak.am-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի՞ ժամանակ էր ԲՀԿ-ն ավելի հզոր, թե հիմա, ԲՀԿ խմբակցությունը չլքած պատգամավորն ասաց. «Ոչ ոք չի բացառի, որ այն ժամանակ հզոր էր, հիմա էլ փորձում է հզորանալ: Եթե նայենք պառլամենտին, հասարակության մեջ դերին, երկրորդ քաղաքական ուժն է»։



Մեր մյուս հարցին, թե հասարակության կարծիքը ԲՀԿ-ի մասին չի՞ փոխվել, Աղաբաբյանն ասաց, որ իր կարծիքով՝ ոչ. «Անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր կուսակցություն էլ, միջադեպերը՝ մի կողմ, կարող է ժամանակի ընթացքում ռեյտինգային տարբեր հարթակների վրա գտնվել, ու բոլոր կուսակցություններն էլ փորձելու են հզորանալ։ Ինչքան ներուժ ունեն, փորձելու են ներդնել, որպեսզի կարողանան էլ ավելի բարձր դիրք գրավել հասարակության մեջ։ Ստեղծվելիք կուսակցություն այլեւս չկա:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ