Ոչ իշխանական, ոչ էլ իշխանամետ կուսակցությունների հետ չենք համախմբվի

Ոչ իշխանական, ոչ էլ իշխանամետ կուսակցությունների հետ չենք համախմբվի

Շաբաթ օրը Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը Գյումրիում տարածքային կառույց ստեղծեց։ Համագումարին ներկա էր 257 մարդ։ Կառույցի ղեկավարը Հունան Մազմանյանն է։ Վերջինս երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը համախմբվեց «Համախմբում» կուսակցության հետ երկու պատճառով՝ կուսակցության նախագահի անձն ու կուսակցության՝ ընդդիմադիր դաշտում լինելը։ Մազմանյանը նշեց, որ «Համախմբումը» Գյումրու ՏԻՄ ընտրություններին միանշանակ կմասնակցի, բայց դեռ պարզ չէ՝ ինչ կազմով եւ ինչ ձեւաչափով, քանի որ երկու օր է, ինչ ստեղծվել է կուսակցության տարածքային կառույցը։



«Չի բացառվում, որ մենք մասնակցենք առանձին, չի բացառվում, որ միավորվենք ինչ-որ կուսակցությունների հետ, եւ դրանք կարող են լինել բացառապես ընդդիմադիր կուսակցությունները»,-ասաց նա։



- Նախնական կա՞ն արդեն բանակցություններ, քննարկումներ, թե որ կուսակցության հետ է հնարավոր համագործակցությունը։



- Չէ, շփումներ կան, բայց բանակցություններ էդ թեմայով չկան։ Առայժմ դրանք լոկ շփումներ են։



- Ո՞ր կուսակցությունների, ո՞ր շրջանակի հետ են այդ շփումները։



- Ես չբացեմ շատ փակագծեր, ասեմ, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների։



- Ընդդիմադիրների մեջ է մտնում նաեւ ԲՀԿ-ն, որի նախկին անդամներ են նաեւ ձեր կուսակցության որոշ անդամներ։



- Էս պահին՝ ոչ, ԲՀԿ-ի հետ շփումներ եւ քննարկումներ չունենք։



- Գյումրիում օրերս նոր կուսակցություն ստեղծվեց՝ ԳԱԼԱ-ն, որը համանուն հեռուստաընկերության կազմն ստեղծեց։ Նրանց հետ շփումներն ինչպիսի՞ն են։



- ԳԱԼԱ-ի ե՛ւ հիմնադիր նախագահին եմ անձամբ ճանաչում, ե՛ւ հեռուստալրագրողներին։ Ուղղակի կուսակցության ղեկավար Վահան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է, Գյումրիում չէ, մենք էլ դեռ իրավական կարգավիճակ չունեինք, այդ իսկ պատճառով էլ դեռ իր հետ՝ չէ, բայց էդ դաշտում բոլոր գործողների հետ՝ ոչ իշխանական եւ ոչ էլ իշխանամետ, էսպես ասեմ, նրանցից բոլորի հետ, եթե համախմբում լինի Գյումրիում, մենք ամբիցիաներ չունենք առանձին ընդդիմադիր դաշտի էդ համախմբումը պառակտելու, մենք պատրաստ ենք միավորվելու։ Մեր պատճառով հնարավոր չէ, որ ընդդիմադիր դաշտի միավորումը պառակտվի։



- Այս պահին իշխանության մեջ չեղած կուսակցություններից միայն Վահան Բաբայանի նորաստեղծ կուսակցությունն է, որ իրեն հռչակել է իշխանամետ եւ գործող իշխանությանը սատարող կուսակցություն։ Մյուս կուսակցությունների մեջ, որոնք գոնե ֆորմալ առումով ընդդիմադիր են համարվում, կա՞ն այնպիսիք, որոնք ձեզ համար ընկալվում են որպես իշխանամետ, որոնց հետ չէիք ցանկանա համագործակցել։



- Ուրեմն Հայաստանի Հանրապետության ընտրողն ու ազգաբնակչությունն անգիր գիտեն բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում դա գիտենք ե՛ւ Դուք, եւ՛ մենք։ Չհամագործակցելու ամբիցիա մենք չունենք լոկ նրա համար, որ էս մեկն ինձ դուր է գալիս, կամ էս մեկն իմ դուրը չի գալիս։ Քաղաքականության մեջ էդպիսի կատեգորիա չկա։ Վաղը, մյուս օրը իշխանությունը նույնպես կհայտարարի, թե ով է լինելու Գյումրու իր թեկնածուն, եւ Դուք կտեսնեք, թե ինչքան կուսակցություններ կպաշտպանեն, կողջունեն կամ կմիավորվեն իշխանության թեկնածուին։ Մնացած բոլոր կուսակցությունները, որոնք չեն սատարի կամ չեն միավորվի, մենք նրանց հետ հատուկ էդպիսի ընդգծված ամբիցիա չունենք։ Բայց սա չի նշանակում, թե իմ ասածը դիրքորոշում է։ Մենք նոր ենք ստեղծվել, դեռ ճանապարհ ունենք անցնելու, մի հատ էլ մենք կնայենք, թե մեր ուժերն ինչպիսին են, էս պահի դրությամբ հուսադրող են, որ Գյումրիում «Համախմբում» կուսակցությունը հիմնադրվել է բավականին լուրջ ուժով։



- Գյումրին իր ընդդիմադիր հայացքներով հայտնի քաղաք է, որը միշտ քիչ ձայն է տվել իշխող կուսակցությանը։ Դուք ի՞նչ պատկեր եք ակնկալում եկող խորհրդարանական ընտրություններում։



- Խորհրդարանական ընտրություններին էլ, ՏԻՄ ընտրություններին էլ ես էն կարծիքին եմ, որ Գյումրին ցույց կտա նույն արդյունքն իշխանության մասով։ Այսինքն՝ ես էն կարծիքին եմ, որ Գյումրիում իշխանությունը միանշանակ չի կարող հաղթել։



- Իսկ ձեր կուսակցության վերաբերյա՞լ ինչ կասեք, ի՞նչ արդյունք եք ակնկալում ընտրություններում։



- Ես կարծում եմ, որ «Համախմբում» կուսակցությունը մինչեւ ՏԻՄ ընտրություններ կունենա այլ արդյունք, իսկ ՏԻՄ ընտրություններից հետո, բնականաբար, կմեծանա կուսակցությունը եւ կունենա այլ արդյունք։ Ազգային ժողովի ընտրություններն այլ խնդիր են լուծում, ՏԻՄ ընտրությունները՝ այլ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ