Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ իշխանությունը «Սասնա Ծռերին»

Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ իշխանությունը «Սասնա Ծռերին»

«Գրոհայինների» ճակատագիրը մարդկանց անհանգստացնում է գրոհի մասին առաջին իսկ լուրերը ստանալուն պես։ Ի՞նչ է լինելու ՀԽ անդամների հետ։ Ի՞նչ է նշանակում ապստամբների՝ «դիմադրելու ենք մինչև վերջ»-ը։ Պաշտոնապես հայտնի է, որ նրանց հետ բանակցում են և որ ԱԱԾ քննչական վարչությունն քրեական գործ է հարուցել, սակայն հանցակազմը չի նշվում, հավանաբար, բանակցություններին չվնասելու նպատակով։ Իրավական ինչ երաշխիքներ կարող է իշխանությունը տալ ապստամբներին։ Հարցի շուրջ զրուցեցինք հայտնի փաստաբանների և իրավագետների հետ։



Արտակ Զեյնալյան․ Ընդունվելիք որոշումը պետք է հավանության արժանանա հանրության կողմից․



«Սովորաբար, բանակցություններն իրենց տրամաբանությունն ունեն։ Դրանց ընթացքում օգտագործվում են նաև հնարքներ, որոնց բացահայտումը չի նպաստում բանակցությունների արդյունքներին, ուստի բանակցությունների բուն պրոցեսը գաղտնի պահելը իրավաչափ է», - կարծում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։



- Իրավական ճանապարհ կ՞ա մեղմելու ապստամբներին օրենքով սպառնացող պատիժը։



- Իրավական առումով՝ այո։ Կարող են իրավիճակի փոփոխման հիմքով նրանց քրեական պատասխանատվության չենթարկել։ Քանի որ մարդկային զոհեր կան, ինչ-որ մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Օրինակ, գրոհելու հրաման տվող անձնավորությունը, կամ, ասենք, դիպուկահարը, որը որ վիրավորել է՝ տարբեր բաներ կարող են լինել։ Իհարկե, ընդունվելիք որոշումը պետք է հավանության արժանանա հանրության կողմից։



- Իսկ այս փոուլում հնարավո՞ր է ինչ-որ երաշխիքներ տալ ապստամբներին։



- Բոլոր դեպքերում երաշխիքները իրավական հիմք չեն ունենալու։ Դրանք լինելու են ջենթլմենական պայմանավորվածությամբ, և գիտեք, ջենտլմենական պայմանավորվածությունն ինչպես են պահում։



Հովիկ Արսենյան․ Պատասխանատվություն մեղմելը բացառվում է



«Իշխանությունը ոչինչ չի կարող խոստանալ, բացի մի բանից՝ երաշխավորում ենք ձեր ապրելու իրավունքը», - ասում է փաստաբան Հովիկ Արսենյանը։



- Բերդում ապրելու իրավունքի մասի՞ն է խոսքը։



- Այո, իրավական գնահատականն այնպիսին է, որ այլ երաշխիքներ բացառվում են։



- 2004 թվականի ապրիլի 12-ին էլ կային ապստամբներ, անկարգությունների մասնակիցներ, բռնված, և բոլորին բաց թողեցին։



- Նա ուրիշ էր։ Այն ժամանակ ինձ էլ բաց թողեցին։ Համեմատություն չի կարող լինել։ Այստեղ զոհ կա։ Ամբողջ ցավն այն է, որ նայում են մեդալի մի կողմը միայն։ Նախկին ԱԺՄ-ականները, Արշակ Սադոյանը հիմա ոգևորվել են՝ ահաբեկչություն, պետության դեմ են գնում։ Ի՞նչ է, էն ժամանակ պետություն չէ՞ր։ Հարգելի պետություն, դուք նայեք հանցագործության շարժառիէները, ծնող պայմաններն ու պատճառները որո՞նք են։ Սա հղի է զանգվածային անկարգություններով, անկայունությամբ։ Շատերն այնքան ինքնագիտակցություն ունեն, որ վաղվա օրվան չհավատալով, ինչքը վաճառում են ու հեռանում եմ։ Ոմանք էլ ասում են՝ չի կարող այսպես շարունակվել ու գնում են ծայրահեղ քայլերի։ Պայմաններն են դրդում։



- Եթե շարժառիթները նայենք, պատճառները, կամ, թե ինչն է դրդել հանցագործության, ուրեմն, չկա՞ հանցանք։



- Գլոբալ առումով, ես չեմ մեղադրում։ Այսօր արտաքին քաղաքական վիճակը շատ հեղհեղուկ է, անկանխատեսելի, և հիմա էլ ներքին կառավարան մեջ այդպիսի իրավիճակ ստեղծվեց։ Ձեր կարծիքով, հումանիզմից ելնելո՞վ չեն գրոհում տղաների վրա։



- Այնտեղ պատանդներ կան, դրա համար։



- Հետևանքների մասին են մտածում, անկանխատեսելի կլինի հանրության վերաբերմունքը։ Ներքին անվտանգության ռեսուրսը սպառվում է։ Ինչ՞ու հենց առաջին, երկրորդ ժամին գրոհը չեղավ։ Հետևանքների համար են անհանգստացած։



Վահե Գրիգորյան․ «Պետք է արդար դատաքննության երաշխիք տալ»



Ըստ իրավագետ Վահե Գրիգորյանի, նախ պետք է հստակեցվի, թե ապստամբներից որն ինչ մասնակցություն է ունեցել իրադարձություններին՝ զուտ իրավական դիտանկյունից։



«Չեմ ցանկանում այս մասին մեկնաբանություն տալ այս պահին, քանի որ տեղեկատվության պակաս կա, ես չեմ տիրապետում դեպքերի հանգամանքներին։ Բայց ես վստահ եմ, որ եթե առաջարկեն արդար դատաքննության երաշխիքներով դատավարություն եւ քաղբանտարկյալների ազատում, դա ինքնին լինելու է մեծ ձեռքբերում։ Չնայած կասկածում եմ, որ ի վիճակի լինեն ի կատար ածեն այդ խոստումը», - ասաց նա։



Սյուզան Սիմոնյան