Իրավիճակը խիստ մտահոգիչ է

Իրավիճակը խիստ մտահոգիչ է

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց ՊՊԾ գնդի գրավման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առթիվ, ցավակցեց զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: «Հարգելի գործընկերներ, հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել Երևանի Էրեբունի վարչական շրջանում ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի վրա ու վերցրել են պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, զինակից ընկերներին: Այն, ինչ տեղի է ունեցել, անթույլատրելի է ու դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանությունն ամեն ինչ անում է ու անելու է` հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»:



Այսօրվա նիստին Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը այսօր բերել էր մի նախագիծ, որով մի խումբ քաղաքացիներ ազատվում են էլեկտրաէնեգիայի դիմաց կուտակված պարտքերի վճարումից: Որոշումը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր մեկ տարի շարունակ ոչ մի դրամ չեն վճարել հոսանքի դիմաց, նրանք, ովքեր այլ հասցեում են բնակվում կամ այլեւս Հայաստանում չեն:



Վարչապետը հարցրեց՝ ինչպես են քաղաքացիները որոշելու՝ որ դեպքում են ազատվում հոսանքի պարտքերից, իսկ որ դեպքում՝ ոչ: Նա հրահանգեց պարզաբանումներ տալ այդ հարցի շուրջ լրագրողներին:



Ի դեպ, այսօր Կառավարության դիմաց ավանդական ակցիաներ չկային, միայն մի խումբ քաղաքացիներ են հավաքվել, ովքեր պաշտպանում էին հաշմանդամություն ունեցղ օդաչուների իրավունքները: