Տղաների մեծամասնությունը ներսում է, մինչև այս պահը չեն հանձնվել և պայքարը շարունակում են. Ալեք Ենիգոմշյան

Տղաների մեծամասնությունը ներսում է, մինչև այս պահը չեն հանձնվել և պայքարը շարունակում են. Ալեք Ենիգոմշյան

«Տղաների մեծամասնությունը դեռ ներսում է, իրենք իհարկե մինչև այս պահը չեն հանձնվել և իրենք պայքարը շարունակում են, չնայած ներսում կան վիրավորներ, ինչպես բոլորս գիտենք: Իսկ ամեն րոպեական զարգացումներն ինչ կլինեն, իհարկե ցավոք, մեր կապն արդեն քանի օր է չափազանց դժվար է եղել».- նշում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:



Ինչպես տեղեկացրել ենք, պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանը և նրա որդի Արամ Մանուկյանը վիրավորվել և տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայտնի է նաև, որ «Սասնա ծռեր խմբավորման» 2 անդամներ են դուրս հանվել ՊՊԾ գնդից:



Hraparak.am-ի հետ զրույցում Ալեք Ենիգոմշյանն ընդգծեց, որ տղաները չեն հանձնվել, այլ՝ առևանգվել են. «Վերջին 24 ժամվա ընթացքում համարյա թե որևիցե կապ չկա, այդ պատճառով ես դժվարանում եմ ինչ-որ նախատեսումներ անել, բայց այս պահի դրությամբ մենք ունենք ինչ ունենք, այսինքն՝ երկու ծանր վիրավոր, որոնք տարածքից դուրս են գտնվում, ունենք երկու առևանգված տղաներ՝ Գագիկ Եղիազարյան Արամ Հակոբյան, և ներսում մնացած բոլորը, որոնցից մի քանիսը վիրավոր»:



Իսկ տեղեկությունները, թե ներսում գտնվող անձինք ծանր վիրավորումներ են ստացել, իրականությանը համապատասխանո՞ւմ են. «Կան տեղեկություններ, որ ներսում վիրավորների մեջ ծանրեր կան, կան նման տեղեկություններ, բայց չեմ կարող հաստատապես ասել»:



Պարոն Ենիգոմշյան, երեկվանից չեն դադարում խոսակցությունները, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սնունդ հասցրած անձը, հնարավոր է,  ոստիկանության մարդը լինի, կարո՞ղ եք հերքել, կամ հաստատել այդ խոսակցությունները. «Ոչ, ես չեմ կարող նման բան հաստատել»:



Իսկ ծրագրերը մնում են նո՞ւյնը, Խորենացի փողոցում շարունակվելո՞ւ են հավաքները. «Իհարկե, հիմա գիտեք իրավիճակը Խորենացի փողոցում, այնտեղ առաջվանից ավելի շատ ոստիկաններ կան, ոստիկանությունը թույլ չի տալիս, որ մարդիկ հավաքվեն, բայց մեր նախօրոք որդեգրած դիրքորոշումներն ուժի մեջ են, և օրվա ընթացքում բնականաբար իրավիճակին համապատասխան դիրոքորոշումներ և որոշումներ կկայացնենք: Ես խնդրում եմ սպասել մի քանի ժամ և ավելի հստակություն կլինի»: