Արմեն Մարտիրոսյանը այնպես էր թմրել դեղերից, որ հենց դատարանում քնել է

Արմեն Մարտիրոսյանը այնպես էր թմրել դեղերից, որ հենց դատարանում քնել է

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու համար Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացնելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրա փաստաբանը` Գիվի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հետեւողական են լինելու, անցնելու են բոլոր ատյանները եւ հասնելու են Եվրոպական դատարան:



Փաստաբանը տեղեկացրեց, որ գործի հիմքում դրված ոստիկանների ցուցմունքները հակասում են իրար, նաեւ առաջադրված մեղադրանքին: Գիվի Հովհաննիսյանի խոսքով` խախտվել են Արմեն Մարտիրոսյանի իրավունքները դատարանում,  նա չի կարողացել ծանոթանալ ոստիկանների ցուցմունքներին:



Դատարանում խափանման միջոցի միջնորդությունը քննելիս Արմեն Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է, «Շտապօգնություն» են կանչել, նա այնպես էր թմրել դեղերից, որ հենց դատարանում քնել է:



Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարները հանրահավաքից երթով գնում էին Խորենացի փողոց, սակայն անսպասելիորեն Նար-Դոս փողոցում շեղվեցին երթուղուց և շարժվեցին Սարի թաղի ուղղությամբ: Երթի մասնակիցների առաջխաղացումը թույլ չտալու համար ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ, պայթուցիկներ: Բազմաթիվ քաղաքացիներ են տուժել ոստիկանության գործողություններից, բռնության են ենթարկվել նաև լրագրողներ:



Սույն գործով մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, այդ կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանին, Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: