Ինձ համար տարօրինակ են այն կոչերը, թե ոստիկանապետին պետք է հեռացնել. Թամարա Հովհաննիսյան

Ինձ համար տարօրինակ են այն կոչերը, թե ոստիկանապետին պետք է հեռացնել. Թամարա Հովհաննիսյան

Ազատության հրապարակում գտնվող մարդիկ հասկանում են, որ վախճանին մոտ է հայրենիքը, մոտ է հայրենազրկման պահը, անթույլատրության սահմանն էլ է անցած արդեն, այնտեղ մարդիկ գաղափարի մարդիկ են, անձամբ ես էլ այդ դրդմամբ էի այնտեղ գտնվում, ես քաղաքացի եմ, պետք է օգտվեմ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից. պետք է ունենամ ազատ խոսք, պետք է ունենամ բողոքս արտահայտելու իրավունք, պետք է ունենամ կյանքի ամենապարզ՝ ապրելու իրավունքս, և պետք է խոսեմ, եթե առիթը տալիս են խոսելու, ես դրա համար էի այնտեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Սասնա Ծռեր»-ից կան մարդիկ, որոնց հետ անձնապես ծանոթ է, մասնավորապես Պավլիկ Մանուկյանին է ճանաչում, Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, նրանք կերտել են իրենց կերպարը՝ որպես առաքինի և հայրենասեր մարդու:



«Ժողովրդավար երկրները լիդերների երկրներ չեն, լիդեր ասվածը իր դարը ապրած մի հասկացողություն է, լիդեր եղել են Հիտլերը, Ստալինը և ալք: Իմ ասածը չի նշանակում անկազմակերպ ամբոխավարություն, անպայման պետք է լինի կազմակերպվածություն: Լիդեր ասվածը շատ շուտ դառնում է այն փոքրիկ թիմը, որոնք սկսում են կողոպտել: Լիդերներին պետք է ընտրի ժողովուրդը և նրանք պետք է ծառայեն ժողովրդին և ենթակա լինեն այն օրենքին, որին ենթակա է ամբողջ ժողովուրդը, առաջին հերթին՝ իրենք պետք է ենթակա լինեն: Հիմա եթե մենք չենք կարողանում ազատվել այն կախարդական բուրգից, որի գլխին Բրեժնևն է նստած, նախկինում Ստալինն էր նստած, կամ «անկախանալուց» հետո մեր երեք տխրահռչակ նախագահներն են նստած, մենք պետք է ազատվենք այդ բուրգից և հետևելով գործող դեֆակտո նախագահի խորհրդից՝ գլխից պետք է բռնել, այնտեղ շատ հեշտ տեղադրել են իր գլուխը: Մենք հենց այդ գլխից պետք է բռնենք, չի կարելի մի մարդու հետևից գնալ: Այս երկրում չի գործում ոչ մի պետական օղակ, այս երկրում գործում է մի մարդու կամք, նույնիսկ քմահաճույք, պետության բոլոր թելերը գտնվում են իր ձեռքում և նա խամաճիկների պես խաղացնում է ոստիկանությանը, բանակը, ինձ համար տարօրինակ են այն կոչերը, թե ոստիկանապետին պետք է հեռացնել, ոստիկանապետն էլ ինքը, արդարադատության ամբողջ սիստեմն էլ է ինքը, բանակն էլ է ինքը: Այնպես, ինչպես ինքը անհոգ կարող է հայտարարել, թե անպետք հողեր էին, ես չեմ կարող դա կուլ տալ հեշտությամբ, նախ հայրենի հողեր էին և հետո անպետք հողերի համար 100-ից ավելի զինվորներ զոհվեցին, ես դա չեմ կարող կուլ տալ»:



Թամարա Հովհաննիսյանի կարծիքով՝ «Սասնա Ծռեր»-ի մարդիկ դիմեցին ծայրահեղ քայլի, որովհետև այնպես են ամորձատել ժողովրդին, որ անկարելի էր ուրիշ որևէ կերպ արթնացնել, գիտակցության բերել այդ ժողովրդին: «Նրանց արարքը՝ շատ դրական փոփոխություն բերեց: Եթե մեր աղջիկները ունեին իդեալ հայ տղամարդու՝ «Մերսեդես» քշող, լաքած տղաներին էին, հիմա դարձավ մեր Արամը, բոլոր այդ աղջիկները սիրահարված են Արամին, նրա դեմքին, հայացքին, հայրենապաշտությանը, հայրապաշտությանը»,-ասաց Թամարա Հովհաննիսյանը: