Վերաքննիչի բակն այսօր մարդաշատ էր. ֆոտոշարք

Վերաքննիչի բակն այսօր մարդաշատ էր. ֆոտոշարք

Վերաքննիչ քրեական դատարանի բակն այսօր մարդաշատ էր. Միայնակ Գայլի եղբոր՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ կալանքի որոշման բողոքի քննության դատական նիստը պետք է տեղի ունենար: Բակում մոտ 50-60 մարդ էին հավաքվել՝ սատարելու Խանդոյան եղբայրներին: Նրանք եկել էին «Կեցցեն Սասնա Ծռերը», «Ազատություն քաղբանտարկյալ Արարատ Խանդոյանին», «Կորչի հակահայ ռեժիմը» մակագրությամբ պաստառներով: Այնտեղ էր նաև Խանդոյանների մայրը՝ Ռիմա մայրիկը: Նրան մոտենում, համբուրում ու շնորհակալություն էին հայտնում այդպիսի տղաներ ունենալու և դաստիարակելու համար:  Հավաքվածներին շրջապատել էին մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, թեև որևէ լուրջ բախում տեղի չունեցավ:



Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Արարատ Խանդոյանին կալանավորելու մասին: Այսօր կալանքի որոշման վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ  Արարատ Խանդոյանին քրեակատարողական հիմնարկից դատարան չէին բերել տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ,: Դատական նիստը կկայանա օգոստոսի 12-ին: