Հայրերի փոխարեն` հիմա էլ որդիները

Հայրերի փոխարեն` հիմա էլ որդիները

Մի արատավոր երեւույթ է նկատվում պետական համակարգում՝ սերնդափոխություն, որտեղ գլխավոր չափանիշը ոչ թե մարդու կրթությունն ու պրոֆեսիոնալիզմն են, այլ այն, թե ում ժառանգն է թեկնածուն։ Պետական ապարատում աշխատող մեր զրուցակիցը նշում է, որ այս երեւույթն արդեն անհանգստացնող չափերի է հասել. «Եթե մինչ օրս նրանց հայրերի ձեռքի տակ էինք աշխատում, հիմա որդիների ժամանակն է եկել։ Բայց եթե հայրերը հիմնականում հասարակ ընտանիքներից դուրս եկած, ժամանակին չինովնիկական բոլոր աստիճաններն անցած, մութ ու ցուրտ, հազար դժվարություն տեսած եւ որոշակի ճարպկություն, հմտություններ ունեցողներ էին, ապա սրանց որդիները, փեսաները պալատներում փափուկ ապրած, ըստ պահանջի վայելած ոսկի երիտասարդությունն են, որը ոչ նորմալ կրթություն է ստացել, ոչ կյանքի դժվարություններն է իր մաշկի վրա զգացել, ոչ էլ փողոցում է կռվել-կոփվել։ Սրանց չինովնիկությունից երկիրն ավելի աղետալի վիճակի մեջ է հայտնվելու»։ Նրանց մի մասն սկզբում ինչ-որ միջանկյալ պաշտոնի է նշանակվում։ Ասենք՝ որեւէ կառույցի փոխտնօրեն, վարչության պետ, ապա տեղափոխվում է ավելի բարձր պաշտոնի։ Մեկ օրինակ միայն բերենք. Հայաստանի թիվ մեկ «կեղծողի»՝ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի որդուն նախ տարան Ղարաբաղ՝ 2012-ին նշանակեցին արտադրական ենթակառուցվածքների նախարար, ապա՝ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ, իսկ 2016-ի մարտին բերեցին Հայաստան՝ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի տնօրեն։ Կենտրոնը թեեւ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում է, սակայն, մեր տեղեկություններով, ուղիղ աշխատում է վարչապետի հետ՝ շրջանցելով նախարարին։