Ինչպե՞ս կընդունեն ՀՀԿ-ում «քաղաքական չարիքի» վերադարձը

Ինչպե՞ս կընդունեն ՀՀԿ-ում «քաղաքական չարիքի» վերադարձը

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից։ Այսինքն՝ չի բացառվում, որ մի օր որոշի ու նորից վերադառնա։



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս թեմայով ասաց, որ ինքը չի կարծում, թե Ծառուկյանի մոտ ինչ-որ բան է փոխվել։ «Ես չեմ նկատում, թե ինչ-որ բան է փոխվել, նա խոսքի մարդ է, ես հավատում եմ իր խոսքին, մնացածը թողնենք ապագային»,-ասաց նա։



Hraparak.am-ը հարցրեց Բաղդասարյանին՝ եթե Ծառուկյանը վերադառնա, թույլ կտա՞ն, և նա պետք է թույլտվությու՞ն վերցնի ՀՀԿ-ից իր վերադարձի համար։



«Ես խնդրում եմ նման պրովոկացիոն հարցեր մի տվեք, Գագիկ Ծառուկյանն այն կայացած և ինքնուրույն անձնավորությունն է, որ չեմ կարծում, թե քաղաքական դաշտում պետք է թույլտվություն վերցնի։ Եթե պետք է թույլտվությամբ ինչ-որ մեկը գա քաղաքականություն, ավելի լավ է՝ չգա»,- ի պատասխան ասաց պարոն Բաղդասարյանը։



Մեր դիտարկմանը, թե իրենք (ՀՀԿ-ն) հեռացրեցին Ծառուկյանին քաղաքականությունից, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց․ «Եթե Դուք այդպես եք գնահատում, ես հորդորում եմ մեր բոլոր քաղաքական ուժերին, որ չհեռանան»։



Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները 2015-ի փետրվարի 12-ի հայտնի նիստում Գագիկ Ծառուկյանին քաղաքական չարիք էին անվանել։ Ուստի մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս կընդունեն, եթե ՀՀԿ-ի մատնանշած այդ «քաղաքական չարիքը» մի օր նորից վերադառնա քաղաքականություն, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Դուք խոսում եք մի բանի մասին, որը ես գրեթե անհնար եմ համարում։ Եթե մի բան իրականության մեջ չկա, ինչի՞ դրա վրա ժամանակ կորցնենք։ Երբ որ դա կլինի իրականություն, նոր դրան կանդրադառնանք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ