Շիրակի թեմը կասկածի տա՞կ է դնում Արշակ Գրիգորյանի ինքնասպանության վարկածը

Շիրակի թեմը կասկածի տա՞կ է դնում Արշակ Գրիգորյանի ինքնասպանության վարկածը

Քիչ առաջ Գյումրիում սկսվեց ավագանու ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը։ Արշակի մարմինը եկեղեցի չեն տարել, սակայն արարողությանը ներկա է եղել քահանա Տեր- Փավստոսը։ Հիշեցնենք, որ Արշակ Գրիգորյանը, ում օրեր առաջ գտան հոգեվարքի մեջ իրենց տան նկուղում, երեկ կդառնար քսանվեց տարեկան։ Ըստ դատախազության վարկածի, որին գյումրեցիները շատ չեն հավատում, Արշակը սեպտեմբերի 20-ին ինքնասպան է եղել իր տան նկուղում։ Մեր աղբյուրները պնդում են, որ հուղարկավորությունը մեկնարկել է աղոթքով, եկեղեցական արարողությամբ: Հայ Առաքելական եկեղեցու կանոնների համաձայն ինքնասպանի վրա արգելվում է եկեղեցական հուղարկավորության որեւէ ծիսակատարություն կատարելը: Կարելի է հասկանալ, որ Աստված Ինքն է ցույց տալիս այս արարողությամբ, որ տվյալ դեպքը այնքան էլ ինքնասպանություն չէ, կամ էլ Արշակ Գրիգորյանի համար բացառություն է արվել։



Ամեն դեպքում, կամ եկեղեցին եկեղեցի չէ, կամ պետությունը՝ պետություն։ Շիրակի թեմի առաջնորդարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ եկեղեցական արարողություն, որևէ ծես Արշակի հուղարկավորության ժամանակ չի եղել․ «Քահանան գնացել է մխիթարելու հարազատներին և «Հայր մեր» են ասել, քրիստոնյա ենք, դ՞ա էլ չանենք։ Ինքնասպանի վրա հոգեհանգստի կամ հուղարկավորության ծիսակատարություն չի արվում»։ Բայց նա ինքնասպան չի, դեռ քննություն է գնում, ի՞նչ իրավունքով եք ասում ինքնասպան: Մեր այս հարցը կարճ կապեցին․ «Մանրամասներ չգիտեմ»։



Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ Արշակի ինքնասպանությունն այնքան էլ ինքնասպանություն չէ, եւ այն կապ ունի ավելի վաղ Գյումրիում «Գյումրեցու ոգի» կուսակցության կողմից, այսպես կոչված, «Զառերով պաստառի» հայտնվելու հետ, որը ինչ- որ ակնարկ էր պարունակում Վարդեւան Գրիգորյանի երիտասարդ տարիների նախասիրության հետ։ Բավական դրական բնութագրվող գյումրեցի երիտասարդը զբաղվում էր հոր քաղաքական «փի առ»-ով եւ բավական ակտիվ էր ԲՀԿ տեղական կառույցում: Փաստորեն, ինքնասպանության առևրևույթ պատճառներ չկան, հայտնի չէ, թե ինչը կարող էր ստիպել 27-ամյա հաջողակ երիտասարդին վերջ տալ կյանքին։



Գյումրիում ոմանք պնդում են, որ երիտասարդը ոչ թե ինքնասպան է եղել, այլ անզգույշ է վարվել զենքի հետ, որի արդյունքում ատրճանակը կրակել է։ Այն առգրավել էին դեպքի վայրից։



Սյուզան Սիմոնյան
Տիգրան Վահանե