Օրենքի մեջ կազուս է առաջացել․ ո՞վ կդառնա Գյումրու քաղաքապետ

Օրենքի մեջ կազուս է առաջացել․ ո՞վ կդառնա Գյումրու քաղաքապետ

Գյումրու ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով «Բալասանյան դաշինքը» ստացել է 15 մանդատ, 9 մանդատ բաժին է հասել ԲՀԿ-ին, 5 մանդատ՝ ՀՎԿ-ին, 4 մանդատ՝ ԳԱԼԱ-ին։ Արդյունքում՝ ընդդիմությունը, երեք ուժերով միասին վերցրած, ստացել է 18 մանդատ, իսկ «Բալասանյան դաշինքը»՝ 15 մանդատ։ 



Քիչ առաջ Գյումրու «Ասպարեզ» ակումբում, ԳԱԼԱ կուսակցության հրավիրած ասուլիսում կուսակցության ցուցակի երկրորդ համարի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանն ասաց, որ երեկվանից արդեն որոշ ՀՀԿ-ականներ, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանն ու Սամվել Ֆարմանյանը շտապեցին իրենց ֆեյսբուքյան էջերում բացատրել, որ ընդդիմությունը սխալ է հաշվել, և քաղաքապետ է  դառնալու Բալասանյանը։



Նշենք, որ նրանք, հղում անելով 141 հոդվածի 5-րդ մասին, փորձում էին բացատրել, որ իշխանությունը հաղթել է, քանզի ըստ օրենքի՝ «եթե մանդատների բաշխման արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը»։ Այս դեպքում Բալասանյանն ստանում է մանդատների մոտ 45 տոկոսը։



«Բայց նրանք պետք է հիմնվեն 141 հոդվածի 3, 4, 5-րդ մասերի վրա։ Խնդրեմ, հաշվարկը դրված է ձեր առջև։ Այստեղ կազուս է առաջացել, քանզի օրենքը հստակ սահմանում է, որ Գյումրու ավագանին պետք է բաղկացած լինի ուղիղ 33 անդամից՝ ոչ ավել, ոչ պակաս։ Հիմա հարց է առաջանում՝ իրենք ումի՞ց պետք է մանդատ վերցնեն, որ տան «Բալասանյան դաշինքին», որ այն ունենա մանդատների մեծամասնություն»,-ասաց Բարսեղյանը։



Նրա խոսքով՝ եթե որևէ «գեղանկարչական կամ քանդակագործական հրաշքով» այս տասնհինգ մանդատը չդառնա տասնութ, ապա մարդիկ կսկսեն իրար հետ բանակցել․ «Եթե իշխանությունը փորձի գեղակարիչների ներգրավել այս գործի մեջ և նենգափոխի արդյունքները, ապա մեզ մնում է դատական ճանապարհով վիճարկել ԿԸՀ որոշումը անգամ այն դեպքում, եթե մեր թիմի մանդատների թվին չկպնեն»։



Նա նաև ասաց, որ եթե նոր ընտրություններ չլինեն և ամեն ինչ պահպանվի այսպես՝ 18 մանդատ՝ ընդդիմադիր երեք ուժերին, 15 մանդատ՝ իշխանությանը, ապա տեղի կունենա փակ գաղտնի քվեարկություն այդ 33 անդամների մասնակցությամբ։ Արդյունքում նրանք պետք է իրենց միջից ընտրեն քաղաքապետի։ Այսինքն՝ այս իրավիճակում կա քաղաքապետի չորս պոտենցիալ թեկնածու։



Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ելք է սպասվոմ այս դեպքում, հնարավո՞ր է՝ քաղաքական ամբցիաները նորից խանգարեն, ընդդիմադիր երեք ուժերն էլ ցանկանան հենց իրենց թեկնածուն դառնա քաղաքապետ։ Այս պարագայում ԳԱԼԱ-ն պատրա՞ստ է հրաժարվել իր թեկնածությունից և սատարել ԲՀԿ-ի կամ «Հայկական վերածնունդի» թեկնածուին, եթե նման առաջարկ կամ որոշում լինի։



Բարսեղյանն ասաց, որ ԳԱԼԱ-ն քաղաքապետի հավակնություն չունի, և դա բարի կամքի ժեստ չէ։ Նա նաև նշեց, որ ամենայն հավանականությամբ իրենց թեկնածուն չի առաջադրվի փակ-գաղտնի քվեարկության ժամանակ։ «Առաջին հայացքից հավակնություն պիտի ունենա առավել մանդատ ունեցող ֆրակցիաների առաջին համարները։ Հիշենք նաև, որ ԲՀԿ-ի առաջին համարը հայտարարել է, որ եթե ինքը քաղաքապետ է դառնում, գնում է քաղաքապետարան, եթե չէ՝ ինքը դուրս է գալիս։ Այսինքն՝ ենթադրվում է այս դասավորության դեպքում, որ պիտի սկսի բանակցել՝ ունենալու համար պատշաճ քաղաքական աջակցություն»։



Լևոն Բարսեղյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե Սամվել Բալասանյանը առաջադրված չլիներ «Հայաստանը խոշտանգած, հարստահարած» կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ, նրա հանդեպ վերաբերմունքը գյումրեցիների կողմից շատ ավելի այլ կլիներ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ