«Շարմազանովը պետք է հայցի ինձանից ներողություն»․ Ուրիխանյանը՝ Շարմազանովի հետ առանձնազրույցից հետո

«Շարմազանովը պետք է հայցի ինձանից ներողություն»․ Ուրիխանյանը՝ Շարմազանովի հետ առանձնազրույցից հետո

ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Շարմազանովի սենյակում զրույց ունեցան։ Ուրիխանյանը Շարմազանովի աշխատասենյակ էր հյուրընկալվել՝ ըստ էության պարզելու իրենց միջև երեկվանից առաջացած կոնֆլիկտը։ Նշենք, որ նրանց միջև «փոխհրաձգություն» առաջացավ այն բանից հետո, երբ Ուրիխանյանի՝ Ստյոպա Սաֆարյանին «նվիրված» վիրավորական արտահայտություներով երեկվա ելույթից հետո Շարմազանովն ասաց, թե Ուրիխանյանը ճիշտ է արել, որ հրաժարական է տվել, քանի որ նրա նմանների տեղը ախոռն է: Այսօր էլ, ի պատասխան Շարմազանովի այս գնահատականի, Ուրիխանյանը խոստացել էր դժոխքի վերածել Շարմազանովի կյանքը։



Հանդիպումից հետո երկու պատգամավորներն էլ խոսեցին հանդիպման արդյունքի մասին։ Շարմազանովն ասաց, որ ինքը որևէ պատգամավորի, այդ թվում՝ Ուրիխանյանի հետ որևէ խնդիր չունի․ «Իմ երեկվա ձևակերպումները եղել են բացառապես երևույթի վերաբերյալ։ Եթե ինքը վիրավորվել է, խորապես ափսոսում եմ, ես նպատակ չեմ ունեցել վիրավորելու»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն այս խորհրդարանում խաղաղության աղավնու դերում է։



Տիգրան Ուրիխանյանն էլ իր խոսքում նախ նկատեց, որ Շարմազանովն իրեն չէր կանչել։ Նկատենք, որ Շարմազանովն էլ իր հերթին ասաց, որ ինքը գործընկերներին հրավիրում է, չի կանչում իր մոտ։



«Ինձ չեն կարող կանչել որեւէ տեղ, որտեղ ես ինքս չեմ գնա: Պարոն Շարմազանովը պետք է հայցի ինձանից ներողություն։ Այսքանը»,-ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ մնացած բոլոր խոսակցություններն այլ հարթության մեջ են։



Ուրիխանյանի խոսքով՝ անձնական վիրավորանքը պետք է պախարակվի և դատապարտվի: «Եթե այդ վիրավորանքները ուղղորդվում են իշխանական որոշ շրջանակներից, ապա նրանք դրա համար պետք է կրեն պատասխանատվություն: Ես ուրախ եմ, որ նրանք նյարդայնացած են՝ ստանալով համարժեք պատասխան»,- ասաց նա:



Երկու պատգամավորների խոսքից, սակայն, պարզ չդարձավ, թե նրանք ինչ եզրակացության են եկել և արդյոք հաշտվե՞լ են, թե՞ ոչ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ