Կմասնակցի եւ ներկայիս, եւ նախկին նախագահը

Կմասնակցի եւ ներկայիս, եւ նախկին նախագահը

Առաջիկա օրերին նախատեսվում է միանգամից երկու սահմանային անցակետի բացում հայ-վրացական սահմանին։ Մեկը Տավուշի մարզից Վրաստան մուտք գործող Բագրատաշենի նորակառույց անցակետի բացումն է՝ իր ողջ ենթակառուցվածքներով, մյուսը Գոգավանի անցակետն է, որն արդեն Լոռու մարզից է թույլ տալիս մուտք գործել Վրաստան։ Նշենք, որ Շիրակի մարզից Վրաստան մտնող Բավրայի անցակետը եւս վերակառուցվում է։ Այստեղ, սակայն, կառուցվում է հայ-վրացական միասնական անցակետ։ Սրա շինարարությունը քանի տարի է՝ ձգձգվում է։ Հիմնականում պատճառաբանում են եղանակային պայմաններով, թեպետ այլ խնդիրներ եւս կան։ Իսկ վերոնշյալ երկու անցակետերը միայն Հայաստանինն են։ Բագրատաշենում կառուցվել է նոր՝ ավելի ընդարձակ ու հարմարավետ անցակետ։ Նշենք, որ այս անցակետով են հիմնականում անցնում բեռնափոխադրող մեքենաները, եւ նոր անցակետի նպատակն է արագացնել ու հարմարավետ դարձնել ելումուտը երկիր։



Ակնկալվում է, որ անցակետերի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ին։ Հնարավոր է՝ երկուսը մեկ օրում, հնարավոր է՝ տարբեր օրեր։ Բացմանը ներկա կգտնվեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ ամենաբարձր մակարդակով՝ ընդհուպ վարչապետ եւ նախագահ։ Մեր տեղեկություններով՝ օրերս պաշտոնից ազատված ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանին հորդորել են չբացակայել երկրից, որպեսզի մասնակցի հանդիսավոր արարողությանը՝ որպես մաքսակետի կառուցման հարցում ներդրում ունեցած անձ։ Ու թեեւ նա որոշել էր արտերկիր մեկնել՝ հանգստանալու, սակայն հետաձգել է մեկնումը՝ այդ օրը ներկա գտնվելու համար։ Ի դեպ, նա մերձավորների շրջանում ասել է, որ բոլորովին նեղված չէ պաշտոնաթողության առումով. «Ոնց կասի, որտեղ կասի նախագահը, այնտեղ էլ կաշխատեմ»։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որոշ ժամանակ անց կրկին պաշտոն կստանա, քանի որ Սերժ Սարգսյանը գոհ է նրա գործունեությունից եւ հատկապես նվիրվածությունից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ